13 հուլիս, 2017 14:16

Կներդրվի էլեկտրոնային տոմսերի վաճառքի միասնական համակարգ

Կառավարությունը հուլիսի 19-ի նիստում հաստատել է ՀՀ պետական և տարածքային կառավարման մարմինների ենթակայությամբ գործող թատերահամերգային, թանգարանային, սպորտային կազմակերպությունների և ժամանցային կենտրոնների էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգի ստեղծման, ներդրման և սպասարկման ծառայությունների գնման մրցույթի անցկացման կարգը, այդ համակարգի ստեղծման ու ներդրման ժամանակացույցը:

Արդյունքում ակնկալվում է սեղմ ժամկետներում վերոնշյալ կազմակերպությունների համար ներդնել էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգ, ինչը վաճառքի հնարավոր բոլոր ուղիների միջոցներով տոմսերի ձեռքբերումը կդարձնի առավել դյուրին ու հարմարավետ:

Տոմսերի գնման հասանելիությունն էապես կխթանի պահանջարկը, հետաքրքրությունը մշակութային, սպորտային ու ժամանցային կյանքի հանդեպ: Տոմսերի իրացման ընթացքի հետ կապված լիարժեք տեղեկատվությունն ու վերահսկելիությունն էական գործիք կհանդիսանան գնային քաղաքականությանը հետևելու և հնարավոր չարաշահումները կանխելու ուղղությամբ: Միասնական համակարգ ունենալու դրական կողմերից է այն, որ միասնական համակարգ ներդրող, շահագործող և սպասարկող կազմակերպությունը չի զբաղվելու տոմսերի վաճառքով, տոմսերի վաճառքն իրականացվելու է գործակալական ցանցի միջոցով, որին ցանկացած ժամանակ կարող են միանալ փոքր և միջին կազմակերպություններ:

Արդյունքում հավասար պայմաններ են ստեղծվելու բոլոր տնտեսվարողների համար՝ տրամադրելով նույնանման պայմաններ տոմսերի վաճառքի գործակալ դառնալու դեպքում: Նախատեսվում է 2017 թ. աշնանը Երևան քաղաքում թատերահամերգային, թանգարանային, սպորտային, ժամանցային միջոցառումների տոմսերի իրացումն իրականացնել նոր համակարգի միջոցով, իսկ մինչև տարեվերջ այն ամբողջությամբ կիրառելի դարձնել ՀՀ ամբողջ տարածքում:

Որոշմամբ առաջարկվում է գործընթացն իրականացնել նախաորակավորման հայտարարություն հրապարակելու միջոցով և ներկայացված հայտերի գնահատման ու բանակցությունների վարման արդյունքում գնման հրավերը տրամադրել միայն նախաորակավորված մասնակիցներին: Հաղթող ճանաչված կազմակերպությանը կառաջարկվի կնքել պայմանագիր, որի նախատեսված պայմաններով կապահովվի համակարգի տեխնիկական սպասարկումն ու շահագործումը, ինչպես նաև պատասխանատվությունը համակարգի հետագա բարելավման և վերազինման համար: