20 ապրիլ, 2017 14:32

ԵՏՄ-ն մաքսատուրքեր է սահմանում թուրքական մի շարք ապրանքների ներմուծման վրա

Ռուսաստանն ու Եվրասիական տնտեսական միության մյուս երկրները մտադիր են մաքսատուրքեր սահմանել նարինջների, արմավի պտուղների, պիստակների, չամիչի և բրյուսելյան կաղամբի ներմուծման վրա, գրում է ռուսական «Իզվեստիա» թերթը։ Մաքսատուրքի սահմանումն առաջին հերթին կվերաբերի Թուրքիային, քանի որ այն Ռուսաստան նարինջի խոշորագույն մատակարարն է։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համապատասխան որոշման նախագծի ներածությունում ասված է, որ նարինջի, չամիչի, պիստակի և արմավի պտուղների համար առաջարկվում է սահմանել 5-տոկոսանոց մաքսատուրք, բրյուսելյան կաղամբի համար՝ 13 տոկոս։

Նախագծում նաև նշվում է, որ նարինջի համար մաքսատուրքից բացի կսահմանվի նվազագույն գին։ Որոշումը ներկայում համաձայնեցվում է, ընդունման վերջնաժամկետը ապրիլի 27-ն է։