12 օգոստոս, 2017 12:53

Երիտասարդների օրը՝ երիտասարդների խնդիրների շուրջ

Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է։ 1999-ի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց օգոստոսի 12-ը որպես Երիտասարդության միջազգային օր։ Երիտասարդների խնդիրները տարբեր երկրներում տարբեր են։ «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի անցկացրած հետազոտության համաձայն՝ Հայաստանում 2016թ․ 5 երիտասարդից 1-ն է նշել, որ ունի սեփական եկամուտ։ Հայաստանում 15-34 տարեկանները կազմում են բնակչության 32%-ը։

«Աշխարհը երբեք այսքան երիտասարդ չի եղել և այն օրեցօր երիտասարդանում է։ Յուրաքանչյուր հասարակության զարգացում կախված է նրանից,  թե որքան լավ են դաստիարակվում երիտասարդ տղաներն ու աղջիկները, որքան լավ են նրանց աջակցում»,- ասում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան։

2015թ․ տվյալներով՝ աշխարհի բնակչության 1,2 միլիարդը երիտասարդ է, նրանց ավելի քան կեսն ապրում է պայթյունավտանգ և հակամարտության գոտիներում։ Երիտասարդները կրում են հակամարտությունների ծանրագույն բեռն իրենց ուսերին։

Այսօր աշխարհում 10-ից 24 տարեկան 1,8 մլն երիտասարդ կա։ Սա մինչ այժմ երիտասարդների ամենամեծ թիվն է։ Սակայն աշխարհում 10 երեխայից 1-ն ապրում է հակամարտությունների գոտիներոում, իսկ 24 մլն երեխա դպրոց չի հաճախում։ Քաղաքական անկայունությունը, աշխատաշուկայում խնդիրները, քաղաքական և սոցիալական գործընթացներում սահմանափակ մասնակցությունը հանգեցնում են երիտասարդների՝ հանրությունից մեկուսանալուն։

2014թ․ աշխարհում ավելի քան 73 մլն երիտասարդ գործազուրկ է եղել։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2013թ․ աշխատող 169 երիտասարդ ապրել է՝ օրական ծախսելով 2 դոլար, իսկ 286 մլն-ը՝ ծախսել է օրական 4 դոլար։

«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի անցկացրած հետազոտության համաձայն՝ Հայաստանում 2016թ․ 5 երիտասարդից 1-ն է նշել, որ ունի սեփական եկամուտ, մնացածը ստիպված են ապավինել այլոց աջակցությանը։ Կեսը նայում է ծնողների գրպանին, 13,4%-ը ֆինանսական աջակցություն է ստանում ամուսնուց/կնոջից, 6,3%-ը՝ արտերկրում ապրող բարեկամներից: Հարցվածների 5,8%-ը որպես հիմնական ֆինանսական աղբյուր նշել է ընտանեկան նպաստը, 1,7%-ը՝ այլ ձևաչափի պետական օգնությունը, 2,0%-ը ստանում է ուսանողական կրթաթոշակ/նպաստ։

Հետազոտությունը ցույց է տվել, որ գիտելիքներ ստանալը չի երաշխավորում ըստ մասնագիտության աշխատանք գտնելը․ երիտասարդների միայն 35%-ն է աշխատում իր մասնագիտությամբ, իսկ 14%-ը մասնագիտությանը հարակից աշխատանք ունի։

Երիտասարդների հիմնական աշխատանքային տարիքը սկսվում է 23 տարեկանից, սակայն 23 և բարձր տարիքի 100 երիտասարդից 55-ը ներկայում չի աշխատում։ Աշխատելու հարցում էական գործոն են ամուսնական կարգավիճակն ու սեռը, աշխատանք ունի 100 ամուսնացած տղամարուց 67-ը, իսկ 100 ամուսնացած կնոջից 77-ը չի աշխատում։

Երիտասարդ հարցվածները, տարիքի աճին զուգընթաց, ավելի հոռետես են դառնում ապագայի հանդեպ, ավելի շատ են նշում գործազրկությունը, աղքատության աճը, արտագաղթն ու կաշառակերությունը որպես հրատապ հասարակական հիմնախնդիրներ, իսկ շրջակա միջավայրի աղտոտումը որպես հրատապ խնդիր ընկալվում է ավելի ցածր տարիքային խմբի շրջանում։

Լիլիթ Աբովյան