17 հուլիս, 2017 14:25

«Իսկանդերը» միայն բարոյական, հոգեբանական նշանակություն չունի․ Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը, որի շրջանակում հանգամանալից խոսել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի, շփման գծում միջադեպերի, սպառազինությունների, Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասին։ Հարցազրույցից հատված՝ ստորև։

- Ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի այս փուլի ագրեսիվությունը, և ինչո՞ւ է միջազգային հանրությունը շարունակում հավասարության նշան դնել նույնիսկ այն դեպքում, երբ հայկական կողմը ապացույցներ է ներկայացնում։

- Ես չեմ համարում, որ հուլիսի 4-ին տեղի ունեցած իրադարձությունները ինչ-որ նոր փուլ են հակամարտության ընթացքում, որովհետև լարվածությունը, որը տիրում է շփման գծում, վաղուց  է հաստատվել ցավոք սրտի և մերթընդմերթ լինում են տեղային նշանակության միջադեպեր, որոնք կողմերի ու կողմերի լրատվամիջոցների շնորհիվ ստանում են հասարակական լայն հնչեղություն։ Սովորաբար դրանք լինում են այն դեպքում, երբ մարդկային զոհեր են լինում։

Իսկ թե ինչու է արդեն տևական ժամանակ լարված իրավիճակ տիրում, կարծում եմ շատ-շատերի համար պարզ է և հասկանալի։ Այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրեթե բացահայտորեն որոշեց, որ պետք է հրաժարվի մադրիդյան սկզբունքների հիման վրա լուծումից, նրան այլ ելք, այլ ճանապարհ չէր մնում։

Եթե հրաժարվում է առաջարկված տարբերակից, և սահմաններում տիրում է անդորր, ապա և միջազգային հանրությունում, և Ադրբեջանի ներսում պետք է ստեղծվի կարծիք, որ Ադրբեջանը համակերպվել է ստեղծված իրավիճակի հետ, ստատուս քվոյի հետ։ Ուստի պետք է լարված իրավիճակ, պետք են միջադեպեր, որպեսզի մի կողմից նախ սեփական հանրությանը բերվեն փաստեր, համոզեն, որ նրանք շարունակում են լրջորեն պայքարել Լեռնային Ղարաբաղը գրավելու համար կամ իրենց կազմ վերադարձնելու համար, մյուս կողմից էլ միջազգային հանրությանը համոզեն, որ իրենք չեն համակերպվում այս իրավիճակի հետ։ Իսկ ես չեմ կիսում այն կարծիքը, որ Մինսկի խումբը կամ միջազգային այլ կառույցներ հավասարության նշան են դնում։ Առնվազն երեք անգամ շատ հստակ ի ցույց էր դրվել, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը։ Ուրիշ ինչպե՞ս պետք է վարվի Մինսկի խումբը կամ միջազգային հանրությունը։

Ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին, իսկ բոլորը դրանում համոզված են, դրանում կարող եք վստահ լինել, որ խախտող կողմը Ադրբեջանն է, ես քիչ հետո դրան կանդրադառնամ․․․ իրենք ինչպե՞ս պետք է վարվեն։ Ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին՝ դա կնշանակի խրախուսել հայկական կողմին, շատ ավելի կոշտ պատասխան տալ կամ էլ շատ ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել։ 

Անկեղծորեն ասած՝ ես մի անգամ կիսապաշտոնական միջավայրում երկար զրույց եմ ունեցել համանախագահ երկրներից մեկի ներկայացուցչի հետ և ասել եմ՝ ինչո՞ւ դուք կոնկրետ մատնացույց չեք անում։ Ասեց՝ գիտեք՝ կոնկրետ մատնացույց անելու պարագայում մենք կարող ենք դառնալ կողմ և բոլորը կարող են մտածել, որ մենք հայամետ քաղաքականություն ենք վարում, իսկ մեր խնդիրն է բանակցային պրոցեսը շարունակել, որովհետև բանակցային պրոցեսին այլընտրանք չկա, դրա այլընտրանքը ռազմական գործողություններն են, որը ցանկալի չի նաև մեզ համար և առաջին հերթին մեզ համար, որովհետև մեր սպայի կյանքը, մեր զինվորի կյանքը մեզ համար շատ թանկ է։

-  Եթե Ադրբեջանը այնուամենայնիվ կատարած լիներ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, մասնավորապես, տեղադրված լինեին միջադեպերն արձանագրող սարքավորումները, թերևս նման ռազական գործողությունների ժամանակ ամեն ինչ տեսանելի կլիներ, մյուս կողմից հարց է ծագում՝ արդյոք ԵԱՀԿ Մինսկի խումբը անզո՞ր է պարտադրելու այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել հենց իր հովանու ներքո անցած հանդիպումներում։ Եվ եթե անգամ այս տեխնիկական հարցում չեն կարող պարտադրել Ադրբեջանին, ապա քաղաքական որոշումները ինչպե՞ս են պարտադրելու Ադրբեջանին։

- Նախ նորից եմ կրկնում՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար որևէ կասկած չկա, նրանք շատ հստակ գիտեն՝ որ կողմն է լարվածության հեղինակը և որ կողմն է նախահարձակ լինում։ Երկրորդ՝ Մինսկի խումբը ամենազոր չի։ Այ դուք ասում եք՝ անզոր են, իսկ ես ասում եմ՝ ամենազոր չեն կոնկրետ պարագայում։ Եթե Մինսկի խմբի համանախագահ երկրներից յուրաքանչյուրը առանձին-առանձին ցանկանա ինչ-որ բան պարտադրել Ադրբեջանին, իհարկե կարող է, եթե այդ բանը թիվ մեկ խնդիր է իր համար, իր երկրի համար։ Մի հանգամանք էլ կա՝ պարտադրանքը միշտ չէ, որ արդյունավետ է լինում։

Երրորդ հանգամանքը կա՝ այստեղ խնդիրը նրանում չէ, ոպեսզի համանախագահները իմանան և հայտարարեն՝ որ կողմը խախտեց։ Երբ մենք խոսում ենք մեխանիզմի մասին, խոսքը գնում է ոչ միայն որոշելու մասին, թե որ կողմն է խախտել, այլև հետաքննություն անցկացնելու, թե կողմերից որ մեկի որ զինվորը որ սպան խախտեցին այդ ռեժիմը։

Իհարկե, մեր պահանջն է, որ ստեղծվի հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմ, և շատ պարզ պատճառով ադրբեջանցիները չեն գնում դրան։ Ամեն անգամ Ադրբեջանը ինչ-որ պատրվակով հրաժարվում է։ Ի՞նչը կարող է երաշխավորել ցանկացած լուծման շարունակականություն։ Ես բազմաթիվ անգամներ ասել եմ՝ թիվ մեկ երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժերն են, ամենավստահելի երաշխիքը։ Բայց ցանկացած քաղաքական պայմանավորվածություն ունենալու է հաստատում տարբեր միջազգային կառույցներում, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Եվ այստեղ կան բազմաթիվ մեխանիզմներ, այդ թվում՝ պարտադրանքի, և եթե քաղաքական լուծում լինի, ապա սեփական զինված ուժեր գումարած քաղաքական սատարում, կարող է տարածշրջանում բերել խաղաղություն։

- Երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպումը ե՞րբ է հնարավոր, լինելո՞ւ է թե՞ոչ, ի՞նչ ակնկալիքներ կան։

- Մենք առանձնապես ակնկալիքներ չունենք այդպիսի հանդիպումներից, որովհետև այդպիսի հանդիպումները պետք է նախապատրաստվեն, իսկ դա ենթադրում է կոնկրետ առաջարկություններ։ Այդ աշխատանքը չկա, բայց մենք դեմ չենք որևէ հանդիպման և մշտապես դրան պատրաստ ենք։ Ակնկալիքներս այդ հանդիպումից մեծ չեն, և այն կարող է կայանալ աշնանը։

- Ո՞րն է առավելագույն զիջումը, որին այսօր պատրաստ է Հայաստանը։

- Ապրիլյան քառօրա պատերազմից հետո մեր սկզբունքային դիրքորոշումների մեջ որևէ նոր մոտեցում չկա։ Ես վստահ եմ, որ Ադրբեջանի դիրքորոշումներում էլ որևէ փոփոխություն չկա։ Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից, և դա հասկանալի դառավ բոլորին։

Ինչ վերաբերում է զիջումներին, գոնե վերջին քսան տարիների ընթացքում մենք որևէ կերպ որևէ տեղ որևէ ձևով չենք խոսել զիջումների մասին, մենք մշտապես խոսել ենք և հիմա էլ շարունակում ենք խոսել խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին։ Սրանք տարբեր բաներ են, և ես վստահ եմ, որ եթե այս խնդիրը նույնիսկ 20 տարի էլ լուծում չստանա, ապա հայկական կողմի մոտ երբեք չի լինի ցանկություն զիջումների միջոցով գնալ իրավիճակի թեթևացման, որովհետև սա կործանարար ճանապարհ է և երբեք չի կարող լուծել խնդիրները։

Ինչո՞ւ դիրքորոշումների մեջ ես փոփոխություններ չեմ տեսնում։ Որովհետև ակնհայտ է հայկական կողմի ցանկությունը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ի վերուստ տրված իրավունք է, միջազգային իրավունքով նախատեսված սկզբունք է, և այն պետք է իրացվի։ Երկրորդ կետը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ունենա ցամաքային սահման Հայաստանի Հանրապետության հետ։ Եվ երրորդ սկզբունքային դիրքորոշումը՝ Լեռնային Ղաաբաղի Հանրապետությունը պետք է ունենա անվտանգության հուսալի երաշխիքներ, և այս 20 տարիների ընթացքում մենք խոսել ենք այս խնդիրների շուրջ։ Ադրբեջանի դիրքորոշումն էլ է պարզ․ նա ասում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է, այսինքն՝ ԼՂ-ն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է և այդպիսին պետք է շարունակի մնալ։

Մենք մշտապես նոր ճանապարհներ ենք առաջարկում, բայց դրանք ընդամենը ճանապարհներ են, նոր լուծումներ չեն և ինտենսիվ բանակցությունների փուլում շատ տարբերակներ ենք առաջարկել։

- Որո՞նք են հիմնական պատճառները, որ միջնորդները մերժում են Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին, հնարավո՞ր է կամ ե՞րբ է հնարավոր, որ ԼՂ-ն նորից դառնա բանակցությունների կողմ։

- Այստեղ խոսքը միջնորդների մասին չէ, Ադրբեջանն է հրաժարվում Ղարաբաղի մասնակցությամբ բանակցային պրոցես անցկացնել, բայց բոլոր տարբերակներում, որոնց ես գոնե տեղյակ եմ, ԼՂ-ն անմիջականորեն մասնակցում էր հիմնական փաստաթղթի ձևավորմանը։ Այսինքն ունենալով սկզբունքային համաձայնություն մադրիդյան տարբերակի հետ, այնուհետև բանակցություններին միանում էր ԼՂ-ն։ Այնպես որ Ղարաբաղի մասնակցությունը արդեն իսկ սկզբունքների շուրջ ձևավորվող փաստաթղթին պարտադիր է։ Իսկ հիմա հարց դնել ասել՝ կամ Ղարաբաղը մասնակցում է, կամ մենք ընդհանրապես բանակցային պրոցեսին չենք մասնակցում, մեզ դա ի՞նչ է տալիս։ Դա նույն բանն է, որ մենք ուղղակի հայտարարենք, որ չենք ուզում բանակցություններ։

- Ապրիլյան պատերազմից հետո մինչ օրս որքանով է փոխվել սպառազինությունը իր որակական առումով, և անցյալ տարվա ապրիլին Գերմանիայում երբ Դուք հայտարարեցիք, որ հայկական կողմը կռվում է 80-ականների զենքով, ինչը լայն քննարկկումների առիթ դարձավ, կբացատրեք՝ ինչո՞ւ այդպես ասացիք և ո՞ւմ էր ուղղված։

- Մեր զինված ուժերի սպառազինությունը պարբերաբար թարմացվում է, մենք լուրջ սպառազինություն էինք ձեռք բերել ինչպես մինչև քառօրյան, այնպես էլ դրանից հետո։ Մեր խնդիրն է, որ ցանկացած ռազմական գործողություն՝ լինի մեկօրյա, մեկ տարվա, հինգ տարվա, դա դաս է, որը պետք է սերտես ու հետևություններ անես, որովհետև հենց ռազմական գործողությունների ժամանակ է դրևսորվում, թե քո հակառակորդը ինչ է օգտագործում և ինչ ձևով է օգտագործում և փորձես գտնել դրա հակաթույնը։

Ինչ վերաբերում է Գերմանիայում իմ ասածին՝ նախ քաղաքագետները պետք է լավ հասկանան, թե խոսքը որ լսարանում է հնչում և ինչ նպատակով է հնչում։ Սա մեկ։ Եվ երկրորդ, այն ժաանակ մենք չունեինք որոշ զինատեսակներ, որ Ադրբեջանը հասցրել էր ձեռք բերել։ Իսկ ինչ է, գաղտնի՞ք է, որ Ադրբեջանը մեզնից հարուստ է, ավելի շատ միջոցներ է ծախսում զինատեսակների վրա և այլն։ Եթե որևէ մեկն ասում է, որ կարող է Հայաստանը երկու տարում կամ հինգ տարում դարձնել ավելի հարուստ պետություն, քան Ադրբեջանը, այդ մարդուն պետք է հեռու քշել քաղաքականությունից, որովհետև դա շառլատանություն է, սուտ է, դրա համար շատ տևական ժամանակ է պետք։

Մենք և այն ժամանակ, և այսօր ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնել այն վտանգը, որը սպառնում է ԼՂ-ին կամ Հայաստանին։

Կրկնեմ ասածներս՝ պատերազմում միայն զենքը չի հաղթում։ Պատերազմի հիմնական գործող անձը զինվորն ու սպան են, զինվորն ու հրամանատարն են, և նրանք պետք է ունենան ոչ թե ամենաժամանակակիցը, որովհետև դա անհնար է, այլ բավարար զինատեսակ և զինամթերք խնդիրը լուծելու համար։ Այսօր մեր զինված ուժերը ունեն բավարար զինատեսակներ և բավարար զինամթերք։

- 80-ականների զենքի մասին Ձեր հայտարարությունը ընկալվեց, որ դրա անուղղակի հասցեատերը Ռուսաստանի Դաշնությունն է, որը ինչպես այն ժամանակ, հիմա էլ շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին։

- Հիմա ես ճիշտ եմ ասել, մարդիկ ճիշտ են ընկալել, բա ինչո՞ւ են ուրիշները շահարկում։ Ուրեմն ասածներիս նպատակներից մեկն էլ միգուցե դա է եղել։

- Դուք այդ ժամանակ Ձեր անհանգստությունը արտահայտեցիք այդ զենքի վաճառքի հետ կապված։ Ռուսաստանի պատասխանը մշտապես հանգում է նրան, որ դա բիզնես է և որ այդպիսով Ռուսաստանը ապահովում է ռազմական հավասարակշռությունը հակամարտող երկրների միջև։ Արդյոք այնուամենայնիվ ռուսական կողմի այս դիրքորոշումը հիմք չէ՞, որ Հայաստանը որոշակիորեն վերանայի իր հարաբերությունները ռազմավարական դաշնակցի հետ։

- Նախ, ես երբևէ չեմ լսել ռուսական կողմի պատասխանը, գոնե հրապարակավ, և եթե մի ռուս քաղաքական գործիչ կամ վերլուծաբան կամ նույնիսկ պաշտոնյա ինչ-որ բաներ է ասում, դա չի նշանակում, որ դա ռուսական կողմի պատասխանն է։ Ռուսական կողմը կարող է պատասխանել նախագահի շուրթերով, արտաքին գործերի նախարարի շուրթերով։ Պետք է պաշտոնական պատասխան լինի։ Բա ուրիշ ինչպե՞ս։ Այդ խնդիրը մեր ռազմական համագործակցության և մեր հարաբերությունների ամենացավալի կողմն է։ Այդ հարցը, իմ կարծիքով, ստվերում է շատ բան։ Բայց մյուս կողմից էլ կան հանգամանքներ, և միգուցե դրանք մեզ համար ընդունելի չեն, բայց իրենց համար ընդունելի են։ Դեռևս որևէ ուրիշ բան չի պատահել։ Եթե ինչ-որ մի ժամանակ լուրջ հետևանքներ լինեն, այդ ժամանակ կարելի է մեղադրել, իսկ եթե լուրջ հետևանքներ չլինեն, մենք դա պիտի համարենք որպես ռուսական կողմի երկարաժամկետ քաղաքական գործունեություն տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար։

Ինչ վերաբերում է Ձեր շուրթերով հնչած՝ տարբեր մարդկանց կողմից արտահայտվող մտքին, դրանք ծայրահեղ վտանգավոր խոսքեր են, ծայրահեղ վտանգավոր իրավիճակ կարող են ստեղծել։ Ոչ թե խոսքերը միայն, այլ գործողությունները։ Իսկ երբ ասում եք՝ վերանայենք, իսկ ո՞ւմ հետ եք ուզում որ բարելավենք՝ Թուրքիայի՞, թե՞ ՆԱՏՕ-ում բոլորը գրկաբաց կանգնած սպասում են, որ Հայաստանը հիմա գա էնտեղ։ Թե՞ մենք բոլորի հետ թշնամանում ենք, ասում ենք՝ դուք օգնում եք Ադրբեջանին և մենք մենակ ելնում ենք ամբողջ աշխարհի դեմ։

- Խոսքը ոչ թե խզելու, այլ անվտանգության քաղաքականության հարցերի դիվերսիֆիկացիայի մասին է։

- Ի՞նչ է նշանակում դիվերսիֆիկացնել։ Այդ խոսքերը գուցե նախատեսված են հասարակության այն շերտերի համար, ովքեր չունեն համապատասխան գիտելիք և իրենց դա պետք չի, ուստի կարելի է նրանց այդ ընդհանուր խոսքերով բավարարել։ Բայց ինձ հնարավոր չէ ընդհանուր խոսքերով բավարարել։ Ի՞նչ է նշանակում դիվերսիֆիկացնել։ Մենք միայն սևեռված ենք խաբքի՞ վրա, Ռուսաստանի՞ վրա, չունե՞նք հարաբերություն ՆԱՏՕ-ի հետ, չունե՞նք հարաբերություն Եվրամիության հետ։

- Ոչ այդ ծավալով։

- Իսկ ի՞նչ ծավալով էիք ուզում ունենալ։

- Համաչափ չէ։

- Համաչափ։ Իսկ կարծում եք՝ դա հնարավո՞ր է։ Ես կարծում եմ, որ էսօր մենք վարում ենք հենց էդպիսի քաղաքականություն՝ ունենալով, այո, մերձավոր դաշնակիցներ ու նաև համագործակցելով գործընկերների հետ։

- Երբ սրվում է իրավիճակը, հասարակությունը սպասում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձագանքին՝ գոնե հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող դեպքերի ժամանակ։ Եվ ընկալում կա, որ ՀԱՊԿ-ի անդամ-երկրները ունեն որոշակի սերտ կապեր մեր թշնամի երկրի, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի հետ, և ավելի շատ սատարում են այն կողմին, որևէ կերպ չեն արձագանքում։

- Նախ պետք է ասեմ, որ ՀԱՊԿ-ը, դրա գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անձամբ մշտապես արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին և արձագանքել է շատ կոշտ։ Երկորդ՝ ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ը ավելի պասիվ դերակատարություն պետք է ունենա շփման գծի հետ կապված իրադարձությունները մեկնաբանելիս, որովհետև իրենք ունեն դիրքորոշում՝ այնտեղ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն են և ոչ թե հայկական բանակը։ Եվ երրորդ՝ ամենակարևորը՝ որպեսզի ՀԱՊԿ-ի գործողությունների մասին կարողանանք ամբողջական պատկերացում ունենալ, պետք է ուսումնասիրենք ՀԱՊԿ-ի ընդունած փաստաթղթերը, հայտարարությունները։ Խնդրեմ, անցյալ տարի Երևանում ունեցանք ՀԱՊԿ-ի գագաթաժողով՝ նայեք, թե ինչ բանաձև է ընդունվել այդ գագաթաժողովում։  Էմոցիոնալ կողմը շատ կարևոր է, շատ լավ դա հասկանում եմ, բայց կարևորը էությունն է նաև։ Իր էության մեջ ՀԱՊԿ-ը երբեք չի արել հայտարարություն, որը կարող է հակասել Հայաստանի շահերին։

- Ի՞նչ գործոնների դեպքում և ի՞նչ պայմաններում Հայաստանը կարող է կիրառել «Իսկանդեր» համալիրները։

- Անհրաժեշտության պարագայում։ Մի մոռացեք, որ մեր զրույցը դիտում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Դուք ինձ պարտադրում եք պատասխանել հարցի, որի պատասխանը ունենալու համար բազմաթիվ հատուկ ծառայություններ հսկայական ռեսուրսներ են ծախսում։ Իսկ ով կարծում է, որ «Իսկանդերը» միայն բարոյական, հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»։ Երբ իմանա՝ կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը։