13 հուլիս, 2017 16:20

Սերժ Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ:

Նա այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտու մարտական դիրքերից մեկը՝ շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման ու զինվորների կենցաղային պայմաններին, ինժեներական և ամրաշինական կառույցների, մարտական պատրաստականության վիճակին:

Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը մասնակցել է Իջևանում տեղակայված զորամասի նոր մշտական տեղակայման վայրի բացման հանդիսավոր արարողությանը։ 

Նույն օրը պաշտպանության նախարարության Դիլիջանի «Լեռնային Հայաստան» առողջարանում Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարին:

Տավուշի մարզ Սերժ Սարգսյանի վերջին այցը հունիսի սկզբին էր։