13 հունիս, 2017 13:44

Գյուղացիներ, դուք դատապարտված եք

Երեւան-Արմավիր ավտոմայրուղին փակած գյուղացիները, ըստ shamshyan.com-ի, դիմել են կառավարությանը հետեւյալ կոչով. «Գոնե այս անգամ սատար կանգնեն մեզ»: Այսի՞նքն:

Կարկուտը տեղում է ամեն տարի: Ամեն տարի դուք ունենում եք վնասներ, հարգելի գյուղացիներ: Ամեն տարի ձեզ «սատար» են կանգնել խոստումներով եւ բացել ձեր փակած ճանապարհները: Գոնե վերջին երեք տարում իշխանությունն ընտրությունների է պատրաստվել: Ձեր քվեի կարիքը չուներ, բայց ավելորդ աղմուկը միշտ տհաճ է, երբ պատրաստվում ես ընտրությունների: Այդ աղմուկը խլացնում է գլխավորը: Հիմա այլեւս ընտրություններ չկան: Ինչու՞ պիտի իշխանությունները սատար կանգնեն ձեզ: Ինչու՞ պիտի իշխանությունը տարերային աղետի համար պատասխան տա, եթե նա պատասխան չի տալիս իր հանցագործությունների համար: Ի՞նչ է նշանակում՝ գոնե այս անգամ սատար կանգնեն: Դուք խոստովանում եք, որ խաբվել եք, սակայն Էջմիածնի եւ Արմավիրի գյուղերում նախագահի եւ խորհրդարանի ընտրությունների արդյունքներից ոչ մեկը ցույց չի տալիս, որ դուք ձեզ խաբված եք զգացել:

Դուք, կարծեմ, առանց բռնության քվեարկել եք իշխանության օգտին ու քվեարկել եք միշտ: Եվ հիմա ասում եք՝ գոնե այս անգա՞մ սատար կանգնեք մեզ: Ես ինձ դնում եմ իշխանության տեղը: Ոչ մի անգամ չեմ վրիպել ձեզ խաբելիս, ձեզ կաշառելիս, ձեզ նվաստացնելիս, ձեզ ի վերջո արտագաղթի մղելիս: Ինչու՞ պիտի այս անգամ վրիպեմ: Ձեզ ձերբակալելը կա ու կա, եթե հանկարծ մայրուղին չբացվեց: Դուք մոռանում եք, որ իշխանությունն իսկապես ձեզ ոչնչով պարտավոր չէ օգնել հենց միայն այն պատճառով, որ նա չի օգնում նրանց, որոնց նվաստացրել է: Այնպես որ ձեր գլխի ճարը դուք պետք է տեսնեք: Նրանք ճանապարհը բացելու են: Խաթրով, թե բռնությամբ, այդ ճանապարհը բացվելու է, բայց թող ձեր մտքով երբեք չանցնի, թե ձեր պահանջներում դուք իրավացի եք: Ձեր պահանջների լեգիտիմությունն ավարտվել է քվեատուփերի մոտ: Թեպետ բոլոր նորմալ երկրներում այնտեղից է սկսվում:

Դուք ուզում եք, որ իշխանությունը գա ու տեղում ծանոթանա իրավիճակի՞ն: Բայց ո՞վ է կասկածում, որ դուք ճիշտ եք: Եվ ո՞վ է այն միամիտը, որին թվում է, թե մեր իշխանությունը ճշտի մեջ համոզվելու ծարավ ունի: Դա բացարձակապես հետաքրքիր չէ նրան: Եթե չեմ սխալվում, ձեր կողմերում տեր ու տնօրեն է Մանվել Գրիգորյանը: Նա է ձեր իրական իշխանությունը: Ներառյալ՝ Առաքել Մովսիսյանը: Որն ավելի համեստ է բռնության մղումների մեջ: Թեպետ սպառնալիքներում առաջատար է: Իշխանությունն, անկասկած, ձեզ «ընդառաջ» կգնա: Կգա, գուցե, կհանդիպի: Կձեւավորի հանձնաժողով: Բայց իշխանության գլխավոր զենքերից մեկը ժամանակն է, սիրելի գյուղացիներ: Ինքը բոլոր ապօրինությունների ու անճարությունների դեմ «կռվել» է ժամանակով: Ժամանակը նրա հետեւակն է, որի դեմ դուք անզոր եք:  Եվ հզոր է հենց այն պատճառով, որ տեսանելի չէ: Դուք երբեք չեք իմանա, թե ինչպես եւ ինչ զենքերով կռվել նրա դեմ: Դա իշխանության փոխզիջումն է՝ ձեզ ոչնչացնել առանց բռնության: Այնպես որ իրականում դուք պայքարի որեւէ ճանապարհ չունեք ատամներ ցույց տալուց զատ:

Ամբողջ Հայաստանն է անշրջելի աղետի առաջ: Ամբողջ Հայաստանն է կորցրել Հանրապետական իշխանության դեմ իր զինանոցը: Եվ պատահական չէ, որ այսպիսի իշխանության դեմ հայտնվում են «Սասնա ծռեր»: Նորմալ պետությունում «Սասնա ծռեր» չեն լինում: Նրանք կամ հեռանում են ահաբեկչական հակումներով որեւէ պետություն, կամ դառնում են նորմալ քաղաքացի: Իսկ առայժմ ընդունեք, որ իշխանությունը տեսավ ձեր ատամները՝ գոյություն ունեցող կամ չունեցող: Բայց ինքը մտածելու եւ սարսափելու բան չունի: ՍԱՍ-ի Արտակ Սարգսյանն ու Միհրան Պողոսյանը՝ վկա:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: