17 հուլիս, 2017 17:33

Մոմավառություն` զոհված ոստիկանների հիշատակին

Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում այս պահին տեղի է ունենում մոմավառություն` անցյալ տարվա հուլիսին փոխհրաձգությունների հետևանքով զոհված երեք ոստիկանների հիշատակին:

«Սասնա ծռեր» զինված խմբի` ՊՊԾ գնդի վրա հարձակման հետևանքով զոհվեցին ոստիկաններ Արթուր Վանոյանը, Յուրի Տեփանոսյանը և Գագիկ Մկրտչյանը։

Ոստիկաններն իրենց ընտանիքի անդամների հետ մոտենում են և տեղադրում են ծաղիկները ՊՊԾ գնդի պարիսպների մոտ: Քիչ առաջ ՊՊԾ գնդի մոտ են եկել նաև զոհված ոստիկանների ընտանիքի անդամները: ՊՊԾ գնդի տարածքում են նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես նաև ԱԺ մի շարք պատգամավորներ:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի լրագրողը Խորենացի փողոցում այս պահին գտնվում են մեծաքանակ ոստիկաններ: ՊՊԾ գնդի պատին ամրացված է երեք ոստիկանների անուններով հուշատախտակ: