16 մայիս, 2017 16:01

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը հրաժարական է տվել

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն այսօր քաղաքապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Վերջինս ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վայր եմ դնում Արտաշատի քաղաքապետի լիզարություններս, բայց չեմ հեռանում Արտաշատից»:

«Արտաշատի քաղաքապետի պաշտոնում աշխատեցի մեծ նվիրումով և պատասխանատվությամբ` ջանք ու եռանդ չխնայելով արտաշատցիներին տվածս խոստումները կատարելու և Արտաշատն ավելի գեղեցիկ և հարմարավետ դարձնելու համար: Չեմ պնդի, որ իրականացրել եմ բոլոր ցանկություններս ու երազանքներս մեր քաղաքի համար, բայց շատ բան արվեց իմ և արտաշատցիների համատեղ ջանքերով:

Վայր եմ դնում քաղաքապետի անչափ պատասխանատու լիազորություններս, նոր` ավելի ծանր պատասխանատվություն ստանձնելու Ազգային ժողովի պատգամավորի մանդատով սեփական քաղաքիս, մարզիս և պետությանս ծառայելու համար:

Շնորհակալ եմ Արտաշատի քաղաքացիներին` համատեղ աշխատանքի համար, շատ բան սովորեցի ձեզանից, իմաստացա և նորովի ընկալեցի կյանքը:

Շնորհակալ եմ, որ գնահատեցիք իմ նվիրումն ու աշխատասիրությունը, և խորհրդարանական ընտրություններին ինձ ևս վստահեցիք ձեր քվեն, որի պատիվը, խոստանում եմ` բարձր կպահեմ Ազգային Ժողովում:

Վայր եմ դնում Արտաշատի քաղաքապետի լիզարություններս, բայց չեմ հեռանում Արտաշատից, այլ` օգտագործելու եմ նոր լիազորություններս արդեն ոչ միայն Արտաշատի, այլ` մեր Արարատի մարզի և Հայաստանի առջև կուտակված խնդիրները լուծելու համար»: