19 հունիս, 2017 14:55

Կանենք մեզնից կախված ամեն ինչ լարվածությունը նվազեցնելու համար․ ռուսաստանցի համանախագահ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին։ Հանդիպման մանրամասներ չեն հաղորդվում։ 

Ադրբեջանական լրատվամիջողները փոխանցում են, որ միջնորդների հետ հանդիպում է ունեցել նաև Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը։ Հանդիպմանը քննարկվել է իրադրությունը շփման գծում։

Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հանդիպումներից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ համանախագահները «մեծ ափսոսանք են ապրում շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ»։

«Մենք պետք է անենք ամեն ինչ՝ մեր ուժերի ներածին չափով, որպեսզի նման դեպքերը չկրկնվեն։ Մենք կանենք մեզնից կախված ամեն ինչ լարվածությունը նվազեցնելու համար»,- ասել է դիվանագետը։ Վերջինիս խոսքով՝ Մինսկի խումբը լիահույս է, որ կողմերը կշարունակեն քաղաքական երկխոսությունը։

«Եվ Բաքվում, և Երևանում մենք քննարկումներ անցկացրինք քաղաքական երկխոսության վերսկսման շուրջ։ Քննարկումների արդյունքներով կարելի է եզրակացնել, որ երկու կողմերը հանդես են գալիս խաղաղ բանակցությունների շարունակման օգտին»,- ասել է Պոպովը։

APA-ի մեջբերմամբ՝ ռուսաստանցի դիվանագետը տեղեկացրել է, որ միջնորդների վերջին հայտարարությունը «ուղղված էր երկու կողմերին էլ»։

Համանախագահների այցը Բաքու տեղի է ունենում շփման գծում լարվածության ֆոնին։