Դատախազությունը պահանջում է Տավուշի նախկին մարզպետից բռնագանձել 11 անշարժ գույք

Գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում պահանջ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ։

Մասնավորապես, դատախազությունը պահանջում է բռնագանձել 11 անշարժ գույք, որոնցից հինգը՝ Երևան քաղաքում, վեցը՝ Տավուշի մարզում, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները՝ 1,2 մլրդ դրամ։ Բռնագանձման ենթակա է նաև Աբովյանի և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանոց երեք շարժական գույքերը, ինչպես նաև երկու իրավաբանական անձանցում մասնակցության իրավունքները։

Դատախազությունը մտադիր է բռնագանձել նաև չեխական ընկերությունում գնված բաժնետոմսերի ձեռքբերման արժեքը՝ 1 մլն 608 հազար 540 դրամ, և 389 մլն դրամը, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։

Տավուշի նախկին մարզպետի վերաբերյալ ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունված քսանվեցերորդն է։

Մեկնաբանել