Վրաստանում խնդրահարույց օրինագծին դեմ քվեարկած պատգամավորները հրաժարվել են մանդատից

«Վրացական երազանքի» առաջնորդներ Իրակլի Ղարիբաշվիլին, Իրակլի Կոբախիձեն, Կախա Կալաձեն մարտի 18-ին Բորժոմիում կայացած կուսակցության ժողովում։ Լուսանկարը՝ Վրացական երազանքի։

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության չորս անդամ վայր է դրել պատգամավորական մանդատը՝ սեփական կուսակցության ներսում օտարերկրյա գործակալների տապալված օրինագծին չաջակցելու համար քննադատության ենթարկվելուց հետո:

Ուրբաթ Վրաստանի խորհրդարանը մանդատներից զրկել է մեծամասնական պատգամավորներ Վլադիմիր Չաչիբայային, Նինո Իոբաշվիլիին, Գիորգի Խելաշվիլիին և Իրակլի Կովզանաձեին՝ նրանց իսկ խնդրանքով։ Այս չորս պատգամավորները իշխող կուսակցության մի քանի օրենսդիրներից էին, որոնք մարտի սկզբին խորհրդարանում առաջին ընթերցմամբ չքվեարկեցին հօգուտ օտարերկրյա գործակալների վիճահարույց օրինագծի։

Պատգամավորները օրինագծին կտրականապես դեմ չեն արտահայտվել, իսկ նրանցից առնվազն երեքն անցել են աշխատանքի կառավարությունում՝ որպես խորհրդական: «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ նրանց հեռանալը պայմանավորված է «լիբերալ ֆաշիստական ահաբեկությամբ»:

Չընդունված օրինագիծը քաղաքացիական հասարակության խմբերից և մի շարք լրատվամիջոցներից պահանջելու էր գրանցվել որպես «արտաքին ազդեցության գործակալներ», նախաձեռնություն, որը լայնորեն դատապարտվել է ինչպես Վրաստանի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս՝ որպես սպառնալիք երկրի քաղաքացիական ազատություններին և եվրաինտեգրման հեռանկարին:

Երկու գիշեր շարունակ բողոքի փողոցային ցույցերից հետո կառավարությունը հայտարարեց, որ հետ է կանչում օրինագիծը։ Այնուամենայնիվ, այդ պահից սկսած կառավարությունը կրկնապատկել է օրինագծի հակառակորդների նկատմամբ իր քննադատությունը, իսկ պատգամավորների հեռանալը շատերը համարում են պատժամիջոց:

«Վրացական երազանքի» մեկ այլ, ձեռնպահ քվեարկած պատգամավոր՝ առողջապահության նախկին նախարար Դավիթ Սերգեենկոն, մնացել է պատգամավորի իր աթոռին։ Սերգեենկոյին փոխարինելու համար կպահանջվեր միջանկյալ ընտրություններ Թբիլիսիում, քանի որ նա ընտրվել է մեծամասնական ընտրակարգով:

Կրկնապատկում

Մարտի 10-ին օտարերկրյա գործակալների օրինագիծը հետ կանչելիս իշխող կուսակցությունը վկայակոչեց փողոցներում երիտասարդ ցուցարարներին վնասելուց և բռնություններից խուսափելու իր ցանկությունը: Հետագա օրերին, սակայն, իշխող կուսակցությունը նույն երիտասարդներին մեղադրեց ընդդիմության կողմից մանիպուլացվելու մեջ։ Մարտի 20-ին խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին երիտասարդ ցուցարարներին, առանց ապացույցների, մեղադրեց 1000 լարիի (390 դոլար) դիմաց ցույցերին մասնակցելու մեջ:

Ուրբաթ ելույթ ունենալով խորհրդարանում՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասաց, որ «հինգերորդ շարասյունը» «ուղղակիորեն ներգրավված է բողոքի ցույցերի կազմակերպման մեջ»: «Սա բռնության վտանգով լի հանրահավաք էր, որից իշխանությունն իր իմաստնությամբ ու հաստատակամությամբ խուսափեց՝ բոլորի հետ պատշաճ վարվելով»։

Թբիլիսիում մարտի 7-9-ի ցույցերը հիմնականում սկսվել էին խաղաղ, թեև որոշ ցուցարարներ բռնություն էին կիրառել՝ ի պատասխան ոստիկանության ուժի, այդ թվում՝ քարեր և մի քանի անգամ Մոլոտովի կոկտեյլներ նետելով նրանց վրա: Շրջվել էր նաև մի քանի մեքենա, որոնք, ըստ ամենայնի, պատկանում են ոստիկանությանը կամ անվտանգության ծառայություններին։

Թբիլիսիում գործող Մարդու իրավունքների կենտրոնը (HRC) նշել է, որ բողոքի ցույցերի ժամանակ «ցուցարարներից մի քանիսի պահվածքը դարձել է ագրեսիվ՝ դուրս գալով օրենքի սահմաններից»։

Այնուամենայնիվ, կենտրոնը մատնանշել է, որ այդ և նախորդ օրը ոստիկանների վրա հարձակումների մի քանի դեպքերը տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանությունը ապօրինաբար խոչընդոտել է ցուցարարների հավաքների և ցույցերի իրավունքը: Ըստ կենտրոնի՝ այս միջոցառումները ներառում էին «առանց անհրաժեշտության» ցուցարարների ցրում և մարտի 7-ին արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների կիրառման մասին ուշ նախազգուշացումներ։

«Ժողովրդավարական պետությունների փորձը ցույց է տալիս, որ ցուցարարները անվերահսկելի են դառնում, երբ իրավապահները խախտում են օրենքը»,- ընդգծել է Մարդու իրավունքների կենտրոնը։

Ուրբաթ խորհրդարանի իր ելույթում Ղարիբաշվիլին կրկնեց ավելի վաղ արած անհիմն պնդումները, որ «բռնի ցույցերի» հետևում կանգնած են «ծայրահեղական, արմատական, անարխիստական ուժեր», որոնք կապված են կառավարությանը քննադատող խմբերի հետ։

Վարչապետի ելույթը համընկել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկի՝ Թբիլիսի կատարած այցի հետ։ Բերբոկը կառավարությանը հորդորել է աշխատել քաղաքացիական հասարակության հետ՝ ԵՄ-ի կողմից սահմանված բարեփոխումների իրականացման համար, որպեսզի վերանայվի ԵՄ-ին Վրաստանի անդամակցության թեկնածությունը:

Խոսափողների նետում և վիրավորանքներ

Նույնիսկ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» նախագիծը հանելուց հետո իշխող կուսակցությունը և նրա դաշնակիցները շարունակում են հարձակվել օրինագիծը քննադատողների վրա՝ ունենալով կառավարամետ Imedi և PosTV հեռուստաալիքների աջակցությունը: Մարտի 22-ին օտարերկրյա գործակալների օրինագծի հեղինակներից մեկը խորհրդարանում խոսափողով հարվածել է «Ռեֆորմ» խմբի պատգամավոր Տարիել Նակաիձեին, իսկ մեծամասնության պատգամավոր Սոզար Սուբարին Նակաիձեին «գործակալ» է անվանել։

Թբիլիսիի պետական համալսարանի հանրակացարաններում ապրող ուսանողները նաև պնդել են, որ օտարերկրյա գործակալների օրինագծի դեմ բողոքի ցույցերից հետո ոստիկանները մտել են իրենց շենք։ Նրանք հաջորդ շաբաթ ցույց են անցկացրել՝ պահանջելով համալսարանի միջամտությունը։

«Վրացական երազանքի» նախագահ և սահմանադրական իրավունքի մասնագետ Իրակլի Կոբախիձեն նույնպես օրինագծի հետկանչումից հետո բախվել է հետևանքների: Մարտի 11-ին նա չեղյալ է հայտարարել դասախոսությունը Թբիլիսիի պետական համալսարանում՝ իր հաջորդ դասախոսությանը ներկայանալով մեծաթիվ ոստիկանների ուղեկցությամբ, սակայն ցուցարարները տապալել են նրա դասախոսությունը։

Մեկնաբանել