10 օգոստոս, 2017 15:17

Սևրի մասին․ Խատիսյան, Քաջազնունի, Վրացյան

1920 թվականի այս օրը՝ օգոստոսի 10-ին, Փարիզի մերձակա Սևրում ստորագրվեց նույնանուն դաշնագիրը` բաղկացած 352 հոդվածներից։ Այն ստորագրել են մի կողմից Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, որոնք պայմանագրում նշված են որպես գլխավոր դաշնակից տերություններ, ինչպես նաև վերոհիշյալ գլխավոր տերությունների դաշնակից Հայաստանը, Բելգիան, Հունաստանը, Հիջազը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբախորվաթասլովենական պետությունը և Չեխոսլովակիան: Ստորագրող երկրորդ կողմը պարտված Օսմանյան կայսրությունն էր:

Սևրի մասին ներկայացնում ենք տեսակետներ, որոնք տեղ են գտել Հայաստանի Հանրապետության (1918-1920/21 թթ) վարչապետների գրքերում։

Հատված երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» գրքից (Տասնչորսերորդ գլուխ, «Ալեքսանդրապոլի բանակցությունը և դաշնագրի կնքումը»).

«Ժամը 5-ին բացվեց խորհրդաժողովը: Իմ առաջարկությամբ նախագահությունը ստանձնեց Կարաբեքիր փաշան: Իմ առաջարկը բխում էր միջազգային իրավունքում ընդունված այն սկզբունքից, որի համաձայն խորհրդաժողովներում նախագահում է այն պետության ներկայացուցիչը, որի իշխանության տակ է գտնվում ժողովի վայրը՝ ժամանակավոր կամ ընդմիշտ:

Նիստը բացելով՝ Կարաբեքիր փաշան պաշտոնապես ողջունեց պատվիրակներին և հետո ասաց, որ առաջին բանը, որ պետք է աչքի առաջ ունենալ, նախքան խորհրդաժողովի հետագա աշխատանքներին դիմելը, դա Թուրքիայի պահանջն է, որ պետք է ընդունեն հայերը այն մասին, որ Հայաստանը հրաժարվում է Սևրի դաշնագրից: Քանի դեռ, հայտարարեց Կարաբեքիրը, հայկական պատվիրակությունը այդ պահանջին չի պատասխանել, խորհրդաժողովի աշխատանքները հետաձգվում են: Այս հայտարարությանը հայկական պատվիրակությունը պատասխանեց, որ կքննարկի այդ պահանջը: Ապա նիստը փակվեց:

Նիստից հետո խորհրդականների մասնակցությամբ մենք խորհրդակցություն ունեցանք: Մենք այսպես էինք խորհում. եթե մեծ պետությունները, որոնք ստորագրել էին հայերին բավարարող Սևրի դաշնագիրը, կցանկանան և կկարողանան իրականացնել այն, մեր ակներև պարտադրված հրաժարումը դրանից արգելք չի կարող լինել դրա իրականացման ճանապարհին: Իսկ եթե պետությունները իրենք կհրաժարվեն Սևրի դաշնագրից, ինչ որ տեղի ունեցավ հետագայում, այդ պարագայում մեր այսօրվա հրաժարումը, այս բացառիկ պայմաններում, միայն կօգնի մեզ Թուրքիայի հետ բարի հարևանության կապեր հաստատելու:

Մյուս կողմից՝ հրաժարվել առաջին պայմանից, որ թուրքերը դնում էին իբրև անհրաժեշտ նախապայման խորհրդաժողովը շարունակելու համար, համազոր կլիներ հաշտության բանակցությունները խզելուն և պատերազմական գործողությունները վերսկսելուն: Եվ ճիշտ դրանից էր, որ պետք է մենք ամեն կերպ խուսափեինք: Առանց այդ էլ թուրքերը մեկ օրով հետաձգեցին խորհրդաժողովի բացումը այն պատճառով, որ Երևանից մի քնի ժամով ուշացել էր այն գնացքը, որը բերում էր զինադադարի պայմանների համաձայն Թուրքիային տրվելիք ռազմամթերքը: Ուստի, հայկական պատվիրակությունը միաձայն որոշեց ընդունել Կարաբեքիրի նախապայմանը: Բայց աչքի առաջ ունենալով խնդրի կարևորությունը, մենք որոշեցինք հարցնել ՀՀ կառավարության համաձայնությունը: Այդ օրը արդեն սկսել էր գործել ուղիղ հեռագրաթելը Կարսի, Ալեքսանդրապոլի և Երևանի միջև:

Ես անձամբ խոսեցի վարչապետ Վրացյանի հետ: Խոսակցությունը տեղի ունեցավ երեկոյան մոտ ժամը 10-ին: Վրացյանը պատասխանեց գիշերը ժամը 2-ին՝ հայտնելով ՀՀ կառավարության համաձայնությունը»:

Հատված առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու՝ ՀՅԴ 1923թ. խորհրդաժողովին ուղարկված զեկուցագրից․

«Փարիզի հուշագիրը շատ ոգևորեց խակ մտքերը, մանավանդ՝ գաղութներում: Այնպիսի մի մտայնություն էր ստեղծվել, որ կարծես գծելով թղթի վրա պետության սահմանները, արդեն տեր ենք դառել այդ սահմաններին կամ, առնվազն, անխուսափելի իրավունքներ ենք ձեռք բերել: Այնուհետև, ամեն մի կասկած հաջողելու մասին թարգմանվում է իբրև փոքրոգություն, չափավոր լինելու ամեն մի տրամադրություն՝ իբրև դավաճանություն և ամեն մի հակառակություն դրսից՝ իբրև թշնամություն հանդեպ մեր դատի և իրավունքների:

Անիմաստ պահանջներին ու չափազանցված պահանջներին բնականորեն պիտի հետևեր դառն հիասթափություն:

Սևրի դաշնագիրը, որ չէր հիշատակում ոչ Կիլիկիա, ոչ Խարբերդ, ոչ Սվազ (բայց նախատեսվում էր այնպիսի լայն սահմաններ, որոնք թերևս վեր էին մեր կարողություններից), արդեն այդ իսկ դաշնագիրը առաջ բերեց հիասթափում ու սովորական գանգատներ: Ասում էինք՝ պետությունները անարդար եղան, չգնահատեցին ու չվարձատրեցին մեզ ըստ մեր արժանիքների, կրճատեցին մեր անվիճելի իրավունքները, զրկեցին…

Մի քիչ անցած՝ նոր ու շատ մեծ հիասթափում. Հյուսիս-Ամերիկյան Միացյալ Նահանգների Սենատը մերժեց այն իսկ մանդատը, որի վրա այնքա՜ն հույսեր էինք դրել մենք:

Նախագահ Վիլսոնի ծրագրած Հայաստանի սահմանները նույնպես չբավարարեցին մեզ, նոր գանգատների տեղիք տվ[եց]ին: Ասում էինք. նախագահ Վիլսոնը կարող էր ավելի լրիվ օգտագործել Սևրի դաշնագիրը ու ավելի մեծ հողեր հատկացնել մեզ:

Բայց և այդ նեղ համարված սահմանները՝ մի տեսակ կապույտ թռչուն եղավ մեզ համար, անշոշափելի ու անհասանելի»:

Հատված վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի «Խարխափումներ» գրքից, որ պատասխան է Քաջազնունու մեղադրանքների․ 

«Քաջազնունին գոհ չէ և «մեր դիվանագիտական աշխատանքից դրսի աշխարհում»: Եվ ամենից առաջ նրան զայրացնում է այն «ցնորամիտ, տղայական ծրագիրը», որ «1919թ. գարնանը Փարիզում, հանրապետության Պատվիրակությունը Ազգային Պատվիրակության հետ միասին», ներկայացրեց դաշնակից մեծ պետութիւններին:

Քաջազնունու վրդովումը միանգամայն արդարացի է. այո՛, մեր նորագույն պատմության մեջ ճակատագրական դեր կատարեց «Հայկական Փարիզը»՝ ուտոպիստ, մեծամիտ, ամբարտավան, եսապաշտ, բամբասանքներ և ինտրիգներ սիրող, հայրենի հողից կտրված ու տգետ, բայց հայրենիքի ճակատագիրը տնօրինելու հավակնությամբ արբեցած դավադիր «Հայկական Փարիզը»: Եվ «Երևանից շատ համեստ պահանջներով» Եվրոպա մեկնած պատվիրակությունը, անշուշտ, զոհ գնաց նույն այդ «Հայկական Փարիզի» դավերին:

Պետք է ասել, որ Երևանում նախատեսվում էր այդպիսի հնարավորություն: Երբ կազմվում էր Պատվիրակությունը, շատերին լուրջ կերպով մտահոգում էր այն վախը, որ «Հայկական Փարիզը» կարող է անել ոչ ցանկալի ազդեցություններ: Եվ այդ պատճառով կային մարդիկ, որոնք անհրաժեշտ էին համարում, որ Պատվիրակության մեջ մտնեն նաև բուն երկրի գործիչներ: Մասնավորապես պնդող կային, որ հանգուցյալ Արամն [Մանուկյան] էլ գնա Պատվիրակության հետ:

Դժբախտաբար, այս առաջարկը չանցավ: Մյուս կողմից, և՛ կուսակցություններում, և՛ խորհրդարանում մանրազնին քննության առարկա դարձան Պատվիրակության տրվելիք հրահանգները: Մասնավորապես, երկար և բուռն վեճ եղավ Հայաստանի սահմանների շուրջ, և խորհրդարանը պարզ ու որոշ կերպով ձևակերպեց իր կամքը. պահանջել Հայաստան՝ ելքով դեպի Սև ծով: «Ծովից ծով» Հայաստանի պահանջը մերժվեց:

Այս իրադարձություններին, բոլոր վեճերին ու բանակցություններին, խորհրդարանի ու կառավարության նիստերին մասնակցել են և Պատվիրակության անդամներ Ա[վետիս] Ահարոնյանն ու Մ[իքայել] Պապաջանյանը, որոնք ստացել են իմպերատիվ մանդատ ու մեկնել Եվրոպա… Եվ, հանկարծ, մի քանի ամիս հետո, Հայաստանի խորհրդարանն ու կառավարությունը իմանում են, որ իրենց Պատվիրակությունը ներկայացրել է «Ծովից ծով Հայաստանի» պահանջ… «Հայկական Փարիզը» խաղացել էր իր դավադիր խաղը:

Պատվիրակության պատասխանատվությունը մեծ է այս խնդրում: Կազմակերպված պետության մեջ նման քայլի հեղինակները կենթարկվեին ամենախիստ պատասխանատվության: Քաջազնունու վրդովումը հասկանալի է ու տեղին… բայց ո՛չ բավարար:

Պատվիրակությունը վատ վարվեց: Իսկ ի՞նչ արեց կառավարությունը: Ի՞նչ արեց ինքը՝ Քաջազնունին, որ այն ժամանակ կառավարության նախագահն էր․․․Եվ հետո: 1919թ. գարնանը, երբ Խաղաղության համաժողովին ներկայացվել էր «ծովից ծով» Հայաստանի պահանջը, Փարիզ հասավ Հայաստանի Հանրապետության նախագահը՝ ինքը Քաջազնունին: Բավական ժամանակ մնաց Փարիզ, մասնակցեց Պատվիրակության աշխատանքներին և մեկնեց Ամերիկա: Այնտեղ էլ մնաց բավական երկար ժամանակ՝ մինչև 1920թ. ամառը: Ապա նորից անցավ Փարիզ ու Փարիզից՝ Հայաստան:

Ինչո՞ւ Քաջազնունին, հենց Փարիզում չբռնեց Պատվիրակության օձիքը, ինչո՞ւ չշտապեց սրբագրել «ապշեցուցիչ» սխալը: Չէ՞ որ ժամանակ կար, ծրագիրը ներկայացված էր 1919-ի գարնանը, իսկ Սևրը եղավ 1920-ի օգոստոսին … Այո՛, պատմության դատաստանը պե՛տք է դատ անի այն մարդկանց գլխին, որոնք հայ ժողովրդի անունից դր[եց]ին «աշխարհակալական ցնորամիտ պահանջներ», բայց… այդ մարդիկ միայն «հայկական Փարիզում» չէին, այլև «հայկական Երևանում»:

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը

* Սյունակում արտահայտված տեսակետները կարող են չհամընկնել ՍիվիլՆեթի տեսակետներին: