18 մայիս, 2017 13:41

Իրանի նախագահական ընտրությունները. ով ով է

Ուրբաթ Իրանում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որոնց շուրջ ինտրիգը կարծես կպահպանվի մինչև վերջ։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայության լրագրող Օլգա Իվշինան։  Ըստ նրա, թե՛բարեփոխական ուժերը և թե՛ ՛պահպանողականները հաջողության հասնելու հնարավորություն ունեն։ Երկու ուժերն էլ այժմ անում են հնարավոր ամեն ինչ՝ առաջին փուլում հաղթանակի հասնելու համար: Հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Հետաքրքիր է, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին չի թույլատրվել մասնակցել ընտրություններին։

Հիմնական պայքարը ծավալվելու է Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռոհանիի և «կոշտ գծի» կողմնակից Էբրահիմ Ռայիսիի միջև: Իրանում կատակում են, որ սա լինելու է պայքար  «սպիտակի» ու «սևի» միջև, քանի որ Ռոհանին կրում է սպիտակ չալմա, իսկ Ռայիսին՝ սև։

2009թ. նախագահական ընտրությունները ավարտվեցին զանգվածային բողոքի ցույցերով, եղան զոհեր և հարյուրավոր ձերբակալություններ:

Նախագահը ընտրովի ամենաբարձր պաշտոնյան է Իրանում և գործադիր իշխանության ղեկավարը:

Էբրահիմ Ռայիսին անձամբ պատասխանատու էր ինը ցուցարարների մահապատիժների համար 2010թ.:Ո՞վ է Էբրահիմ Ռայիսին

Ռայիսին պահպանողական հոգևորական է և «սեյիդ». ըստ շիական ավանդույթի՝ այդպես են կոչվում նրանք, ում տոհմը անմիջապես սերում է Մուհամեդ մարգարեից։ Նա 56 տարեկան է, գիտնական-աստվածաբան և կոշտ միջոցների կողմնակից։ Ռայիսին 25 տարեկանում արդեն Թեհրանի գլխավոր դատախազի տեղակալն էր։ 1988թ. նա այսպես կոչված «մահվան հանձնաժողովների» չորս դատավորներից մեկն էր։ Այդ հանձնաժողովները ավելի քան 4 հազ. քաղբանտարկյալների մահապատժի են դատապարտել։ Իսկ 2010թ. Ռայիսին անձամբ պատասխանատու էր ինը ցուցարարների մահապատիժների համար:

Համարվում է, որ նրան աջակցում է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին: Ռայիսին հաճախ չի հիշատակվում Իրանի պետական լրատվամիջոցներում։ Բայց նրա թեկնածությունը ակտիվորեն քննարկվում է Իրանի սոցիալական ցանցերում և Իրանից դուրս գտնվող պարսկական հեռուստաալիքներով:

Ո՞վ է Հասան Ռոհանին

Ռոհանիի քաղաքական բառապաշարի առանցքային բառը չափավորությունն է։

2013թ. նա ընտրվեց Իրանի նախագահի պաշտոնում՝ խոստանալով վերջ դնել երկրի միջազգային մեկուսացմանն ու ստեղծել ազատ հասարակություն:

Երկու տարի անց Իրանի կառավարությունը պատմական համաձայնագիր ստորագեց աշխարհի վեց տերությունների հետ, Իրանը համաձայնեց մասամբ կրճատել իր միջուկային ծրագիրը՝ տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց:

Քարոզարշավի ընթացքում Ռոհանին հենվում է բարեփոխականների աջակցության վրա՝ նախկին նախագահ Մոհամմադ Խաթամիի գլխավորությամբ, որին նրա իշխանության տարիներին (1997-2005) երբեմն անվանում էին «իրանական Գորբաչով»:

«Չնայած առկա խնդիրներին, բարդությանն ու ակնկալիքների բեռին, Ռոհանիի կառավարումը շատ հաջող է եղել։ Նրա օգտին քվեարկելով՝ մենք քվեարկելու ենք մտքի ազատության, արդարության, երկխոսության և քաղաքացիների իրավունքների պահպանման, սոցիալական արդարության օգտին»,- ասել է Խաթամին։

Նա նաև նշել է Ռոհանիի ձեռքբերումները գնաճի դեմ պայքարում․ նրա նախագահության տարիներին գնաճը կրճատվել է տարեկան 40%-ից մինչև 9.5%-ի։

Ռոհանին բարձրագույն կրթությամբ շիա աստվածաբան և իրավաբան է։ Դոկտորական ատենախոսությունը պաշտպանել է Շոտլանդիայի (Գլազգո) Կալեդոնիայի համալսարանում, տիրապետում է արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և ռուսերեն լեզուներին։

Ինչո՞ւ են այս ընտրությունները կարևոր

Իրանը  Մերձավոր Արևելքի խոշոր դերակատարներից է։  Թեհրանը հետևողականորեն շարունակում է աշխատել իր միջուկային ծրագրի վրա:

Իրանի միջամտությունը Սիրիայում, Ռուսաստանի հետ նոր դաշինքը և Իրաքում շիական կառավարությանն աջակցությունը բազմաթիվ քաղաքական գործիչների ստիպում են Իրանին դիտարկել միաժամանակ որպես սպառնալիք և ուժ, որն ի վիճակի է լուծել բազմաթիվ խնդիրներ տարածաշրջանում։

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը կարող է վերահսկել նախագահի գործունեությունը։ Ֆորմալ առումով նախագահը բավական ազդեցիկ ֆիգուր է։ Բայց իրականում գրեթե ոչ ոք չի համարձակվում վիճել երկրի հոգևոր առաջնորդի հետ, քանի որ նրան չհնազանդվելը իրանցիների աչքերում նշանակում է վիճել իսլամի օրենքների հետ։

Սակայն ներկայիս գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին արդեն 76 տարեկան է և առողջական խնդիրներ ունի։ Սա մեծացնում է առաջիկա նախագահական ընտրությունների կարևորությունը։

Պահպանողականների և բարեփոխականների միջև ավանդական բաժանումը մուտացիայի է ենթարկվել։ Պահպանողականները տրոհվել են կոշտ գծի կողմնակիցների և պրագմատիկների, իսկ շատ բարեփոխականներ մոտեցել են պրագմատիկների դիրքերին։

Ի՞նչ հարցեր են հուզում ընտրողներին

Օրակարգային հարցերից ամենահիմնականը տնտեսությունն է։ Իրանը շտապ կարիք ունի հսկայական արտաքին ներդրումների՝ արդյունաբերության, էներգետիկայի ու շինարարության ծերացող ենթակառուցվածքների վերականգնման համար։

Մարդկանց նաև մտահոգում է գործազրկությունն ու ամենահարուստների և ամենաաղքատների միջև մեծացող անջրպետը։ Ռայիսին փորձում է ակտիվորեն օգտագործել այս հանգամանքը՝ իրեն ներկայացնելով որպես խեղճ մարդկանց պաշտպան։

Օրինակ, նա խոստացել է եռապատկել գործազուրկների և աղքատների նպաստները։ Իսկ Ռոհանին հանդես է գալիս երկրում համակարգային բարեփոխումների և ենթակառուցվածքներում ներդրումների օգտին։

Առանցքային հարցերն են խոսքի ազատությունը և անձնական ազատությունները։ Իրանում այժմ արգելափակված են Facebook-ը, Twitter-ն ու YouTube-ը, սակայն աշխատում են Telegram մեսենջերն ու Instagram-ը։

Ռայիսին, ի տարբերություն Ռոհանիի, գտնում է, որ դրանք նույնպես պետք է արգելափակել։ Պահպանողական թեկնածուն նաև ցանկանում է խստացնել վերահսկողությունը Իրանի բնակիչների հագուստի վրա։ Օրինակ, հիմա շատ կանայք հիջաբ այնպես են կրում, որ տեսանելի են մազերը, կամ հագնում են կիպ զգեստներ։

Ռոհանիի օրոք  ոստիկանությունը դրան հանդուրժողական է մոտեցել։ Բայց Ռայիսին նշել է, որ նման «ամենաթողությանը» պետք է վերջ դնել։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Լուսանկարը՝ Դավիթ Հակոբյանի