17 հուլիս, 2017 10:17

Սերժ Սարգսյանը խոսել է 2018թ․ իր վարչապետ լինելու հնարավորության մասին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չի հստակեցնում՝ արդյոք ինքը զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը, երբ 2018թ․ ապրիլին լրանա իր նախագահության երկրորդ ժամկետը, և երկիրն ամբողջությամբ անցնի կառավարման խորհրդարանական համակարգի։

«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը, որը հեռարձակվել է հուլիսի 16-ի երեկոյան, ի պատասխան հաղորդավար Սաթիկ Սեյրանյանի հարցի՝ «Դուք ցանկանո՞ւմ եք լինել վարչապետ 2018թ․», Սերժ Սարգսյանը պատասխանել է․

- Ես բազմաթիվ անգամ ասել եմ, և դա ես ասել եմ անկեղծորեն, առանց որևէ բան պահելու՝ ես երբեք չեմ մտածել, թե որն է լինելու իմ հաջորդ գործունեության ոլորտը։ Եվ նույն կերպ հիմա եմ շարունակում մտածել։ Դեռևս հսկայական ժամանակ կա։ Իսկ ի՞նչ էական է դա։ Արդյոք էակա՞ն է։ Էական չի, չէ՞։ Մեր երկրում տեղի է ունեցել քաղաքական պրոցես՝ ընտրություններ։ Մեր երկիրն արդեն խորհրդարանական կառավարման երկիր է։ Ով խորհրդարանում ունի մեծամասնաություն, նա էլ առաջադրելու է վարչապետի իր թեկնածությունը։ Իհարկե, անձերից շատ բան է կախված, բայց Հայաստանը արդեն անձակենտրոն իշխանություն չունի։ Եվ կարծում եմ, որ դա մեր ժողովրդի վաստակն է։ Եվ մեր ժողովուրդը դրա դրական ազդեցությունը գոնե տեսավ ընտրություններից հետո, երբ որ առաջին անգամ պատմության մեջ մարդիկ չհավաքվեցին և չասացին, որ հիմա հեղափոխություն են անելու։ Կարևորը սա է։