21 ապրիլ, 2017 17:03

«Սուր անկյունը» զոհասեղանին դրվող հաղորդում է    

Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը ոչ մի կերպ չի կարողանում ավարտել Սեֆիլյանն ընդդեմ Արմենիա հեռուստաընկերության դատը:

Հեռուստաընկերության հաղորդումներից մեկով Սեֆիլյանին մեղադրել էին, որ ինքը անհեռատես հրամանատար է, ըստ որի՝ նռնակի պայթյունից ծանր վիրավորվածին Սեֆիլյանը թողել է մարտի դաշտում ու երկու ձիերից մեկով տեղափոխել պայթյունից զոհվածին, իսկ մյուսի վրա ինքն է նստել: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի կարծիքով սա զրպարտանք է:

Դատարանի որոշումն ուշանում է:

Այդ հաղորդումից ութ օր հետո Սեֆիլյանը ձերբակալվում է: Այսինքն, հաղորդման պատրաստման ընթացքում նա ազատության մեջ էր, կարող էր տեղի ունեցածի մասին իր դիրքորոշումը հայտնել: Կարող էր նաև մերժել: Հատկապես, որ «Սուր անկյան» ֆորմատը հենց բազմակողմանիություն է ենթադրում: Ռեպորտաժի հեղինակը չի ասում, որ փորձ են արել կապվել Սեֆիլյանի հետ: Պարզ է, որ հաղորդման հեղինակներն իրենք վաղուց ատամ չէին սրել Սեֆիլյանի վրա, նրանց հանձնարարվել է, արել են: Այսինքն, ինչ-որ մարդիկ «Սուր անկյանը» դրել են վատ վիճակի մեջ:

Եվ հիմա «Սուր անկյունն» ինքը պետք է սրա տակից դուրս գա: Ոչ մի կասկած, որ ցանկացած վճռի դեպքում այդ հաղորդումը տակից դուրս կգա՝ ներողություն կխնդրի, կպատրաստի հակառակը փաստող այլ տեսանյութ կամ անհետևանք կմնա եղածը: Այս թողարկումն ըստ էության լրագրողների զոհաբերման մասին է: Այսինքն, «Սուր անկյունը» զոհասեղանին դրվող հաղորդում է:

Ինչու՞ ինքը պետք է այդքան անհեռանկարային ռեպորտաժ պատրաստեր Արցախյան պատերազմի հերոսի մասին: Ինչու՞ չպետք է դիտարկեր այն փաստը, որ Սեֆիլյանի գլխին կուտակված ամպերի ֆոնին նման հաղորդումը լրագրողական տեսանկյունից էթիկական չէ: Փաստ է, որ այս հարցերի պատասխանը Արմենիա TV-ից պետք չէ ստանալ: Հաղորդումը պատվիրելիս արդեն իսկ այս հարցերը մղվել են մի կողմ:

Փաստն այն է, որ Սեֆիլյան-Արմենիա TV հակամարտությունն անհավասար է մղվում՝ մեկը ճաղերի հետևում է, մյուսը շարունակում է իր գործունեությունը: Մեկի վրա մեղադրանքներ են բարդված, մյուսը շարունակում է մեղադրել աջ ու ձախ՝ ճիշտ թե սխալ: Այս հակամարտությունը պատմություն է ոչ թե լրագրողական մանիպուլացիայի, այլ լրագրողի մանիպուլացիայի մասին:

Ինչ-որ մարդիկ Ժիրայր Սեֆիլյանին չեն ներում, որ ինքը ողջ ու առողջ է պրծել ռմբակոծվող տարածքից: Նրանցից մեկը՝ Թալիշի նախկին գյուղապետը՝ Արարատ Սարգսյանը, չի ներում, որ իրեն մեռած են համարել պատերազմի դաշտում, և ողջերը մտածել են ռմբակոծման դաշտից ողջերին դուրս բերելու մասին:

Ես պատերազմի դաշտում ողջ մնալու բնական մղումներին տեղյակ չեմ: Ըստ իս՝ յուրովի իրավացի են և՛ Արարատ Սարգսյանը, և՛ Ժիրայր Սեֆիլյանը, եթե, իհարկե, «Սուր անկյան» պատմածը ստույգ ճշմարտություն է: Բայց ես մի քիչ տեղյակ եմ խաղաղության կենցաղավարությանը: Խաղաղության մեջ երկու ապրող մարդ ամեն օր հնարավորություն ունեն իրար ներելու:

25 տարի առաջ տեղի ունեցածը պատմության տեսանկյունից կարևոր է: Բայց վայ էն պատմությանը, եթե դուք՝ նույն նպատակի համար զենք վերցրած երկու զինվոր, իրար հետ կռվել եք նույն հողի համար, հետո իրար հետ կռիվ եք ունեցել ապրելու պատճառով, էդ կռվով մտել եք խաղաղություն ու ապականել եք խաղաղության կենցաղավարությունը: Հերիք չէ ապականել եք, դրան մասնակից եք դարձրել լրագրողի, որը գուցե այդ ժամանակ ծնված էլ չի եղել: Առավելևս վայ ձեզ, եթե դուք մտնեք դատարան, նայեք միմյանց աչքերի մեջ՝ Արարատ Սարգսյանը և Ժիրայր Սեֆիլյանը, ու հենց դատարանում լցվեք իրար ներելու մղումով, 25 տարի առաջ տեղի ունեցածը համարեք թյուրիմացություն, և նույնքան թյուրիմացություն համարեք նախորդ տարվա հունիսի 12-ին «Սուր անկյունով» եթեր գնացածը, իսկ վերջում դատարանը պարտավորեցնի, որ տեղի ունեցածի համար պատասխան տա «Սուր անկյունը»:

Այսինքն, եթե գործը հասել է դատարանին, մեկը պիտի տուժի: Եթե երկու նախկին ազատամարտիկները ներում են իրար, դրանից եթեր գնացածը չի դադարում լինել ճշմարտություն: Եթե երկու նախկին ազատամարտիկ ներում են իրար, դրանից եթեր գնացածը չի դադարում լինել զրպարտություն: Եթե երկու ազատամարտիկ չեն ներում իրար, դա չի նշանակում, որ մեկը հաստատ շահած է դուրս գալու այս պատմությունից: Բայց բոլոր դեպքերում էլ փաստ է, որ «Սուր անկյունը» պետք է պատասխան տա: Իսկ այստեղ նրան կարող է օգնել արդեն կոռումպացված դատական համակարգը՝ նա որոշում է, որ հենց «Սուր անկյունը» պատասխան չի տա, դե գնացեք և կերեք իրար նույն հողի համար կռված և նույն հողի վրա թշնամացած և նույն հողում ապրող երկու անձնվեր ազատամարտիկներ:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: