4 օգոստոս, 2017 18:00

Վարչապետն այցելել է Zangi ընկերություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՏՏ ոլորտի Zangi ընկերություն, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։ 

Կառավարության ղեկավարին դիմավորել են Zangi-ի ներդրող Էդուարդ Մարությանը և տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը՝ ծանոթացնելով վարչապետին ընկերության գործունեությանը, ձեռքբերումներին, ընթացիկ և հեռանկարային ծրագրերին:

Նշվել է, որ Zangi-ն նոր սերնդի կոմունիկացիոն համակարգ է, որը թույլ է տալիս կատարել անվճար զանգեր, տեսազանգեր և փոխանակել հաղորդագրություններ: Zangi-ն հնարավորություն է տալիս իրականացնել 720p թույլատվությամբ live-տեսազանգեր:

Zangi-ի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ հավելվածն ունի 1,5 միլիոն բաժանորդ և օրական դրա միջոցով կապ են հաստատում տասնյակ-հազարավոր մարդիկ: 2016թ.-ից ընկերությունը մտել է զարգացման նոր փուլ, մասնավորապես, աjն ձեռք է բերել 20+ Business-To-Business (B2B) գործընկերներ աշխարհի 12 երկրից։ Այժմ Zangi-ն մասնակցում է երկրների մասշտաբով հեռահաղորդակցման ենթակառուցվածքների ստեղծման վրա։ 

Հայկական հավելվածն առաջարկում է ցածր արագությամբ ինտերնետ կապով աշխատելու հնարավորություն: Տեղեկացվել է նաև, որ Zangi-ի կողմից արհեստական բանականության հիման վրա մշակված «Antiblocking» տեխնոլոգիան թույլ է տալիս գործել մեսենջերների աշխատանքը սահմանափակող երկրներում։ 

Հայկական հավելվածն այս տարի ներկայացվել է Բարսելոնայում անցկացված Mobile World Congress-ում և այժմ պատրաստվում է մասնակցել Դուբայում և Լոնդոնում կայանալիք GITEX ու Capacity Europe հեռահաղորդակցության ոլորտի ամենախոշոր ցուցահանդեսներին։

Կառավարության ղեկավարը կարևորել է ՏՏ ոլորտի, մասնավորապես, հայաստանյան ընկերությունների հետևողական զարգացումը՝ ընդգծելով, որ այս բնագավառը շարունակելու է գտնվել կառավարության ուշադրության կենտրոնում: Վարչապետն ավելացրել է, որ գործադիրը պատրաստ է քննարկել մասնավոր հատվածի կողմից ոլորտի առաջընթացին միտված առաջարկություններն ու ծրագրերը՝ դրանք կյանքի կոչելու նպատակով: