19 մայիս, 2017 15:34

ՀՀԿ-ն փակեց Մարդու իրավունքների հանձնաժողովը

Ընդդիմադիր պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը կայուն խորհրդարանական մեծամասնությանն առաջարկում է Մարդու իրավունքների և հանրային հարցերի վերաբերյալ հանձնաժողովը չլուծարել։

«Դուք վատ ուղերձ եք տալիս հայ հանրությանը և պետք է ամրագրել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տվել է Հայաստանում մարդու իրավուքների վիճակի հստակ գնահատականներ իր վճիռներով, որը որևէ մեկը չի կարող հերքել»,- այսօր վեցերորդ գումարման խորհրդարանում քննարկելով Աժ մշտական հանձնաժողովների թվի կրճատման մասին հարցն` ասաց ԵԼՔ դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը։

ԱԺ-ին ներկայացրած նախագծով ՀՀԿ-ն առաջարկում է նախկինում գործող 12 հանձնաժողովների թիվը նվազեցնել` հասցնելով 9-ի: Հարցը ներկայացնող ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանն ասաց, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Աժ հանձնաժողովները աշխատել են տարբեր ծանրաբեռնվածությամբ։

«Հաշվի առնելով իրար փոխկապակցված ոլորտները` առաջարկում ենք «մարդու իրավունքները և հանրային հարցերի» հանձնաժողովը միացնել «պետաիրավական» հանձնաժողովին, որը կկոչվի «պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության» հանձնաժողով: Միացնել  նաև «առողջապահության, մայրության, մանկության» և «սոցիալական հարցերի» հանձնաժողովները, ինչպես նաև առաջարկում ենք «գյուղատնտեսության և բնապահպանության» և «տարածքային կառավարման ու տեղական ինքնակառվարման» հանձնաժողովները նույնպես միավորել»,- ասաց Թովմասյանը, հավելելով, որ այս առաջարկն արվում է եվրոպական առաջատար երկրների փորձը հաշվի առնելով։

«Եվրոպական առաջատար երկների արժեքավոր փորձն եք հաշվի առել կրճատելով հանձնաժողովները, կհիշեցնեք այդ ո՞ր երվոպական երկրում է, որ մարդու իրավուքնների հանձնաժողովը կրճատում են և ստորադասում դրա կարևորությունը»,- Թովմասյանին հարցրեց Մանե Թանդիլյանը, որին ի պատասխան Թովմասյանը հնչեցրեց Ավստրիայի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, Շվեդիայի փորձը, որտեղ խորհրդարաները չունեն մարդու իրավունքների վերաբերյալ առանձին հանձնաժողովներ։

«Այն երկրները, որոնք դուք թվարկեցին գտնվում են մարդու իրավունքների պաշտպանվածության այն մակարդակի վրա, որ, այո՛ կարող են իրենց թույլ տալ դա չունենալ և կարծում եմ Հայաստանում այդ ոլորտը խնդրահարույց է և Հայաստանը այն երկիրը չէ, որ իրեն կարող է թույլ տալ հանձնաժողով չունենալ»,- ասաց Մանե Թանդիլյանը։

ԵԼՔ դաշինքը Աժ-ին ներկայացրեց նաև իրենց հեղինակած նախագիծը, որով առաջարկում են հանձնաժողովների թիվը կրճատել միայն երկուսով և պահել «Մարդու իրավունքների և հանրային հարցերի» հանձնաժողովը՝ տալով իրենց խմբակցությանը։

Նախագիծը ներկայացնող պատգամավոր Էդմոն  Մարուքյանին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը մեղադրեց կառավարության ընդունած ռազմավարությունից դրույթներ արտագրելու մեջ։

«Երևի դուք գրել ու ենթադրել էիք, որ որևէ մեկը չի կարդալու բայց ես կարդացել եմ, բոլորը կարդացել եմ»,- ասաց Արման Սաղաթելյանը։ Սաղաթելյանին Մարուքյանն արձագանքեց․ «Սա ոչ թե կառավարության, այլ մարդու իրավունքների ռազմավարության ոլորտից է և արտացոլում է հասարակական կառույցների տրամադրվածությունը»։

Աժ մշտական հանձնաժողովների թիվը նվազեցնելու մասին ՀՀԿ նախագիծը ընդունվեց 64 կողմ, 9 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է առաջադրվում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրվում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Արտաքին հարաբերություններ մշտական հանձնաժողովում առաջադրվում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար է առաջադրվում Կորյուն Նահապետյանը։

Գիտության, կրթության, մշակույթի և սպորտի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրվում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

Պետաիրավական և մարդու իրավուքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ է առաջադրվում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում նախագահ է առաջադրվում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։

Տարածքային կառավարման և տեղական կառավարման մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում առաջադրվում է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր  Վարդևան Գրիգորյանը։

Ֆինանսավարկային և բյուջետավարկային մշտական հանձնաժողովում նախագահ է առաջադրվում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։