Կարճվել Է Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով քրեական վարույթը

Քննչական կոմիտեն կարճել Է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

«Վարույթ իրականացնող մարմինը կայացրել է քրեական նշված վարույթի շրջանակներում երեք անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, մեղադրանք չառաջադրելու մասին որոշում: Քանի որ որևէ հանցանքի առկայություն ըստ էության կատարված քննությամբ չի հաստատվել, այդ հիմքով վարույթը կարճվել է»,- ասել Աբրահամյանը:

***

2022-ի հունիսի 20-ին այդ ժամանակ ԲԴԽ՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը հրապարակել էր ձայնագրություն, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը խոսում է Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին։ Ձայնագրությունում խոսվում է «հեռանալու դիմաց քրեական գործեր չհարուցելու» մասին։

Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունն արվել է 2021-ի փետրվարի 20-ին, երբ իրեն վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ։ Ռուբեն Վարդազարյանը մինչև մարտի 1-ը ժամանակ է խնդրել․ «Մինչև այդ ժամկետը հրաժարական տալու դեպքում Ջհանգիրյանը երաշխավորում է, որ իմ նկատմամբ որևէ քրեական գործ չի լինելու»,- նշել է Վարդազարյանը։

2022-ի հուլիսի 1-ին Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական էր տվել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնից։

Մեկնաբանել