14 հուլիս, 2017 16:00

Դատախազը Լապշինի համար պահանջել է վեց ու կես տարվա ազատազրկում

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը, որին փետրվարին Ադրբեջանի պահանջով արտահանձնել էր Բելառուսը։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը, դատախազը Լապշինի համար պահանջել է 6 տարվա և 6 ամսվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում, որից հետո պետք է արտաքսվի Ադրբեջանից այդ երկրի Քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի համաձայն։

Լապշինի փաստաբանը ժամանակ է խնդրել ելույթը նախապատրաստելու համար։

Դատավարությունը կշարունակվի հուլիսի 19-ին։

Իսրայելի, Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի Լապշինը, որի գործով քննությունը վարում է Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունը, գործում որպես մեղադրյալ է ներգրավված՝ Ադրբեջանի պետական սահմանի «ապօրինի հատման», «երկրի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված բաց կոչերի» մեջ։

Լապշինը երկու անգամ՝ 2011 և 2012 թվականներին, այցելել է Լեռնային Ղարաբաղ, կոչեր է հնչեցրել Ղարաբաղի անկախությունը ճանաչելու վերաբերյալ։

Դատարանում Լապշինը հայտարարել է, որ «իրեն մեղավոր չի ճանաչում»։

«Ես կատարել եմ զբոսաշրջային ուղևորություններ։ Ղարաբաղյան հակամարտության մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստացել եմ մեղադրական գործի նյութերից։ Իմ բլոգում կիսել եմ զբոսաշրջային տպավորություններս, և դրանք քաղաքական հրապարակումներ չէին։ Ես Ղարաբաղում եղել եմ երկու անգամ և որևէ շփում չեմ ունեցել տեղացի պաշտոնյաների հետ»,- ասել է բլոգերը։