«Սուրմալու»-ի պայթյունի գործով մեղադրյալներ չկան․ Դատախազություն

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի գործով մեղադրյալներ չկան, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ արձագանքելով մամուլի հրապարակումներին։

Դատախազության օգոստոսի 16-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականացվում են դեպքի բոլոր հանգամանքները, հատկապես պայթյունի առաջացման պատճառները,տարածքում անվտանգության և հակահրդեհային կանոնների պահպանվածության վիճակը, պատասխանատու անձանց շրջանակը հստակեցնելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ:

«Քննիչների և փորձագետների կողմից սկսվել է իրականացվել դեպքի վայրի մասնակի զննություն: Հաշվի առնելով, որ դեպքի վայրում դեռևս շարունակվում են հովացման, ինչպես նաև փրկարարական-որոնողական աշխատանքները՝ դեռևս հնարավոր չի դարձել մոտենալ հրդեհի և պայթյունի առաջացման առաջնային օջախին՝ պատճառներին վերաբերող տվյալների ձեռքբերման համար անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար: Վերջինս կիրականացվի նշված տարածքում առաջնային միջոցառումներն ավարտվելուց, հնարավոր փլուզումների վտանգը չեզոքացնելուց և անվտանգության բավարար պայմաններ ապահովելուց անմիջապես հետո»,- նշված է հաղորդագրությունում։

Քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են շուրջ երկու տասնյակ անձինք՝ այդ թվում տուժողներ և առևտրի կենտրոնում առերևտրային գործունեությամբ զբաղվող տաղավարների սեփականատերեր: Հարցաքննվելու են նաև «Սուրմալու» տոնավաճառի տնօրինության ներկայացուցիչները և աշխատակիցները․ «Պահանջվել են առևտրի կենտրոնում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտների տնտեսություններին վերաբերող բոլոր տվյալները, առգրավվել են դեպքի վայրին հարակից տարածքում տեղակայված բոլոր տեսաձայնագրող սարքերը»։

«Քննության առարկա են բոլոր վարկածները: Այս համատեքստում մամուլում հրապարակված՝ պայթյունի պատճառների, հնարավոր վարկածների վերաբերյալ բոլոր՝ իրենց մեջ կոնկրետություն պարունակող հրապարակումները Երևան քաղաքի դատախազի կողմից ուղարկվել են նախաքննական մարմնին՝ դրանց արժանահավատությունը պարզելու, քննության առարկա դարձնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

***

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 քաղաքացի, նրանցից 15-ի ինքնությունը պարզվել է։ Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։

Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 61 տուժածներից 7-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել:

Մեկնաբանել