Սիմոն Մարտիրոսյանն Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հաղորդում է Արմենպրեսը։

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ծանրամարտի 109 կգ քաշային կարգում Մարտիրոսյանը պոկում վարժության առաջին մոտեցմանը բարձրացրեց 190 կգ, այնուհետ` 195, որը Օլիմպիական խաղերի համար ռեկորդային քաշ է և երրորդ մոտեցմանը պատվիրեց 198 կգ, սակայն չբարձրացրեց այն:

Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց 228 կգ-ից և կարողացավ այն պահել գլխավերևում: Հետո չբարձրացրեց 238 կգ. կշռող ծանրաձողը. վերջին մոտեցման ժամանակ ևս Սիմոն Մարտիրոսյանը չկարողացավ բարձրացնել նույն քաշը:

Երկամարտի 423 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը կրկին երկրորդն է Օլիմպիական խաղերում: Ոսկե մեդալը նվաճեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ակբար Ջուրաևը:

Սիմոն Մարտիրոսյանը 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն:

Մեկնաբանել