Դովեղ-Քամառլու. հայ-ադրբեջանական բախում 1984-ի աշնանը

Ես դպրոցական էի և այսօրվա պես հիշում եմ. գյուղ էին եկել Մոսկվայից ուղարկված մարդիկ, որոնք մեր և հարևան ադրբեջանական գյուղի միջև սահմանն էին ճշտում: Դա հավանաբար 1984 թվականի ուշ աշունն էր կամ 1985-ը: Մեր գյուղը` Դովեղը, գտնվում է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռանկյունում և սահմանակից է Քամառլուին: Ադրբեջանական այս գյուղի հետ Դովեղն ունի շուրջ 13 կմ երկարությամբ սահման:

Խորհրդային Միության ներսում սահման ասվածը հարաբերական էր: Հայաստանի և Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ վարչական սահմաններ գոյություն ունեին, բայց այդ սահմանները անցնելիս դու կարիք չունեիր անձնագիր ցույց տալու, և ոչ էլ հսկիչ-անցագրային կետ կար: Վրացական կամ ադրբեջանական տառերը և գրությունները կարդալով միայն կհասկանայիր, որ Խորհրդային Հայաստանում չես:

Հիշում եմ` պապս էր պատմում, որ 1918-1920-ին` Առաջին Հանրապետության շրջանում, Դովեղ-Քամառլու հատվածում հայ-ադրբեջանական բախումներ են եղել: Ես ադրբեջանցիներին հիշում եմ շատ փոքր տարիքից: Պապիս ադրբեջանցի ծանոթներն էի գալիս մեր տուն: Հայրս ևս ուներ ադրբեջանցի ծանոթներ: Գրեթե ամեն օր Քամառլուի ադրբեջանցիները, հիմնականում` կանայք, իրենց ավանակներին մրգեր ու բանջարեղեն բարձած, մեր գյուղով անցնելով, հասնում էին Նոյեմբերյան քաղաքի շուկա, որտեղ վաճառում էին իրենց բերքը: Հետդարձի ժամանակ նրանք իրենց ավանակներին կապում էին մեր գյուղի զբոսայգու երկաթյա ցանկապատին, մտնում խանութ և գնումներ կատարում: Հիմնականում շաքար էին գնում մեծ քանակությամբ: Խորհրդային Ադրբեջանում հավանաբար շաքարի պակաս կար:

Մեր և ադրբեջանցիների հարաբերությունները միանշանակ չէին: Մի կողմից` մենք ապրում էինք միմյանց մեջ` այսօր գոյություն չունեցող Խորհրդային Միություն կոչվող երկրում, հետևաբար` նույն պետության քաղաքացիներ էինք: Մենք ադրբեջանցիներին անվանում էինք թուրք: Հիմա էլ ենք անվանում թուրք: Մյուս կողմից` միշտ էլ մեր և ադրբեջանցիների միջև լարվածություն կար: Մեր գյուղին պատկանող շուրջ 1800 հեկտար անտառը իրականում օգտագործում էին ադրբեջանցիները: 1984-ի աշնանը մեր և ադրբեջանցիների հարաբերությունները չափազանց լարվեցին, անտառի պատկանելիության վեճի պատճառով գրանցվեցին բախումներ, որոնց ընթացքում մի քանի մարդ վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոց: Խորհրդային մամուլը որևէ բառ չգրեց այդ բախումների մասին. ազգամիջյան խնդիրների մասին գրելը տաբու էր: Փոխարենը, այդ բախումների մասին հաղորդումներ պատրաստեցին «Ամերիկայի ձայն» և «Ազատություն» ռադիոկայանների հայկական ծառայությունները, որոնց հեռարձակումները գաղտնի կերպով ունկնդրողներ կային:

1984-ի աշնանը արձանագրված հայ-ադրբեջանական բախումներից տուժածներից մեկը Խորհրդային Հայաստանի վարչապետի տեղակալ Վլադիմիր Մովսիսյանն էր: Նա իր հուշերի գրքում, որը կրում է «Հողի ճակատագրով» խորագիրը, մանրամասն գրում է Դովեղ-Քամառլու բախումների մասին: Տեղացիները ևս հիշում և պատմում են այդ դեպքը:

Դովեղի անտառների չորս աղբյուրներից ջուր տանելու նպատակով ադրբեջանցիները ջրատար էին կառուցել։ Դա այնպիսի լարվածություն էր առաջ բերել, որ 1984թ. հոկտեմբերին Խորհրդային Հայաստանի առաջնորդ Կարեն Դեմիրճյանը Մոսկվայում հանդիպել էր Ադրբեջանի առաջնորդ Քյամրան Բաղիրովի հետ և պայմանավորվել, որ ջրատարի հարցը տեղում ուսումնասիրվի: Հայկական կողմից պատասխանատու էր նշանակվել Մովսիսյանը, ադրբեջանական կողմից` վարչապետի տեղակալ Ռասիզադեն:

Հարցը կարգավորելու նպատակով Մովսիսյանը և Ռասիզադեն հանդիպում են Իջևանում, ապա Նոյեմբերյանով հասնում Դովեղի անտառներ: Նրանց ուղեկցում էին նաև տեղական այլ պաշտոնյաներ: «Մեքենան, որի մեջ ես և Ռասիզադեն էինք, կանգ առավ աղբյուրի մոտ, որտեղ ադրբեջանցիները եռանդով շարունակում էին շինարարական աշխատանքները։ Երբ մենք աղբյուրից բարձրացանք անտառի բացատը, չորս կողմից մի հսկայական ոհմակ, զինված մահակներով, հարձակվեց մեզ վրա: Այնուհետև հայերիս առանձնացրին և մի քանի կիլոմետր քշելով (բառիս բուն իմաստով) բերեցին Քամառլու տանող ճանապարհի խաչմերուկը։ Եվ այստեղ մեր դեմ դուրս եկան հինգ բեռնատար մեքենաներ, որոնց թափքերում մահակներով, եղաններով, կացիններով զինված մարդիկ էին… Սկսվեց մի խայտառակ իրարանցում, քաշկռտուք, վայնասուն: Ծեծկռտուքից անմասն չմնացի նաև ես` ստանալով լուրջ մարմնական վնասվածքներ: Ապա բռնի ուժով մեզ նստեցրին բեռնատար մեքենաների խցիկներում և բաց պատուհաններից քարերի, մահակների ու բռունցքների հարվածների տակ բերեցին Քամառլու: Տարան ակումբ, բարձրացրին բեմ և հայտարարեցին, որ մեզ այստեղից բաց չեն թողնի` մինչև փաստաթուղթ չստորագրենք, որ այդ հողերն ադրբեջանական են։ Սեղանին դրեցին թուղթ ու գրիչ և կացին, ասելով, որ եթե չստորագրեմ, վիզս կտրելու են: Իրենց լեզվով ասացի, որ իրենցից չեմ վախենում և չեմ ստորագրելու»,- գրում է Վլադիմիր Մովսիսյանը իր հուշերում:

Դովեղի անտառում և Քամառլու գյուղում Մովսիսյանից բացի ծեծի են ենթարկվում նաև նրան ուղեկցող մյուս հայ պաշտոնյաները: Իրադրության հանդարտեցումից հետո Մովսիսյանին և նրան ուղեկցող մյուս հայերին բաց են թողնում: Այդ ընթացքում Դովեղում և ամբողջ Նոյեմբերյանում լուր է հասնում, որ «թուրքերը Մովսիսյանին ու մյուս հայերին սպանում են»: Գյուղացիները վերցնում են իրենց որսորդական զենքերը և շարժվում դեպի Քամառլու: Արյունալի թվացող բախումը հնարավոր է լինում կանխել:

«Երևանում մի քանի օր հիվանդանոցում պառկելուց հետո եկա կենտկոմ և Կարեն Սերոբիչին (Դեմիրճյան) պատմեցի կատարվածի մասին։ Չեմ կարող մոռանալ, որ պատմածս լսելուց հետո նա շուռ եկավ և անձայն արտասվեց։ Ես առաջին անգամ էի նրա աչքերում արցունքներ տեսնում»,- հիշում է Մովսիսյանը:

Այս միջադեպի արձագանքը հասնում է Մոսկվա: Խորհրդային Միության առաջնորդներից Եգոր Լիգաչովը Մովսիսյանին հրավիրում է Մոսկվա` մանրամասների մասին տեղեկանալու նպատակով: Հայ-ադրբեջանական բախումից հետո Հայաստան է այցելում Ադրբեջանի առաջնորդ Բաղիրովը և կատարվածի համար ներողություն խնդրում:

Դովեղում արձանագրված միջադեպից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև կատարվում է վարչական սահմանների հստակեցում Նոյեմբերյանից մինչև Մեղրի: Ընդունվում է փաստաթուղթ, որը վերնագրված էր «Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների վերականգնման (ճշգրտման) մասին»: Հայաստանին են անցնում Դովեղի անտառները, արոտավայրեր Սիսիանում, Բարդի շրջանի Թաղիլար գյուղի տարածքը, 7-րդ դարի Ոսկեպարի եկեղեցին և այլ տարածքներ, ընդհանուր առմամբ` գրեթե 15 հազար հեկտար:

Այս տարի լրանում է Դովեղ-Քամառլու հատվածում արձանագրված հայ-ադրբեջանական բախումների 30 տարին: Մի քանի օր առաջ հերթական անգամ շրջեցի Հայաստանին վերադարձված այդ անտառներում: Հայաստանի բնությունը արթնանում է: Ծառերը ծաղկում են, հողը` շնչում:

Մեկնաբանել