17 հունիս, 2017 18:17

Բակո Սահակյանը Ադրբեջանի գործողությունները որակել է ահաբեկչություն 

ԼՂՀ նախխագահ Բակո Սահակյանը Ադրբեջանի կողմից զինադադարի վերջին խախտումները որակել է ահաբեկչություն։

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելել է հանրապետության արևելյան սահմանագծի հատվածներից մեկը, տեղում ծանոթացել տիրող իրավիճակին եւ ծառայության ընթացքին:

Զորամասերից մեկում հրամկազմի հետ հրավիրված խորհրդակցության ժամանակ Նախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերին՝ դրանք որակելով որպես ահաբեկչություն եւ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում։

Արցախի ղեկավարը ընդգծել է, որ նման հանցագործություններն անպատիժ չեն մնալու։ Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հունիսի 16-ին և հունիսի 17-ին ԼՂ պաշտպանության բանակը հաղորդել է համապատասխանաբար 3 և 1 զինվորների զոհվելու մասին՝ ադրբեջանական կրակից։

Ադրբեջանի կողմից այս խախտումների քննադատությամբ են հանդես եկել Հայաստանի ԱԳՆ-ն և Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ն։