19 հունիս, 2017 12:32

Մերկելն ընդդեմ Թրամփի․ ինչու է Գերմանիան դեմ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների խստացմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների խստացումը, որը ևս մեկ անգամ վկայում է Բեռլինի և Վաշինգտոնի միջև քաղաքական տարաձայնությունների աճի մասին։ Թեմային անդրադարձել է Financial Times-ը։ Թերթի հոդվածագիր Ստեֆան Վագսթիլը նշում է, որ Մերկելի միջամտությունը ի ցույց է դնում նրա պատրաստակամությունը՝ հրապարակայնորեն քննադատություններ ուղղելու ԱՄՆ հասցեին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացեիբաց քննադատեց Գերմանիային։

Սովորաբար զգուշավոր և զուսպ տիկին Մերկելը աջակցել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելին (Sigmar Gabriel), որը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ-առաջարկները: Ըստ Մերկելի ներկայացուցչի՝ նա բարձրաձայնել է «նույն  աստիճանի մտահոգություն, նույն ուժգնությամբ»:

Տիկին Մերկելի միջամտությունը ի ցույց է դնում նրա պատրաստակամությունը հրապարակայնորեն քննադատություններ ուղղելու ԱՄՆ հասցեին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացեիբաց քննադատեց Գերմանիային՝ պաշտպանության, առևտրի և միջազգային համագործակցության ոլորտներում նրա քաղաքականության համար:

Հեռանկարը, որ ԱՄՆ-ի և Գերմանիայի հարաբերությունների լարումը կարող է ստվեր գցել հուլիսին Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթաժողովի վրա, ակնհայտորեն հետ չի պահում Գերմանիայի կանցլերին, ով ամենաազդեցիկ քաղաքական գործիչն է Եվրոպայում:

Տիկին Մերկելի քննադատությունն ուղղված էր Սենատին, որը որոշել է խստացնել  Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, ինչի առիթ էին հանդիսացել Կրեմլի՝ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիան,  միջուկային զենքի տեղակայումը և Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում:

Սակայն, այդ օրինագծում նոր պատժամիջոցներ են  հայտնվել, այդ թվում՝ ուղղված  «Հյուսիսային հոսք -2» նախագծի դեմ, որում գերմանական և ավստրիական ընկերությունները գումարներ են ներդրել։ Ի լրումն ռուսական ընկերությունների դեմ պատժամիջոցների, այս նախագծով սահմանվում են պատժամիջոցներ նաև օտարերկրյա ընկերությունների դեմ, որոնք աջակցում են «ռուսական արտահանող գազատարներին»:

Բեռլինը դատապարտել է առաջարկվող միջոցառումները՝ դրանք որակելով որպես միջամտություն Եվրոպայի ներքին գործերին և սպառնալիք «եվրոպական ընկերությունների համար, որոնք ներգրավված են եվրոպական էներգետիկ մատակարարումների զարգացման գործում»:

Գերմանիան  վրդովված է, որ օրինագիծը ընդլայնում է պատժամիջոցների սահմանման ու կոշտացման ցանկը՝ դուրս գալով Ռուսաստանի՝ Ուկրաինայում ագրեսիայի շրջանակներից, ինչը և հանդիսացել էր ԱՄՆ-ի և ԵՄ-ի համատեղ պատժամիջոցների սահմանման սկզբնապատճառ՝ նախագծված հենց տիկին Մերկելի և Թրամփի նախորդի՝ Բարաք Օբամայի կողմից:

Գերմանացի պաշտոնյաները նաև խիստ դժգոհ են այն հանգամանքից, որ օրինագիծը ստիպում է ԱՄՆ-ի վարչակազմին «առաջնահերթություն տալ» ամերիկյան արտահանման էներգետիկ ռեսուրսներին, «ստեղծել աշխատատեղեր Միացյալ Նահանգներում» և «ամրապնդել» ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը: Ըստ գերմանացի պաշտոնյաների՝ դա հակասում է պատժամիջոցների ռեժիմի էությանը, որը գործում է համագործակցության հիման վրա, քանի որ Ամերիկան իր տնտեսական շահերը վեր է դասում եվրոպական դաշնակիցների շահերից, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի