7 օգոստոս, 2017 15:29

Քննարկվել է Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցման ներդրումային ծրագիրը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Global Reserves Management ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Ուիթֆիլդին, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորություններն ու հետագա քայլերը:

Վարչապետը նշել է, որ թափոնների կառավարման ոլորտում կառավարությունն ունի հստակ ռազմավարություն և հետևողականորեն իրականացնելու է այն: Կարեն Կարապետյանը ողջունել է մեր երկրում աղբի վերամշակման ծրագիր իրականացնելու ընկերության շահագրգռվածությունը և հայտնել կառավարության պատրաստակամությունը՝ ցուցաբերելու անհրաժեշտ տեխնիկական օժանդակություն:

Ռոբերտ Ուիթֆիլդը վարչապետին է ներկայացրել իր գլխավորած ընկերության գործունեությունն աղբի վերամշակման ոլորտում: Կողմերը պայմանավորվել են ծրագրի ուղղությամբ նախնական գնահատական կազմելու նպատակով առաջիկայում իրականացնել անհրաժեշտ ուսումնասիրություններ, այնուհետև դրանց հիման վրա շարժվել առաջ: