11 օգոստոս, 2017 16:29

Զննո՞ւմ, թե՞ խուզարկում. փաստաբանները համակարծիք չեն

«Սասնա ծռեր» խմբի և Ժիրայր Սեֆիլյանի գործով դատական նիստերին փաստաբանները բարձրաձայնում են, որ իրենց դատարան մտնելիս փորձում են խուզարկել, սակայն Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասում է, որ դա զննություն է, քանի որ կարգադրիչները ինքնուրույն որոնողական աշխատանք չեն կատարում:

Հաշվի առնելով փաստաբանների դժգոհությունները` Փաստաբանների պալատը և Դատական դեպարտամենտը վերջերս համաձայնության են եկել փաստաբանների զննությունը կազմակերպել այնպես, որպեսզի  անհարմարություններ չպատճառվեն, սակայն ոչ բոլոր փաստաբաններն են գոհ այս որոշումից։

«Այն, որ խուզարկություն չէ՝ զննում է, ես կարծում եմ այդ հարցը բազմիցս քննարկվել է։ Զննությունը խուզարկությունից տարբերվում է նրանով, որ զննության ժամանակ իրավունք չունի զննողը ինքնուրույն որոնողական աշխատանք կատարել։ Այսինքն ինքը չի կարող բացել պայուսակը, ձեռքը տանել գրպանը։ Հենց նման քայլ արեց՝ կդառնա խուզարկություն»,- ասում է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

Զոհրաբյանն ասում է, եթե փաստաբանն է պայուսակը բացում և ցույց տալիս, դա ևս տեղավորվում է զննության մեջ։ Արդյո՞ք կարող են զննել փաստաբանին։ Զոհրաբյանի կարծիքով՝ կարող են, որովհետև դատական օրենսգիրքը դրա մասին հստակ սահմանում ունի։

Ըստ ՀՀ Փաստաբանության մասին օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` չի թույլատրվում փաստաբանին խուզարկել իր մասնագիտական պարտականություններն անմիջականորեն կատարելիս:

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի կարծիքով` փաստաբաններին ստիպում են բացել պայուսակները, դատարկել և ցույց տալ իրերը: Աթանեսյանի խոսքով՝ զննության իրավունքը, որն ունեն կարգադրիչները չպետք է կիրառվի բոլորի նկատմամբ։ Դա պետք է լինի պատճառաբանված և հիմնավորված։

«Միգուցե իրենք ձեռքով չեն մտնում, բայց դրան էլ կհասնենք։ Դա շատ նվաստացուցիչ և անդուր գործընթաց է և բացի դրանից՝ անօրինական»,- ասում է փաստաբանը։

Զոհրաբյանի խոսքով՝ խնդիրն իրականում զննության իրականացման ձևի և եղանակի մեջ է և այդտեղ կա խնդիր: Դատական դեպարտամետի հետ բանավեճից հետո Փաստաբանների պալատը հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր, որ դատական կարգադրիչը չի կարող ինքնուրույն որոշումներ կատարել և պետք է լինի որոշակի ընթացակարգ:

Փաստաբաններին պետք է այսուհետ պահարան տրամադրվի` իրերը այնտեղ տեղադրելու համար, իսկ զննման համար առանձին սենյակ և ընթերակայի ներկայություն:

«Որևէ դեպքում չպետք է փաստաբանն այդ վերաբերմունքին արժանանա, ի՞նչ է նշանակում իր ընթերակային էլ հետը տանի։ Ընթերակա հետը տանել չի կարելի, որովհետև ընթերական պետք է լինի լրիվ անկախ մարդ, այսինքն խոսում է մի մարդ, որ տեղյակ չի ընթերական ինչ է»,- ասում է Աթանեսյանը։

Ալինա Նիկողոսյան