21 ապրիլ, 2017 11:11

Ո՞վ կլինի Պուտինի հաջորդ վարչապետը

 

2018-ին Ռուսաստանում նախագահական ընտրություններ են լինելու, և արդյունքները կասկածի տեղիք չեն տալիս. Վլադիմիր Պուտինը շռնդալից հաղթանակ է տանելու։ Ընտրություններից առաջ մեծ է հավանականությունը, որ Պուտինը կզոհաբերի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։ «Կարնեգի» հիմնադրամի կայքում հրապարակած իր հոդվածում թեմայի մասին գրել է Տատյանա Ստանովայան։  

Ինչպե՞ս կարող է Վլադիմիր Պուտինը խուսափել վարչապետ Դմիտրի Մեդվեդևին պաշտոնանկ անելու անխուսափելի քաղաքական հետևանքներից։ Կոռուպցիոն մեղադրանքների առաջ կանգնելով և իշխանության ներսում աջակցությունը կորցնելով՝ Մեդվեդևը շատ արագ Պուտինի համար դառնում է «ճամպրուկ առանց բռնակի»։

Նախագահական ընտրությունները Ռուսաստանում անցկացվելու են առաջիկա մեկ տարում, և արդյունքները կասկածի տեղիք չեն տալիս. Վլադիմիր Պուտինը շռնդալից հաղթանակ է տանելու: Վարչապետ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնը, սակայն, պակաս ապահով է, և ընտրություններին նախորդող այս հատվածում Պուտինը ստիպված կլինի որոշում կայացնել՝ պաշտոնավարման չորրորդ ժամկետում ներառե՞լ Մեդվեդևին իր  թիմում, թե՞ ոչ:

Վարչապետի թափուր տեղի (ինչպես նաև երկրի տնտեսական ապագայի վրա վերահսկողության, ինչի հնարավորություն ընձեռում է այդ պաշտոնը) համար մրցակցության մենկարկը արդեն տրված է, առավել ևս, Ռուսաստանում մարտի 26-ին հակակոռուպցիոն ցույցերից հետո։ Ընդդիմությունը 2018 թ. ընտրությունների մեխ է դարձրել կոռուպցիան, և բազմաթիվ ակտիվիստներ մատնացույց են անում Դմիտրի Մեդվեդևին։ Սա ստեղծում է մեծամասամբ ընդդիմությունից և քաղաքական էլիտայի լայն շերտերից բաղկացած մի զարմանալի հակամեդվեդևյան կոալիցիա։

Թե՛ վարչակարգը, թե՛ ընդդիմությունը գիտեն, որ մոտենում է խաղաքարտերի բացման պահը։ Պուտինի վերջին պաշտոնավարման ժամանակ իշխող էլիտան կա՛մ կթևակոխի անկման շրջան, կա՛մ ստիպված կլինի ամբողջովին վերափոխվել։ Հատկապես Ղրիմի բռնակցումից հետո վարչակարգի աջակցության նվազմամբ և երկրի սոցիալ-տնտեսական պայմանների վատթարացմամբ զուգորդված՝ բողոքի վերջին ցույցերը տարբեր խմբերի մղում են մտնելու քաղաքական ազդեցության պայքարի դաշտ:

Բոլորը կանխազգում են նոր «պերեստրոյկա», ինչը չափազանց էական է դարձնում նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցելու շուրջ մղվող պայքարը։

Ռուսաստանում բողոքի ցույցերի ալիքի համար հիմք հանդիսացավ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամի աջակցությամբ Պուտինի վարչակարգի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում՝ Մեդվեդևի գլխավորությամբ, կոռուպցիոն սկանդալի բացահայտումը։ Հակասական կհնչի, բայց այս կոռուպցիոն բացահայտումների ու ցույցերի պատճառով Պուտինը Մեդվեդևին պահելուց բացի այլ ելք չունի,  քանի որ չի կարող իրեն թույլ տալ ընկալվել առաջնորդ, որը հանրային ճնշման տակ կադրային որոշումներ է կայացնում։

Այդուհանդերձ, բողոքի ցույցերը ճնշում են գործադրում վարչակարգի վրա։  Եվ, իսկապես, Մեդվեդևին պաշտոնանկ անելու հարցը վերածվում է «երբ» հարցի՝ ընտրություններից մի քանի ամիս առա՞ջ; քվեարկության նախորդ օրերի՞ն, ինչպես տեղի ունեցավ 2004 թ. Միխայիլ Կասյանովի կաբինետի լուծարման դեպքում; թե՞ անմիջապես ընտրություններից հետո:

Որոշ առումներով՝ այս աշունը նոր կաբինետի ձևավորման համար ամենաօպտիմալ պահն է, քանի որ դա Պուտինին բավարար ժամանակ կտա ընտրություններից առաջ վերաբրենդավորել կառավարությունը: Սա է պատճառը, որ հակամեդվեդևյան կոալիցիան թափ է առնում իշխանության ներսում՝ նպատակ ունենալով նախագահին պարտադրել զոհաբերել Մեդվեդևին՝ առավելագույն կարճաժամկետ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար:

Այսպիսով, Պուտինը հայտնվել է երկընտրանքի առաջ. ինչպես խուսափել  վարչապետ Մեդվեդևին պաշտոնանկ անելու անխուսափելի քաղաքական հետևանքներից, որը  նախագահի 2018թ․ քարոզարշավի գլխավոր գաղափարախոսներից մեկն ու Պուտինի «Եդինայա Ռոսիա» կուսակցության փաստացի ղեկավարն է։ Մեդվեդևը Պուտինի համար արագ դառնում է «ճամպրուկ առանց բռնակի»։

Եթե Մեդվեդևը Պուտինի նախընտրական հարթակում էական դեր խաղալով կարողանա ապացուցել իր արժեքը, դժվար կլինի նրան պաշտոնանկ անել, մասնավորապես նախքան ընտրությունները: Բայց այդ հեռանկարը որքան գործարարների ու լիբերալների համար ցանկալի է, նույնքան և անհավանական է։

Շատ է գրվել այն մասին, թե ինչու պուտինյան Ռուսաստանը չի կարող ազատականացվել.  Կրեմլը զուրկ է բարեփոխումների քաղաքական կամքից; Պուտինը չի վստահում լիբերալներին, որոնք համարվում են Արևմուտքի գաղափարական դաշնակիցներ; նա չի ցանկանում կառավարությանն ինքնավարություն տալ; վախենում է լիբերալ (այսինքն, հանրային մեծ աջակցություն չվայելող) բարեփոխումներից: Այս ամենը ճիշտ է, բայց կա մի կարևոր մտավախություն. Պուտինը համոզված է, որ ինքն է Ռուսաստանի գլխավոր լիբերալ բարեփոխիչը, ինչը հռետորական է դարձնում հարցը՝ իր ինչին է պետք այլ բարեփոխիչների աջակցությունը։

Համակարգի լիբերալներ Ալեքսեյ Կուդրինը և Գերման Գրեֆը Պուտինի հարգված խորհրդականներն են, որոնց նա դիմում է այլընտրանքային փորձագիտական գնահատականի կարիքի դեպքում: Նրանք, ըստ էության, միակ խումբն են, որ ունեն գաղափարական մենաշնորհ Վլադիմիր Պուտինի կառավարության ֆինանսական և տնտեսական բաղադրիչների ձևակերպման շուրջ։

Պահպանել բարձր տոկոսադրույքը, փորձել նվազեցնել բյուջեի դեֆիցիտը, բարեփոխումներ անել առողջապահության և կրթության ոլորտներում, զսպել գնաճը և իրական հատվածում հարաժարվել կարգավորվող տոկոսադրույքներից,- այս բոլոր ազատական նախաձեռնությունները «կարմիր գիծ» են այսպես կոչված «կայունության կուսակցության» համար, կամ նրանց, ովքեր մակրոտնտեսական կայունությունը գերադասում են տնտեսական աճին։

Մինչ վարչակարգի լիբերալները ունեն քիչ թե շատ հետևողական քաղաքական փիլիսոփայություն, դիրիժիստական խմբակցությունը ամբողջությամբ կենտրոնացած է քաղաքական կառավարման վրա։ Առաջին խումբը ուղիներ է փնտրում Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական համակարգի ազատականացման համար, իսկ երկրորդ խումբը  ձգտում է հասնել տնտեսության վրա կառավարության ավելի ուժեղ վերահսկողությանը։

Դիրիժիստական խմբակցության ներկայացուցիչներից է պետական բիսնես օմբուդսմեն, «Աճի կուսակցության» առաջնորդ Բորիս Տիտովը, որը առաջ է քաշել «Աճի ռազմավարության» ծրագիրը։

Տիտովի ծրագիրը խոշոր նախագիծ է և առաջին հերթին կենտրոնանում է «իրական հատվածի» վրա, որը ձգտում է պետական ռեսուրսների հասանելիության ընդլայնման՝ չնայած արևմտյան պատժամիջոցներին և տնտեսական լճացմանը: Այս լոբբին, ամենայն հավանականությամբ, ունի վարչապետի աթոռի իր թեկնածուն`Անդրեյ Բելոուսովը, որը հատկապես վերջերս բավականին ակտիվ է տնտեսության ռազմավարության շուրջ քննարկումներում։

«2018-ի թնջուկից» դուրս գալու ամենադյուրին լուծումը «տեխնիկական» վարչապետի նշանակումն է: Հոգեբանորեն շատ ավելի հեշտ կլինի պաշտոնից ազատել Մեդվեդևին, որն իրեն կզգա ավելի քիչ վիրավորված, եթե փոխարինվի ցածրաստիճան, ոչ հայտնի չինովնիկով, այլ ոչ թե իր երկարատև մրցակցով կամ գաղափարական հակառակորդով։

Տեխնիկական վարչապետի նշանակումը համահունչ կլինի նաև պետական վերջին կադրային միտման հետ՝ երիտասարդ տեխնոկրատներով փոխարինել քաղաքական ծանրակշիռ դեմքերին: Պուտինը սիրում է աշխատել նրանց հետ, ովքեր իրենց համարում են ոչ թե «ընկերներ» կամ «զինակիցներ»,  այլ հավատարիմ զինվորներ, առանց ավելորդ հարցերի անելով այն, ինչ իրենց ասվում է՝ չօգտվելով իշխանությանը մոտ գտնվելու հանգամանքից։

Վերջապես, տեխնիկական վարչապետը կազատի Պուտինին տարբեր ռազմավարություններ ունեցող գաղափարախոսների միջև ընտրություն կատարելուց (ազատական կամ դիրիժիստական, պոպուլիստական և բարեփոխական)։ Տեխնիկական վարչապետի նշանակմամբ կվերանա զարգացման ռազմավարության շուրջ բանավեճի անհրաժեշտությունը, ինչը նախագահին թույլ կտա հանգամանքների հիման վրա մարտավարորեն կառավարել. սա է Պուտինի նախընտրած  կառավարման ոճը։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի