9 հուլիս, 2017 15:25

Նրանք լռել են Դևի մասին

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իր նստավայրում ընդունել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին: Ջրային տնտեսության պետական կոմիտեի,Կառլ: Գուցե կաթողիկոսը մտահոգվել է Սեւանի 100 մլն խորանարդ մետր ջրառությունի՞ց: Եվ տեսել է, որ ամենեւին բարի չէ մտադրությունը մեր կառավարության:

Գուցե ասել է՝ տղերք, ջուրն Աստծո արարչագործություն է, ձեզ մի պահեք այնպես, կարծես ինքներդ եք այն քամում սարերից ու լեռներից: Բայց ջուրը կատակի թեմա չէ: Թեպետ չգիտես ինչու լուսանկարում ջուր հիշեցնող միակ բանը կոմիտեի նախագահի փողկապի գույնն է, եթե իսկապես Սեւանը կապուտաչյա է: Լուսանկարում կաթողիկոսի ձեռքին Սուրբ գիրք է, իսկ կոմիտեի նախագահի ձեռքին՝ անհասկանալի արկղ. այն, ինչ կարող է առաջարկել յուրաքանչյուրը մյուսին:

Ինչու՞ է կաթողիկոսին հետաքրքրել ջուրը: Ինչու՞ է այս տեղեկությունը հանվել մամուլ:

Երկնային լեգիտիմության այս փնտրտուքն ու բավարարումն արդեն ծիծաղելի է դարձնում թե իշխանություններին, թե եկեղեցուն: Ո՞րն է մեր ջրային ռեսուրսների եւ եկեղեցու կապը: Հաղորդվում է, որ Արսեն Հարությունյանը եւ Գարեգին Բ-ն խոսել են ջրային ռեսուրսներից: Սա ուղղակի միջամտություն է պետական գործերին, նույնիսկ եթե Աստծո արարած ջրից կաթիլներ են մնացել Հայաստանում: Սա հոգեւոր բարձրագույն աթոռի հեղինակության վտանգում է: Հատկապես, եթե հաշվի ենք առնում, որ նույնիսկ Աստված ոչնչով չի կարող օգնել Հայաստանին:

Այս պետությունն ամեն օր նմանվում է ձեռքերն այս կողմերից լվացած Աստծո հողի: Ոչ՝ մոռացված, ոչ՝ մերժված, այլ՝ հատկապես Աստծով մի կողմ դրված տարածքի: Նայելով Հայաստանին՝ մարդուն թվում է, թե Պողոսը հենց մեր երկիրը նկատի ուներ, երբ ասում էր՝ աշխարհի իշխանը Սատանան է: Հայաստանի պակասող ջուրը մեր կառավարությունը լրացնում է իր ճառերով: Ամենուր կարելի է ջուր գտնել՝ բացի ջրամբարներից: Գետերն արդեն ցամաքում են, իսկ Սեւանն էլ ուզում են ճահճացնել: Հեչ չի երեւում, որ կաթողիկոսն այս մասին է խոսել Արսեն Հարությունյանի հետ: Որովհետեւ Արսեն Հարությունյանը մեր ջրերի վրա նստած դեւը չէ: Էդ դեւի տեղը կաթողիկոսը գիտի: Ինչու՞ է հատկապես հանդիպել Արսեն Հարությունյանի հետ: Կարելի էր չբացառել կաթողիկոսի մարդկային պարզ հետաքրքրությունը մեր ջրերի հանդեպ: Բայց դրա համար պաշտոնական հաղորդագրություն չեն հրապարակում:

Հետեւաբար՝ ի՞նչ են փորձել կիսել այս մարդիկ: Պարզ է, որ Հարությունյան Արսենին հաստատ չի հետաքրքրել՝ կա՞ Աստված, թե՞ ոչ: Եթե նա մինչեւ կաթողիկոսի մոտ գնալը չգիտի դա, ավելի վատ իր համար: Եթե կաթողիկոսով է ուզում համոզվել, շատ ավելի վատ կաթողիկոսի համար: Որովհետեւ քանի դեռ Աստված չկա, կաթողիկոսը չի ասի, որ կա: Իսկ եթե ազնվորեն ասի, որ չկա, Սեւանի ոչնչացումն անխուսափելի է: Որովհետեւ պատասխան տվողն ո՞վ է: Առավելեւս ու՞մ, պիտի պատասխան տան: Կաթողիկոսի ջրային բիզնեսների մասին ոչ մի տեղեկություն: Խելքին մոտ էլ չէ մեռնող ապրանքով բիզնես անել: Մենք վերջապես ունենք մի իշխանություն, որի ձեռքում ամեն ինչ մեռնում է: Ուրեմն, Արսեն Հարությունյանը հարցեր չունի: Մնաց կաթողիկոսը: Ի՞նչ է նրան հետաքրքրել: Եթե անկեղծ՝ դժվար է նույնիսկ ենթադրել:

Մեզ թույլ տանք չկասկածել տարածած հաղորդագրությանն ու ենթադրենք, որ կաթողիկոսը տագնապ ունի: Կա գլոբալ տաքացում, կա ջրի խնայողությունը մերժող իշխանություն եւ կա այս ամենի դեմ անզոր հասարակություն: Եկեղեցին հավանաբար փորձել է հասկանալ՝ ինչ կարող է անել, որ ամեն ինչ այդքան վատ չլինի: Բայց խնդիրն այն է, որ եկեղեցին Աստծո բացակայության պայմաններում այլեւս ոչինչ չի կարող առաջարկել մեր իշխանություններին: Հիմա նրանք կաթողիկոսից լավ գիտեն, որ Աստված չկա: Միակ բանը, որ կարող է անել կաթողիկոսը, դեւի մասին լռելն է: Հենց դա էլ նրա ուժն է՝ իմանալ, չհայտնել: Ի տարբերություն Աստծո, որը չկա, բայց նրա «տեղն» ասում են ամեն օր:

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: