11 օգոստոս, 2017 11:39

Կրեպոստնայա փողոցից՝ Վազգեն Սարգսյան, Դալիղարդաշից՝ Սարուխան

1920 թվականի մայիսին, երբ Հայաստանի Հանրապետության ռազմական տրիբունալը գնդակահարության պատի տակ էր կանգնեցրել Նոր Բայազետում (նախկինում՝ Գավառ, ապա Կամո, ապա կրկին Գավառ, իսկ ժողովրդական լեզվով՝ Քյավառ) բոլշևիկյան ապստամբներից 38-ամյա Հովհաննես Սարուխանյանին, վերջինիս վերջին խոսքն էր, ըստ ՀՅԴ «Յառաջ» օրաթերթի, կնայե՛ք իմ երեխաներին։

Դաժան ու զգայացունց է, չէ՞։ Մարդը, ով ուներ մանկահասակ երեխաներ և ով բազմաթիվ այլ բոլշևիկների հետ ապստամբել էր ընդդեմ Հայաստանի Հանրապետության, իրեն գնդակահարողներից խնդրում էր հոգ տանել իր երեխաների մասին։

1928 թվականին Դալիղարդաշ գյուղը, ի հարգանս գնդակահարված բոլշևիկ Սարուխանյանի, վերանվանվեց Սարուխան։

Ու հիմա հարց․ պետք է՞ արդյոք փոխվի Սարուխան գյուղի անունը։ Եթե այո, ապա պետք է՞ վերադառնանք հին անվանը՝ Դալիղարդաշ։ Իսկ եթե ոչ և նոր անուն դնենք Սփյուռքի նախարար ծնած գյուղին, ապա այն պետք է՞ կրի որևէ Հանրապետականի անուն։ Եվ եթե Սարուխանի անունը պետք է փոխվի, ապա դրանով Երևանի ավագանի՞ն պետք է զբաղվի, թե՞ Ազգային ժողովը։

Վազգեն Սարգսյանի անվան փողոցը Երևանում նախախորհրդային շրջանում կրել է Կրեպոստնայա անունը, այսինքն՝ Բերդի փողոց։ Որովհետև այդ փողոցը տանում էր դեպի բերդ, դեպի Զանգվի կիրճ։ Ինչո՞ւ չվերականգնեցինք Բերդի փողոց անունը։ Հետո ի՞նչ, որ Վազգեն Սարգսյանը Ազգային հերոս է։

Հարցերը, ինչպես տեսնում եք՝ բազմաթիվ են, հակասական, տրամաբանական ու շնական (ցինիկ)։

Երևանի ավագանու «Ելք» դաշինքը ազդարարել է մի նախաձեռնություն, որը կարևոր է, բայց որը, մեծ հաշվով, քաղաքական ու ներքաղաքական խնդիր չէ։ Այն օրախնդիր չէ և կապ չունի «Ելք»-ի, «Ելք» գաղափարի ու անվան հետ, որը, համաձայնվեք, գերազանց գաղափար էր նախընտրական շրջանում։

Այո՛, խնդիրը կա։ Պետք է՞ ունենանք Կասյանի անունով փողոց Երևանում։ Մի մարդու, որի իշխանության մի քանի ամիսները տեռորի ու սարսափի շրջան էր հայ ժողովրդի պատմության մեջ։ Իսկ պետք է՞ ունենանք Մյասնիկյանի անունով պողոտա, որի կենտրոնական մասում դրված է հայ մեծերից Անդրանիկ Մարգարյանին գովազդող ցուցանակը։ Եվ ինչո՞ւ չպետք է հայ ժողովրդի արժանավոր զավակ Մյասնիկյանի պողոտայում ունենանք հայ մեծերից Սերժ Սարգսյանին գովազդող ցուցանակ։ Հետո ինչ, որ Սերժ Սարգսյանը կենդանի մեծ է։ Չէ որ Երևանի փողոցներում ունենք Շառլ Ազնավուրի, Ատոմ Էգոյանի ու բազմաթիվ այլ կենդանի մեծերի ցուցանակներ։

Այո՛, խնդիրը կա։ Բայց ինչ գործ ունի Երևանի ավագանու «Ելք» դաշինքը 100 տարի առաջվա պատմության, բոլշևիկ Կասյանի ու Միկոյանի հետ։ Եթե նույնիսկ համարենք, որ Երևանի խնդիրները Տարոն Մարգարյանը 100 տոկոսով լուծել ու «Ելք»-ին զրկել է քաղաքական-ներքաղաքական լծակներից, ապա անգամ այդ դեպքում «Ելք»-ի նախաձեռնությունը լեգիտիմ չէ։

Իսկ ինչո՞ւ ենք միայն 100 տարի հետ գնում։ Եկեք գնանք 150 տարի և, օրինակ, վերականգնենք Երևանի կենտրոնական հատվածներից մեկի այն օրվա անունը՝ Դեմիր բուլաղ։ Կամ գոնե քննարկենք՝ արժե՞ արդյոք վերականգնել Դեմիր բուլաղ անունը։ Իսկ գուցե թարգմանե՞նք այդ բառերը և ստանանք հայեցի Երկաթի աղբյուր։

Երևանի ավագանու «Ելք» դաշինքում կա՞ որևէ մեկը, ով ունի գիտելիքների համապատասխան պաշար բանավեճի մեջ մտնելու Երևանի ոչ վաղ անցյալի պատմության հարցերում։ Ես կասկած չունեմ, որ կան։

Բայց, բարեկամներ, փողոցների ու տեղանունների անվանակոչության հարցը քաղաքական-ներքաղաքական խնդիր չէ, որ հետապնդում եք։

Ինձ թվում է, Ձեզ պետք է ավելի շատ հետաքրքրի, թե ինչպես է հայ ժողովրդի արժանավոր զավակ Տարոն Մարգարյանը այս տարիքում միլիոնատեր դարձել։ Ձեզ պետք է հետաքրքրի, թե ինչու են Խանջյանի վրա (իսկ Խանջյանի անունը պահում ե՞նք, թե՝ ոչ) բարդիները չորացնում ու ավտոկայան կառուցում։ Ձեզ պետք է հետաքրքրի, թե ինչու մարդիկ չեն կարողանում Նորքի Երկրորդ զանգվածից ավտոբուս նստել և հասնել աշխատանքի։

Հիմա էլ սկսել եք Վերնիսաժի մուղամներով զբաղվել։ Ի՞նչ գործ ունեք մուղամների հետ, երբ Սերժ Սարգսյանը թիվ մեկ մուղամ քաշողին՝ Արմենչիկին, ժողովրդականի կոչում է տալիս։  

Փողոցների, գյուղերի և տեղանունների անվանափոխության խնդրով կարող են զբաղվել այլ կառույցներ, առաջին հերթին՝ գիտության ոլորտի։

«Ելքը» ընդդիմադիր քաղաքական կառույց է ու պետք է քաղաքական հարցեր հետապնդի։