17 հուլիս, 2017 17:09

Թբիլիսիում անցել է «Վրացիների քայլերթը»՝ ընդդեմ ապօրինի ներգաղթյալների

Հուլիսի 14-ին Թբիլիսիի կենտրոնական՝ Աղմաշենեբելի պողոտայում, տեղի է ունեցել զանգվածային բողոքի ակցիա՝ «Վրացիների քայլերթ» խորագրով։ Ակցիայի մասնակիցները բողոքում էին ապօրինի ներգաղթյալների դեմ՝ պահանջելով խստացնել Վրաստանի միգրացիոն օրենսդրությունը և սահմանափակել օտարեկրացիներին կեցության իրավունքի տրամադրումը։ Պահանջների թվում է նաև հասարակական կազմակերպությունների օտարերկրյա ֆինանսավորման արգելքը։ Ինչպես ՍիվիլՆեթին պատմեց Վրաստանի հայալեզու «Ալիք Մեդիա» կայքի լրագրող և ցույցի ականատես Աննա Պեչենևսկայան, նախորդ տարվա նմանատիպ բողոքի ակցիայի համեմատ՝ այս տարվա հավաքն ավելի զանգվածային էր՝ ոստիկանական ուժերի ներգրավմամբ, բացի այդ, «աննախադեպ էր հոգևորականների մասնակցությունը»։ Ուրբաթ օրվա ակցիային մասնակցել է ավելի քան հինգ հազար մարդ։ Վրաստանյան լրատվամիջոցները բողոքի ակցիան բնութագրում են որպես «ազգայնականների, ծայրահեղ ազգայնականների» քայլերթ։ Հաղորդվում է, որ ակտիվիստները երգել են ազգային երգեր և կրել ազգայնական կոչերով պաստառներ։ Ինչպես ընդգծում է «Ալիք Մեդիա» կայքը, բազմամարդ երթի առիթ էր դարձել վերջերս Իրանի 51-ամյա քաղաքացու կողմից Վրաստանում անչափահաս տղայի նկատմամբ բռնությունը: 

Ցույցի կազմակերպիչներից էր Վրաստանի՝ Սփյուռքի հարցերով պետական նախարարի նախկին տեղակալ (2014 – 2016թթ․) Սանդրո Բրեգաձեն, հաղորդում է civil.ge կայքը։ Բրեգաձեն, որն առաջնորդում է ազգային կողմնորոշմամբ շարժում, հունիսի 29-ին Ֆեյսբուքում արած գրառմամբ վերջնագիր էր ներկայացրել բոլոր «ապօրինի ներգաղթյալներին»՝ կոչ անելով «իրանցիներին, արաբներին, աֆրիկացիներին և այլոց» լքել Վրաստանի տարածքը մինչև հուլիսի 14-ը։

«Մենք կմաքրենք մեր փողոցները օտարերկրյա հանցագործներից»,- գրել էր Բրեգաձեն։ 

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի հետ զրույցում Բրեգաձեն ասել է, որ հավաքը կդառնա «ազգային ազատագրական նոր շարժման սկիզբ»՝ ընդդեմ «սորոսական, լիբերաստական գաղափարախոսության», որը «ռուսաստանյան բռնազավթումից պակաս վտանգավոր չէ»։

Ակցիայի մեկ այլ կազմակերպիչ՝ երգիչ Գիա Կորկոտաշվիլին բողոքել է, որ ներգաղթյալները Վրաստանում բացել են հասարակաց տներ և նախազգուշացում է հղել իշխանություններին, որ այլևս նման բաներ թույլ չտան։

Պատասխանելով հարցադրմանը, թե «ո՞ւր կորավ վրացական հյուրընկալությունը», երգիչն ասել է, որ «մեծացել է բազմազգ միջավայրում, շրջապատված հայերով, ադրբեջանցիներով, հրեաներով, սակայն «կան արարքներ, որոնք պատիվը թույլ չի տալիս հանդուրժել»։

Թբիլիսիում շատերը հակված են մտածելու, որ ակցիան կազմակերպված է Ռուսաստանի կողմից։

Ինչպես հաղորդում է վրացական Democracy & Freedom Watch կայքը, կազմակերպիչներն իշխանություններին տվել են մեկշաբաթյա վերջնագիր։ Կայքը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ հավաքին միացել են միայն «Վրաց հայրենասերների դաշինք» և «Ժողովրդավարական շարժում» կուսակցությունները, որոնցից առաջինը խորհրդարանում ունի վեց տեղ, երկրորդը ներկայացված չէ օրենսդիր մարմնում, սակայն տեղ ունի Աջարիայի ինքնավարության Գերագույն խորհրդում։

Լուսանկարները՝ «Ալիք Մեդիա»-ի և EPA գործակալության

Ստելլա Մեհրաբեկյան