20 ապրիլ, 2017 15:31

Էլեկտրոնային առևտուր․ ինչպես այն կարող է զարգանալ Հայաստանում

Ապրիլի 19-ին «Ամերիաբանկը» պանելային քննարկում էր կազմակերպել՝ «Էլեկտրոնային առևտուրը Հայաստանում և զարգացման հեռանկարները» թեմայով։ ՍիվիլՆեթն առանձնացրել է քննարկման բանախոսների ուշագրավ մտքերը։

Վահան Քերոբյան, «Մենյու» ընկերությունների խմբի հիմնադիր

(«Մենյու»-ն գործունեություն է ծավալում Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում)։

Հայաստան-Վրաստան-Բելառուս համեմատելիս՝ էական տարբերություններ կան։ Եվրոպայում մարդիկ օնլայն սնունդ պատվիրում են տարեկան միջինը 4 անգամ, Հայաստանում՝ 6 անգամ, Վրաստանում ՝ 5,7, իսկ Բելառուսում՝ միջինը 10 անգամից ավելի։

Հայաստանում էլեկտրոնային առևտրի զարգացման համար երկու մեծ խնդիր գոյություն ունի․

Կրեդիտ քարտերի տարածվածությունը․ Բելառուսում 18 տարեկանից բարձր մարդիկ պարտադիր ունեն կրեդիտ քարտ, նաև՝ էլեկտրոնային դրամապանակ։ Կրեդիտ քարտերի տրամադրման առումով Հայաստանի բանկային համակարգը խիստ հետ է թե՛ Բելառուսից, թե՛ Վրաստանից։

Մյուս խնդիրը լավ ինտերնետ կապի բացակայությունն է։ Համեմատած երկու երկրների՝ Հայաստանը խիստ զիջում է։ Երևանից դուրս ինտերնետ գրեթե չկա։

Մեր փորձը ցույց է տալիս, որ մարդիկ, որոնք անկանխիկ են վճարում, կրկնակի ավելի շատ են պատվիրում։

Հայկ Կարապետյան, «ԱրմենՏել»-ի կոմերցիոն տնօրեն

Հայաստանում  ալտերնատիվ վճարումների ծառայություններն իրականացվել են միայն մի բանի համար՝ հեռավոր գյուղերից վճարումների հավաքագրման, բայց դա, ցավոք, դրամական փոխանցումներից շատ հեռու գործարք է։

Քանի դեռ մենք ունենք ստվերային տնտեսություն, էլեկտրոնային գնումների մեծ մասը կլինի կանխիկ։ Հայաստանում էլեկտրոնային առևտուրը կզարգանա, եթե բջջային օպերատորներին թույլ տրվի հաշվին եղած գումարն օգտագործել որպես կանխավճար։ Օրենքը չի արգելում, բայց վճարահաշվարկային կազմակերպությունները, վախենալով ԿԲ-ի գործողություններից, այդ գումարները հետ չեն տալիս։ Դա կնպաստի նաև բանկային ոլորտի զարգացմանը։

Մենք չենք ուզում դառնալ  բանկ, մենք ուզում ենք համագործակցել։ Մենք դա հիմա անում ենք կանխիկ, առաջարկում ենք անել նաև էլեկրտոնային տարբերակով։ Դրանից միայն կշահեն էլեկտրոնային գնումներ իրականացնող կայքերը։

Տիգրան Հովհաննիսյան, «Ամերիաբանկի» վճարային քարտերի բաժնի ղեկավար

Աշխարհի բնակչության թիվն արդեն հասնում է 7,5 մլրդ-ի, որի մոտ կեսն արդեն ինտերնետ  է օգտագործում, բջջային հեռախոս է օգտագործում մոտ 5 մլրդ մարդ, իսկ ակտիվ մեդիա օգտագործող է համարվում 2,5 մլրդ մարդ։ Ինտերնետ առևտուրն այսօր աշխարհում ամենազարգացած ոլորտներից է։

15 տարեկանից բարձր մարդկանց թիվն աշխարհում մոտ 5.5 մլրդ է, նրանցից մոտ 1,4 մլրդ-ը (26%) ինտերնետ գնում է կատարում։ Աշխարհում մեկ գնորդը տարեկան կատարում է միջինը 1500 դոլարի ինտերնետ գնում։ Աշխարհում ամբողջ մանրածախ առևտրի 7%-ը ինտերնետով է կատարվում։ Հայաստանում 2014-2016 թթ․ նույնպես ինտերնետ առևտրի աճ է նկատվում։

«Ամերիա» ընկերությունների խմբի հետազոտության համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում օնլայն գնում կատարել է հարցվածների 18%-ը մարզերում և 21%-ը՝ Երևանում։ Ամենաակտիվ տարիքային խումբը 25-34 տարեկաններն են։

Ինտերնետ առևտրի մեջ առաջին տեղում է ապրանքների առևտուրը, հետո՝ տուգանքները և տուրքերը, տեղական ապրանքները, կոմունալ ծառայությունները և այլ ծառայությունները։

Արամ Մխիթարյան, «Հելիքս կոնսալտինգ» ՍՊԸ տնօրեն

Նախկինում էլեկտրոնային վճարման համակարգը խնդիրներ ուներ, վերջին մի քանի տարվա ընթացքում այդ խնդիրները հիմնականում լուծվել են։ Խնդիրը միայն կապված չէ վճարային քարտերի հետ, մենք ունենք նաև այլ խնդիրներ, դրանցից մեկը փոստային և առաքման ծառայությունն է։

Կան ընկերություններ, որոնց համար մենք օնլայն խանութ բացել ենք 10 տարի առաջ, սակայն նրանք դա դեռ փակ են պահում՝ համարելով, որ շուկան դեռ այդքան մեծ չէ․ դա հիմնականում վերաբերում է ապրանքներին։ Կա կարծիք, որ հայերը ապրանքը գնելուց առաջ սիրում են շոշափել։

Վիրտուալ գումարը ծախսելն ավելի հեշտ է։

2016թ․ ARCA-ի տվյալների համաձայն՝ Հայաստանից արտերկրում կատարված գործարքները գումարային առումով 2,5 անգամ գերազանցում են Հայաստանում կատարված գործարքները, սակայն թվային առումով՝ 1,3 անգամ ավելի շատ են երկրում կատարվածները։  

Վիրտուալ գումարը ծախսելն ավելի հեշտ է։

Արտաշես Թովմասյան, «ՋԻՋԻ» ՍՊԸ տնօրեն

Օնլայն վճարումը լուծում է մեր ոլորտում եղած մանր վերադարձնելու խնդիրը։ Ակտիվ աշխատում ենք, որ օնլայն վճարումները հասցնենք 100 տոկոսի։

Բուրաստան Մովսիսյան, «Ամերիաբանկ»-ի Տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն

Էլեկտրոնային առևտրի ոլորտի ոչ այնքան ակտիվ զարգացման պատճառներից են մենթալիտետը, ոչ այնքան մեծ տարածությունները, ենթակառուցվածքը։ Ներդրված համակարգերը ապահովում են եռամակարդակ պաշտպանություն օնլայն գնման դեպքում, ինչի հետևանքով աստիճանաբար աճում է վստահության մակարդակը։

Ինտերնետ միջավայրն ունի առավելություն՝ ցանկացած խանութ, հետևելով հաճախորդի վարքագծի մոդելին, նրան կարող է առաջարկել հենց այն, ինչ նա ուզում է։ Հայաստանն այստեղ շատ մեծ պոտենցիալ ունի։

Պատրաստեց Լիլիթ Աբովյանը