System of a Down-ի կիթառահարը պատմել է առաջիկա ծրագրերի մասին

System of a Down խմբի կիթառահար Շավո Օդաջյանը հարցազրույց է տվել բրիտանական Мetal Hammer ամսագրին, խոսել խմբի ներկա կարգավիճակի, ծրագրերի մասին։

Աշնանը հայտնի էր դարձել, որ խումբը ծրագրում է եվրոպական շրջագայություն անցկացնել ու 21 համերգ ունենալ։ Շրջագայությունը կեզրափակվի հուլիսի 5-ին՝ մոսկովյան համերգով։

«Մենք անընդհատ զարգանում ենք։ Մեկ բան կարող եմ վստահ ասել՝ մենք անընդհատ փոխվում ենք ու հիմա, առավել քան երբևէ, լուրջ ենք վերաբերվում մեր երաժշտությանը, ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում հնչողությանն ու երգերի պատշաճ կատարմանը»,- ասել է Օդաջյանը։

System of a Down-ի առաջիկա զարգացումների մասին հարցին պատասխանելով՝ Օդաջյանը նախևառաջ առողջություն ու երջանկություն է մաղթել խմբի մյուս երեք անդամներին ու ավելացրել․ «Չորսս էլ ակտիվ ենք՝ մեկ բեմին, մեկ ձայնագրման ստուդիայում ենք։ Մենք օրհնված ենք ունեցած հաջողության համար։ Ես հաճույքով կուզեի իմ խմբի եղբայրների հետ առաջիկա տարիներին շարունակել զբաղվել ու փոխանցել մեր արվեստը և ոգեշնչել մեր կենդանի կատարումներով»։

Օդաջյանը պատմել է նաև, որ Սերժ Թանկյանն այժմ պետք է հոգ տանի իր անհատական ծրագրերի մասին․ «․․․․․․բայց շատ շուտով մենք պետք է վերսկսենք մեր փորձերը շրջագայության համար ու ես անհամբեր սպասում եմ մեր միավորմանը»։

System of a Down-ի թմբկահար Ջոն Դոլմայանը դեռ աշնանը ակնարկել էր նոր ալբոմի ձայնագրման հնարավորության մասին։ Խումբն իր վերջին համերգային շրջագայությունն անցկացրել է 2015-ին։ Այն կրում էր Wake Up the Souls («Արթնացրեք հոգիները») խորագիրը։ Դրա շրջանակներում խումբը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ ունեցավ Երևանում։

Տեսանյութում՝ Սերժ Թանկյանի խոսքը 2015թ․ ապրիլի 23-ին րևանյան համերգի ժամանակ․

Մեկնաբանել