19 հունիս, 2017 19:10

Մինսկի խումբը կողմերին կոչ է անում խուսափել հետագա լարումից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հունիսին տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են տարածել, որով խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ:

Համանախագահները հայտարարություն են տարածել են՝ սկզբին Երևան և Ստեփանակերտ, իսկ այսօր Բաքու կատարած այցից հետո։

Բաքվում իրենց բանակցությունների ժամանակ համանախագահները խորը մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք Ադրբեջան կատարելիք իրենց այցի նախօրեին շփման գծում կորուստների պատճառ են դարձել: Նրանք դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ կոչ անելով խուսափել հետագա լարումից: Նույն ուղերձը համանախագահները հղել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանություններին։

Համանախագահները կողմերին խրախուսում են ձեռնարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը շփման գծում և Հայաստան ու Ադրբեջան պետական սահմանին: Նրան կողմերին կոչ են անում բարեխղճորեն և քաղաքական կամք ցուցաբերելով՝ վերաներգրավվել բանակցություններում: