6 ապրիլ, 2017 09:24

Հայաստանի երրորդ դիկտատուրան 100 տարվա ընթացքում

Հայաստանի երրորդ դիկտատուրան 100 տարվա ընթացքում

 

Հարյուր տարվա ընթացքում Հայաստանում եղել է երեք դիկտատուրա, որոնք, անկասկած, ձևով ու բնույթով, կազմվածքով ու գոյության ժամանակահատվածով խիստ տարբեր են եղել:

Առաջին անգամ դիկտատուրա հաստատվել է 1920 թվականի մայիսին, երբ, որպես պատասխան բոլշևիկյան ապստամբությունների Ալեքսանդրապոլում, Կարսում, Նոր Բայազետում, Հայաստանի Առաջին Հանրապետությունում և այդ օրերին հայ քաղաքական կյանքում հիմնական դերակատարող ուժը՝ Դաշնակցությունը, ձևավորեց Բյուրո-կառավարություն:

Ի՞նչ է նշանակում Բյուրո-կառավարություն: Դա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը կազմվեց ՀՅԴ Բյուրոյի անդամներով՝ վարչապետ Համո Օհանջանյանի գլխավորությամբ:

Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության 1000 օրերի ընթացքում , նույնիսկ այն կարճ ժամանակահատվածում, երբ ՀՅԴ-ն կոալիցիոն կառավարություն կազմեց Հայ ժողովրդական կուսակցության հետ՝ նրա հետ կիսելով հավասար չափով նախարարարական պորտֆելներ, իշխող և ժողովրդայնություն վայելող հիմնական ուժը Դաշնակցությունն էր:

Ճիշտ է նաև, որ 1918 թվականի մայիսին հիմնադրումից մինչև 1920-ի մայիս, ՀՅԴ-ն ամեն ինչ անում էր, որպեսզի կառավարությունը լինի կոալիցիոն: Սկզբանական շրջանում Հայ ժողովրդական կուսակցությունը չցանկացավ մաս կազմել, բայց մի քանի ամիս անց իր նախարարներին նշանակեց: Ճիշտ է նաև, որ ՀՅԴ-ն միայնակ կարող էր կազմել կառավարություն , ինչպես այսօր իշխող ՀՀԿ-ն կարող է կազմել կառավարություն, բայց նախընտրում է ձևական կոալիցիա կազմել ՀՅԴ-ի հետ:

Հետագայում նշանավոր դաշնակցականների միջև՝ Հովհաննես Քաջազնունի, Սիմոն Վրացյան, Արշակ Ջամալյան, Վահան Նավասարդյան, Ռուբեն Դարբինյան, լուրջ, խորքային և հրապարակային բանավեճ եղավ այն հարցի շուրջ, թե արդյոք արդարացված է՞ր 1920 թվականի մայիսին Բյուրո-կառավարության հաստատումը:

1920 թվականի աշնանը թուրքերից կրած պարտությունից հետո, երբ Կարաբեքիր փաշան գրավեց Կարսն ու Սուրմալուն, ապա՝ Ալեքսանդրապոլը, Բյուրո-կառավարությունը նոյեմբերի 23-ին հրաժարական տվեց: Նոր վարչապետ Սիմոն Վրացյանը և ՀՅԴ վերնախավը առանց լուրջ դիմադրության իշխանությունը փոխանցեցին Բաքվում ձևավորված և 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ Հայաստանը զավթած Հայհեղկոմին:

Այսպես, Հայաստանում սկիզբը դրվեց նոր, բայց իրական ու արյունոտ դիկտատուրայի, որի առաջին զոհերը, ցավալիորեն, պիտի դառնային դաշնակցականները: 

Բոլշևիկյան դիկտատուրան ձգվեց 70 տարի՝ Խորհրդային Հայաստանի գոյության ողջ ժամանակահատվածում: Անկասկած, արյունարբու Սարգիս Կասյանի ու Ավիս Նուրիջանյանի դիկատատուրան որևէ կերպ չի կարելի համեմատել Ալեքսանդր Մյասնիկյանի դիկատատուրայի հետ: Կամ՝ Գրիգոր Հարությունյանի մարդակեր դիկտատուրան որևէ կերպ չի կարելի համեմատել Յակով Զարոբյանի կամ Անտոն Քոչինյանի դիկտատուրայի հետ:

70-ամյա ամբողջատիրության ընթացքում անց էին կացվում ընտրություններ, բայց դրան մասնակցում էր միայն մեկ՝ Կոմունիստական կուսակցությունը, իսկ հանրապետության իրական աջանորդը ոչ թե վարչապետն էր՝ Նախարարաների խորհրդի նախագահը կամ խորհրդարանի՝ Գերագույն Սովետի նախագահության նախագահը, այլ Կոմկուսի կեմտկոմի առաջին քարտուղարը, որին նշանակում էր Կրեմլը:   

1990-ի մայիսից օգոստոս ժամանակահատվածում Հայկոմկուսը պարտվեց, և իշխանությունը անցավ Հայոց համազգային շարժմանը: Ընդ որում, այդ պարտությունը և խաղաղ իշխանափոխությունը տեղի ունեցավ խորհրդարանական ընտրությունների ճանապարհով:

1998-ին Հայաստանում տեղի ունեցավ պալատական հեղաշրջում: Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանին, ով 1996-ին նախագահի աթոռին մնացել էր կեղծված ընտրությունների արդյունքում՝ նույն Վազգեն Սարգսյանի օգնությամբ, առաջին նախագահին ստիպեցին հրաժարական տալ:

1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո, երբ սպանվեցին Հայաստանի այդ օրվա ամենաազդեցիկ և խարիզմատիկ երկու առաջնորդները՝ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, հնարավորություն ստեղծվեց, որ նախ Քոչարյանը, ապա Սերժ Սարգսյանը, աղմկահարույց ընտրական կեղծարարություններով, ամրապնդեն իրենց իշխանությունը:

Դիկտատուրա է՞ր արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի իշխանության ժամանակահատվածը: Դժվար է միանշանակ գնահատական տալ: Փաստ է, որ նա 1991-ին նախագահ է ընտրվել ժողովրդի քվեով: Բայց փաստ է նաև, որ նա 1994-ի դեկտեմբերին փակել է կուսակցություն՝ ՀՅԴ-ն, և մի շարք թերթեր, բանտարկել դաշնակցական գործիչների: Փաստ է նաև, որ 1995-ի խորհրդարանական և 1996-ի նախագահական ընտրությունները կեղծվել են: Եթե անգամ Տեր-Պետրոսյանը դիկտատոր էր, ապա այդ դիկտատորը հրաժարական է տվել իր մի քանի թիմակիցների ճնշման տակ:

Փաստացի, 2000 թվականից Հայաստանում հաստատվել է նոր դիկտատուրա: Այսօր այն իրավունք ունի կրելու ՀՀԿ-ական դիկտատուրա անունը: Այն առավել ամրապնդվեց 2017-ի ապրիլի 2-ին կայացած քվեարկությամբ:  

Սերժ Սարգսյանը վարչապետի կամ այլ պաշտոնում, անգամ դա կարող է լինել ՀՀԿ-ի առաջնորդի դիրքը, 9-ամյա ձախորդ ղեկավարումից հետո (350 հազար արտագաղթ, արտաքին պարտքի քառապատկում՝ 6 մլրդ դոլար, աղքատության աճ 10 տոկոսով, Ապրիլյան պատերազմում տարածքային, դիրքային և մարդկային կորուստներ) չի պատրաստվում հեռանալ իշխանությունից: 

Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դիկտատուրան շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում և տարածաշրջանում տեղի չունենան խորքային, շրջադարձային փոփոխություններ:

Ընտրությունների ճանապարհով Սարգսյանին և ՀՀԿ-ին իշխանությանից հեռացնելը գրեթե բացառվում է: Գրեթե բացառվում է նաև ապստամբության ճանապարհով, քանի որ զենքն ու զինամթերքը նույնպես նրանց տնօրինության տակ է:

 

Թաթուլ Հակոբյան

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: