19 մայիս, 2017 09:06

Մինսկի խմբի միջնորդները զինադադարի խախտման համար մատնացույց են անում Ադրբեջանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 18-ին հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման վերաբերյալ՝ զինադադարի խախտման համար նշելով Ադրբեջանի անունը։

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) տարածած հայտարարությունում ասված է․

«Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ մայիսի 15-ին ադրբեջանական զինված ուժերը հրթիռ են արձակել շփման գծի վրայով՝ խփելով ռազմական տեխնիկայի։ Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին շարունակ, հայկական ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակով։ Երկու կողմից այս գործողությունները զինադադարի կոպիտ խախտում են և ահազանգի պատճառ։

Այս հարվածների թիրախների, ինչպես նաև տուժածների ու վնասների մասին տեղեկատվությունը հակասական է։ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավելյալ տեղեկատվություն և վերլուծություն հավաքագրել՝ ներկա իրավիճակի առավել ամբողջական և ճշգրիտ պատկերն ստանալու համար։

Համանախագահները քննադատում են զինադադարի այս վերջին խախտումները և կողմերին կոչ են անում ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հակամարտության գոտում իրավիճակի հետագա սրումը կանխելու համար»։

***

Մայիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Հակառակորդը կիրառել է «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, մասնակի վնասել ռազմական տեխնիկա հայկական կողմում։  Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ն նաև հայտարարել էր, որ «սադրիչ գործողությունների պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։

Մայիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ն հրապարակեց Ադրբեջանի դեմ պատասխան գործողությունների տեսագրություն։