ՌԴ-ն ամեն կերպ կաջակցի ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի գործընթացներին․ Լավրով

Ռուսաստանն ամեն կերպ կաջակցի Ադրբեջանին և Հայաստանին ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի հարցերում։ Այս մասին դեկտեմբերի 5-ին Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մեկնարկին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ հանդիպմանը քննարկվելու է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

«Մենք շահագրգռված ենք ամեն կերպ աջակցելու տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման հարցերում, և ընդհանուր առմամբ, վստահության ամրապնդման միջոցառումներին, այդ թվում՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարանականների միջև շփումները զարգացնելու միջոցով»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը։

Ի թիվս այլ հարցերի, հանդիպման ընթացքում քննարկվելու է համագործակցությունը ԵԱՀԿ-ում, որը, ըստ Լավորվի՝ «դժվար ժամանակներ է ապրում»։

Մեկնաբանել