Սյունիքում իրավիճակը չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել․ Վաղարշակ Հարությունյան

Մայիսի 17-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հեռախոսազրույցը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ։ Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությանից։

Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։

«Հարությունյանը արձանագրել է, որ որ չնայած հանգամանքին, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և այսօր վերադարձել են իրենց ելման դիրքեր, նրանց մի մասը դեռևս շարունակում է գտնվել Հայաստանի տարածքում և, փաստացի, ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված խնդիրը չի լուծվել։ Նախարարը նշել է, որ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորականները գտնվում են հայկական ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ, ինչպես նաև, որ սահմանային այդ հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակը արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել»,- ասվում է հաղորդագրությունում։

Ստանիսլավ Զասն էլ նշել է, որ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են ստեղծված իրադրության շուրջ զարգացումներին, և որ այն քննարկվելու է առաջիկա օրերին Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Պաշտպանության նախարարությունից հայտնում են նաև, որ Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի սահմանապահ ծառայության տնօրենի հետ։

«Մայիսի 17-ին կայացել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի հեռախոսազրույցը Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Իգոր Կոնստանտինովի հետ։ Քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և Հայաստանում սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ սահմանապահ ծառայության «Արմենիա» զորախմբի համագործակցության հետ կապված մի շարք հարցեր»,- տեղեկացնում են պաշտպանական գերատեսչությունից։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները՝ «սահմանազատման» պատրվակով, հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանը՝ Ադրբեջանի սադրանքին ի պատասխան, պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին և հայտարարել, որ կիրականացնի անհրաժեշտ գործողություններն իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյան Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է, որ մայիսի 16-ի երեկոյան Ադրբեջանի զինուժի որոշ խմբեր դուրս են եկել ՀՀ տարածքից, բայց ռազմաքաղաքական իրադրությունը մայիսի 12-ից հետո չի փոխվել։

Մեկնաբանել