14 ապրիլ, 2017 07:28

ՍԱՍ-ի աղմուկը կամ գառների լռությունը

 ՍԱՍ սուպերմարկետի աշխատողների նախընտրական ժողովը Դանիել Իոաննիսյանի ձայնագրության շարունակությունն է։ Մոտ 200 հոգի սուսուփուս լսում է, թե ինչպես են իրեն հրահանգում ձայն բերել։

200 հոգի ՍԱՍ-ում, 141 տնօրեն Իոաննիսյանի ձայնագրությունում։ Բոլոր սուպերմարկետների աշխատողներին գումարեք։ Հանրապետական բոլոր գործարարների աշխատողներին գումարեք՝ գինու, ասֆալտի, եւ այլ գործարանների։ Բոլորում այսպիսի ժողովներ եղել են։ Արարատի մարզի մի բնակիչ հենց տեսախցիկի առաջ ընտրություններից անմիջապես հետո ասում էր՝ մենք պետական աշխատող ենք, պարտավոր էինք մեր ձայնը տալ Հանրապետականին։ Ուրեմն, գումարեք նաեւ պետական աշխատողներին։ «Շնորհակալության» զգացումն է բոլորին կապում Հանրապետականի հետ։ Իսկ թե ինչ «շնորհակալության» մասին է խոսքը, հրաշալի բեմականացված է ՍԱՍ-ի սեփականատեր Արտակ Սարգսյանի քվեների ժողովում։

Սպանում է այն միտքը, որ ոչ ոք տեղի ունեցածի անհեթեթության զգացումը չունի, ոչ մեկի ծիծաղը չի գալիս։ Ագրեսիայի կարիք չկա, ասենք, պետք չէ ձեռքիդ հեռախոսը շպրտել ամենակենտրոնում նստած այն մարդու ուղղությամբ, որը ձայնի երաշխիք չներկայացրած աղջկան ասում է. «Եթե դու էդ ձեւի ես վերաբերվում մեզ, ուրեմն մենք էլ քեզ հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք»։ Սա ինձ չի զայրացնում։ Եթե ես այնտեղ լինեի, հավատացնում եմ, ծիծաղից կմեռնեի։ Որովհետեւ դա բնական չէ։ Այն, ինչ դուք լսում եք այդ ձայնագրությունում, բնական չէ, այսինքն, նման բան կարող է միայն բանտում կամ պատանդ վերցվածների հետ տեղի ունենալ։ Կամ Հյուսիսային Կորեայում ու Թուրքմենիսանում, որոնք բանտային երկրներ են։ Այսինքն, էդ մարդիկ, էդ 200 հոգին բանտում են կամ պատանդ են, որովհետեւ ոչ մեկի ծիծաղը չի գալիս։

Այսինքն, ո՞նց։ Անկախությունից 26 տարի է անցել ու մեր մեջ նույն ստրուկն է, որի վրա հենվում էր Խորհրդային Միությու՞նը։ ՍԱՍ-ի Արտակին դեռ կանդրադառնանք։ Ինչու՞ սա հնարավոր եղավ։ Որովհետեւ մենք մեզ սովորեցրինք վճարովի հնազանդությանը։ Մեզ ասեցին, որ արժանապատվությունը չի վճարվում, ով էլ որ դու լինես։ Վճարվում է հնազանդությունը։ Վճարվում է, որովհետեւ մեզ դու պետք չես, մեզ պետք է քո հնազանդությունը, որով դու ոչ թե ՍԱՍ-ի սուպերմարկետներից մեկի մսի վաճառողն ես, այլ մեր անպատժելիության հենարանը։ Մեզանով են կառուցել իրենց անպատժելիության ամրոցները, 200 հոգի հավաքել են մի տեղ, չեն էլ ենթադրում, որ գոնե մեկը ստրուկ չի լինելու (հանձին ձայնագրողի)։

Եվ կարծում եք Արտակը՝ Անսասանը, պատժվելու՞ է դրա համար։ Կամ էդ ժողովի հռետորը գետի՞նն է մտնելու։ Մարդը անկեղծորեն կզարմանա՝ մա՞րդ է սպանել, ինչ է։ Նրանց մտքով չի անցնի, որ իրենք պետք է պատասխան տան Մարդու հանդեպ այդպիսի վերաբերմունքի համար։ Նրանք պիտի պատասխան տան հենց այն բանի համար, որ ձայն բերելու համար չծնվածը, որ աշխատանքի ընդունվելիս ձայն բերելու մասին պայմանագրում կետ չունեցողը պարտավորեցվում է դա անել։ Նրանք պետք է պատասխան տան հենց միայն այն բանի համար, որ այլեւս ծիծաղելի չէ (թեպետ ես դեռ շարունակում եմ ծիծաղել)։ Հլը դուք սրանց զզվանքը պատկերացրեք պետության հանդեպ։ Ամբողջը տակնուվրա են արել։ Դուք Հայաստանի քաղաքացու վրա գրոհի ծավալները պատկերացրեք Հայաստանի քաղաքացու ջանքերով։ Միայն Անսասան կամ Սասանյան Արտակի այս «Դանթեական առասպելը» չէ ընտրակեղծիք, ինքնին վարչապետի խոսկանությունն է ընտրակեղծիք, Սերժ Սարգսյանի չխոսկանությունը։ Սրանք պետք է այս ամենի համար պատասխան տան, որովհետեւ Սահմանադրությունը սրանց է պարտավորեցնում պետության եւ քաղաքացու ամբողջականության երաշխավորը լինել։

Հայաստանի քաղաքացու դեմ այս անպատմելի ագրեսիան հավանաբար մի դար հետո ոչ մեկին հասկանալի չի լինի, «1984»-ի եւ «Անասնաֆերմայի» նման ապագա ցանկացած հակաուտոպիայի հեղինակ վայ թե սրբապղծություն համարի թեկուզ գրչով Մարդու մասին մտածել այն, ինչ տեղի է ունեցել այս օրերի Հայաստանում։ Չմտածելն արդեն կլինի պարկեշտություն այսպիսի նվաստացումներ ապրած մարդկանց հիշատակին, որոնք համր չեն եղել եւ որոնց հումորի զգացման բացակայության մասին ոչ մի տեղեկություն չկա։

Այս խորհրդարանի ընտրությունները պետք է չեղյալ համարվեն հենց միայն այն պատճառով, որ Արտակի նման բազմաթիվ հանրապետական գործարարներ են մտել Ազգային ժողով՝ Միհրան Պողոսյանը, Արայիկ Գրիգորյանը, տաշիրցի Կարեն Կարապետյանը։ Հլը պատկերացրեք, թե ինչպես է քվեարկել ապրիլյան քառօրյա տեսած բանակը, պատկերացրեք թուրքի մեր քրֆող զինվորների հնազանդ քայլերը դեպի ընտրական տեղամասեր։  Բոլոր այդ զինվորների ծնողները, բոլոր այդ սուպերմարկետների աշխատողների հարազատները տեղյակ են այս ամենին։ Եվ այս ուղեղ ու սիրտ մաշկող ամբողջ ողբերգությանը պակասում է միայն ՍԴ կատակերգական վճիռը՝ ընտրությունների ընթացքն անօրինական ճանաչելու ոչ մի հիմք չկա։

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: