Սևանի ափամերձ տունը Արցախի նախագահի՞նն է, թե՞ նախկին պետնախարարի խորհրդականինը

Արայիկ Հարությունյանն ու Արման Հակոբջանյանը՝ Արցախում։ Կոլաժը՝ ՍիվիլՆեթի

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Նախորդ ամիս համացանցում տարածվում էր մի տեսանյութ, որում պնդում էր արվում, թե Սևանի ափամերձ տարածքում կառուցված առանձնատունը պատկանում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Առանձնատան տարածքը շրջապատված է բարձր պարիսպներով, որոնք ծավալվում են ընդհուպ մինչև Սևանի ափ։ Տեսանյութը մայիսի 6-ին ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Հրապարակումն ունի մոտ 400 հազար դիտում և 2,6 հազար տարածում։

Արցախի նախագահ Հարությունյանի կողմից Սևանում առանձնատուն կառուցելու մասին տեղեկություններ տարածվել էին դեռ 2022-ի օգոստոսին, սակայն այն ժամանակ Արցախի նախագահի աշխատակազմը հերքել էր դրանք։

#CivilNetCheck-ը տեղորոշել է տեսանյութում երևացող առանձնատունը և պարզել՝ ով է դրա սեփականատերը։

Առանձնատունը կառուցում է Արցախի նախկին պետնախարարի խորհրդականը

Տեսանյութում երևացող առանձնատունը գտնվում է Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Դրախտիկ գյուղի վարչական տարածքում՝ Մ14 Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոմայրուղուն կից ափամերձ հատվածում։ Պարսպապատ առանձնատան մակարեսը կազմում է մոտ 6,7 հազար քառակուսի մետր։

Սևանի ափին գտվնող առանձնատան սխեման

Առանձնատունը պատկանում է Արցախի նախկին պետնախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Արման Հակոբջանյանին, որը Հայաստանում և Արցախում բազմաթիվ պետական շինարարական մրցույթներում պարբերաբար հաղթող «Կապավոր» ընկերության սեփականատերն է։ Հակոբջանյանը տասնյակ այլ ընկերությունների սեփականատեր է։

Հակոբջանյանը նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մերձավորն է, Արցախի քաղաքաշինության նախկին նախարար Մարատ Հակոբջանյանի որդին։ Նրա քույրը՝ գինեկոլոգ Լիլիթ Հակոբջանյանը, 2020-ի հունիսին նշանակվել էր Արցախի նախագահի՝ առողջապահության հարցերով հասարակական հիմունքներով խորհրդական։

Արման Հակոբջանյանն ու Արայիկ Հարությունյանն Արցախում

Ոչ թե սեփականություն, այլ կառուցապատման իրավունք

Շրջակա միջավայրի նախարարությունից (ՇՄՆ) և կադաստրից ստացված տվյալների համաձայն՝ հողամասերը, որոնց վրա կառուցապատում է եղել, պատկանում են պետությանը և ընդգրկված են «Սևան ազգային պարկ»-ի հատուկ պահպանվող տարածքում:

Արման Հակոբջանյանին են պատկանում Դրախտիկ 1-ին փողոց 88, 88/3-4 և 88/2 հասցեներով հողամասերի կառուցապատման իրավունքները։ Դրանք ձեռք են բերվել 2018-2021 թվականների ընթացքում և գործում են մինչև 2032 թվականը։

2020 թվականի օգոստոսի 26֊ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ֊ն արձանագրել էր, որ Հակոբջանյանը նշված տարածքում շինարարությունն իրականացնում է առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննության, ինչից հետո շինարարությունը հարկադրաբար դադարեցվել էր։ Այս մասին 2020-ին մանրամասն գրել էր «Հետք»-ը։

Նախկին նախագիծը վերաբերում էր միայն 88/3-4 հասցեին։ Ներկայում կառուցապատված տարածքը եռակի մեծ է։

Ներկայում առանձնատան կառուցապատման մակերեսը մեծացել է՝ այն ընդգրկում է նաև 88/1/2 և 75/1 հասցեներով հողամասերը, որոնց մասով Հակոբջանյանը չունի կառուցապատման իրավունք։ Դրանց կառուցապատման իրավունքները պատկանում են ոմն Հակոբ Իշխանի Հակոբյանին և Անդրանիկ Մանվելի Աղաջանյանին։

Ընդ որում, առանձնատունը կառուցված է նաև 88/1/2 հասցեով հողամասի վրա, որի կառուցապատման իրավունքը Հակոբ Հակոբյանին 2020-ի դեկտեմբերին նվիրել է Արման Հակոբջանյանը։

Խախտումները չեն վերացվել, շինարարությունը մասամբ իրականացվում է ՇՄԱԳ փորձաքննություն չանցած հողատարածքներում

Շրջակա միջավայրի նախարարությունից ստացված պատասխանի համաձայն՝ Հակոբջանյանին պատկանող 88, 88/3-4 և 88/2 հասցեներում անհատական հանգստի գոտու կառուցման նպատականով 2021-ի հուլիսի 8-ին տրվել է ՇՄԱԳ փորձաքննության դրական եզրակացություն։ Ուշագրավ է, որ 75/1 և 88/1/2 հասցեներում կատարվող շինարարության վերաբերյալ նախարարությունը տեղյակ չէ և դրանցում ՇՄԱԳ պարտադիր փորձաքննություն չի կատարվել։

Շրջակա միջավայրի նախարարությունը նշված հողամասերի վարձակալության պայմանագրերը և արժեքը տրամադրելու համար հավելյալ ժամանակ է խնդրել։ Ըստ ներկայացված պարզաբանման՝ տեղում կատարվում են ուսումնասիրություններ։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից (ՔՏՀԱՏՄ) #CivilNetCheck-ին հայտնեցին, որ նշված տարածքում կատարվող շինարարության՝ քաղաքաշինության նորմերին համապատասխանության ուսումնասիրություն վերջին անգամ կատարվել է 2020-ի հուլիսի 15-ին, որի արդյունքում հայտնաբերվել են կառավարության 2015թ. 596-Ն և 2005թ. 2404-Ն որոշումներով սահմանված կարգերի խախտումներ։

Կառավարության 2005թ. 2404-Ն որոշմամբ՝ միջպետական նշանակության ճանապարհների հարակից տարածքներում կառուցապատումը պետք է իրականցվի ճանապարհի եզրից առնվազն 18 մետր հեռավորության վրա։ Այնինչ մինչ օրս Հակոբջանյանի կառուցած շինություններից մեկը և ցանկապատը Մ-14 միջպետական ճանապարհից գտնվում են ընդամենը 2-2,5 մետր հեռավորության վրա։

Հարցին, թե արդյոք վերոնշյալ չորս հասցեներում առկա՞ են շինարարական թույլտվություններ, ՔՏՀԱ տեսչական մարմինը պատասխանեց, որ #CivilNetCheck-ի գրության հիման վրա ներկայում իրականացվում է ուսումնասիրություն և արդյունքների մասին կհայտնեն ավելի ուշ։

Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2021թ․ մարտին Կադաստրի կոմիտեն ևս արձանագրել էր անհապատասխանություններ՝ նշելով, որ ափամերձ հողամասի վրա կառուցված շինությունները գտնվում են 1905 մետր նիշից ներքև և ներկայացված չեն այդ շինությունների օրինականությունը իրավահաստատող փաստաթղթեր:

Հակոբջանյանը հերքում է՝ առանձատան հետ Արցախի նախագահը կապ չունի

#CivilNetCheck-ի հետ զրույցում Արման Հակոբջանյանը հայտնեց, որ կեղծ են այն լուրերը, թե առաձնատունը կառուցվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի համար։

«Դա անհատական հանգստի գոտի է, ես եմ կառուցում՝ իմ և իմ ընկերների համար։ Այդտեղ Արայիկ Հարությունյանը կապ չունի»,- հայտնեց Հակոբջանյանը։

Հարցադրմանը, թե ինչո՞ւ է առանձատունը կառուցվում նաև այլ հողամասերի վրա, որոնք փորձաքննություն չեն անցել, Հակոբջանյանը հակադարձեց՝ առանձատունը կառուցվում է բացառապես իրեն պատկանող հողամասերի վրա և պնդեց՝ բոլոր համապատասխան փաստաթղթերն առկա են։

Շրջակա միջավայրի նախարարությունից և ՔՏՀԱ տեսչական մարմնից փորձաքննությունների և ուսումնասիրությունների վերաբերյալ պատասխանները ստանալուց հետո կրկին կանդրադառնանք այս թեմային։

Մեկնաբանել