Հայաստանում Իրանի դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզ

Օգոստոսի 3-ին Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին և ՀՀ-ում Իրանի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են Գեղարքունիքի մարզ։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը դեսպանին ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, որից հետո կազմակերպվել է այց Վերին Շորժայի հատվածի սահմանագիծ:

«Հայաստանի Իրանի դեսպանը, մտահոգություն հայտնելով երկու երկրների սահմանային վեճերի շարունակության կապակցությամբ ընդգծել է երկու կողմերի զսպվածության և երկու երկրների միջև վեճերի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Նա իր ցավակցությունն է հայտնել վերջին ընդհարումների ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքներին։ Պարզաբանելով բոլոր կողմերի` միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու անհրաժեշտությունը, դեսպան Զոհուրին նշել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ապահովումը բխում է տարածաշրջանի ժողովուրդների շահերից և հայտնել Իրանի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման հարցում»,- ասվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել