19 մայիս, 2017 15:27

Միջնորդների հայտարարությունը՝ «ստանդարտ», «սիմպտոմատիկ բնույթ կրող»․ Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Ազգային Ժողովում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը որակում է «ստանդարտ», «սիմպտոմատիկ բնույթ կրող»։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ «Ադրբեջանի թռչող սարքերին սպառնացող իրական վտանգի կանխարգելման նպատակով մայիսի 15-ին որպես ռազմական օրինական թիրախ ոչնչացրել է ՀՀ ԶՈՒ «Օսա» հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համալիր, որը, ադրբեջանական կողմի պնդմամբ, «դուրս էր բերվել առաջնագիծ սադրանքի նպատակով»։

Բաքուն միջնորդներին մեղադրում է «Ադրբեջանի տարածքներում հայկական ուժերի ապօրինի ներկայության վրա աչք փակելու մեջ»։

Ադրբեջանը հայտարարում է, որ համանախագահները պետք է առաջին հերթին, «առաջնորդվելով իրենց իսկ կողմից արդիականացված Մադրիդյան սկզբունքներով, պահանջեին հայկական զորքերի դուրսբերում և կոչ անեին կողմերին շարունակել ինտենսիվ բովանդակային բանակցությունները»։

***

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 18-ին հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման վերաբերյալ՝ զինադադարի խախտման համար նշելով Ադրբեջանի անունը։

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ) տարածած հայտարարությունում ասված է․

«Բազմաթիվ հավաստի աղբյուրներից հավաքագրված տեղեկատվության համաձայն՝ մայիսի 15-ին ադրբեջանական զինված ուժերը հրթիռ են արձակել շփման գծի վրայով՝ խոցելով ռազմական տեխնիկա։ Մայիսի 16-ի երեկոյան և մայիսի 17-ին շարունակ հայկական ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակով։ Երկու կողմից այս գործողությունները զինադադարի կոպիտ խախտում են և ահազանգի պատճառ։

Այս հարվածների թիրախների, ինչպես նաև տուժածների ու վնասների մասին տեղեկատվությունը հակասական է։ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը շարունակում են հավելյալ տեղեկատվություն և վերլուծություն հավաքագրել՝ ներկա իրավիճակի առավել ամբողջական և ճշգրիտ պատկերն ստանալու համար։

Համանախագահները քննադատում են զինադադարի այս վերջին խախտումները և կողմերին կոչ են անում ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հակամարտության գոտում իրավիճակի հետագա սրումը կանխելու համար»։

Մայիսի 18-ի ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նույնպես մատնանշել է Ադրբեջանին, որը մայիսի 15-ին ՀՀ ԶՈՒ պատկանող տեխնիկա է խոցել, ինչին «համապատասխանաբար արձագանքել է հակառակ կողմը»։

Մայիսի 16-ին Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ հակառակորդը կիրառել է «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, մասնակի վնասել ռազմական տեխնիկա հայկական կողմում։  Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ն նաև հայտարարել էր, որ «սադրիչ գործողությունների պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։ 

Մայիսի 17-ին Լեռնային Ղարաբաղի ՊՆ-ն հրապարակեց Ադրբեջանի դեմ պատասխան գործողությունների տեսագրություն։