Մոսկվան Երևանից բողոքի նոտայի պատասխանին է սպասում

Mid mfa russia

Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կպատասխանի Ռուսաստանի դեսպանատան բողոքի նոտային, որը հղվել էր «տեղական տեղեկատվական դաշտում արծարծվող ցինիկ նյութերից հետո, որոնցում անարգական և կեղծ մեղադրանքներ են հնչում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության հետ առնչություն ունենալու համար»:

«Պատրաստ ենք հաստատել նոտայի ուղարկումը Հայաստանի ԱԳՆ: Կառուցողական զրույց է տեղի ունեցել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի և ՀՀ ԱԳՆ ղեկավարության միջև։ Սպասում ենք պատասխանի»,- ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը։

Oգոստոսի 14-ին` ժամը 13։20-ի սահմաններում «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ և փլուզումով։ Մասնակի փլուզվել է եռհարկանի շինություն, փլատակներն ընդգրկում են 8000-9000 քմ տարածք։ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Սուրմալու շուկայում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։

Պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 16 քաղաքացի, նրանցից 15-ի ինքնությունը պարզվել է։ Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։

Պայթյունի հետևանքով բժշկական կենտրոններ տեղափոխված 61 տուժածներից 4-ը շարունակում են բուժումը, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնություն և դուրս են գրվել:

Մեկնաբանել