Մեր բակի խորհրդավոր տունը․ Լեռնային Ղարաբաղից Փարիզ և Նյու Յորք 

Վերջին երեսունհինգ տարում առաջին անգամ անշարժացած Արցախը ծնկները հավաքել է փորի տակ, ընկերքում կծկված սաղմի, մենակ մնացած մարդու նման, դեմքով՝ դեպի պատը, ու ծխելով իր թունավոր գլանակը կամ անհամարժեք եռանդով գրտնակելով իր խոտահացի բարակ խմորը՝ մտածում է՝ որտեղ, երբ, ինչքան սխալվեց, խաբվեց, խաբեց։ Եվ ամեն մեկն ունի հետ գնալու իր թույլատրելի սահմանը։ Գնում-կանգնում է իր հասած տեղին, նախատում իրեն, մյուսին, նախորդին ու հաջորդին․․․ հետո ստիպված հետ է գալիս, որ նայի վերջին արարի՝ գետաձիու ջրացատկ հիշեցնող պատկերին, նայում, ինքն իրեն խոստովանում է վատի, վատագույնի ու, այնուամենայնիվ, հրաշքի հնարավորության երեք տարբերակները, նորից քնում է մոտակա սարից իրեն ուղղված փողի տակ, որ արթնանա առավոտվա վեցին, դարպասի դիմացի քարին ծանրաքայլ գա նստի ու, թունավոր գլանակը ներս քաշելով, կարդա՝ ինչ որոշեց իր համար անթերի ճերմակ վերնաշապիկով հեշտասլաց եվրոպացի պաշտոնյան, ու ինչպես է դեռ հոխորտում խանի տղան։

Կուզեմ ապրես։

Ինչ ուզում եմ՝ լինում է․ ինչքան էլ անհնար լինի․․․

Իսկ այս շարքը Արցախի մարդկանց մասին որոշեցի գրել միայն մի նպատակով․ որ վերհիշվի՝ Արցախը միայն հապավումներով և մականուններով մարդիկ չէին։

Տարօրինակ մեծ թռիչքի հնարավորություն ունեցող մարդիկ են ապրել այնտեղ՝ ադրբեջանական КПП-ից անդին՝ 1800-ականներին կրթվելով ու հասնելով Փարիզ և Նյու Յորք, նամակագրության մեջ խոսելով հիմնականում անանձնական խնդիրներից։ Աշխատելով աշխարհի լավագույն քաղաքներում՝ նամակի մեջ իրար հետ պայմանավորվում էին իրենց ամենահեռու գյուղում ջուր քաշելու, դպրոցը վերանորոգելու, գյուղի խելացի պատանիների կրթությունն ապահովելու մասին։ Ընդամենը սա։

Մեր բակի խորհրդավոր տունը․ Լեռնային Ղարաբաղից Փարիզ և Նյու Յորք․ 1867- 1956

Լուսանկարի դարձերեսին գրված է․ «Կոմիտաս վարդապետը արքեպիսկոպոս Տիրայր Տեր Հովհաննիսյանի հետ»։

Մարդը, որի մասին պատմելու եմ, հորական պապիս՝ Շահեն Հարությունի Հովհաննիսյանի հորեղբոր տղան է՝ Տիրայր Տեր-Հովհաննիսյանը։

Նրան շատերդ գիտեք հայտնի լուսանկարից՝ առանց իմանալու ով լինելը։ Կոմիտաս վարդապետը՝ հենված Տիրայրի ուսին, Տիրայրի ձեռքին՝ խաղողի ողկույզ։ Սա առաջին լուսանկարն էր, որ Տիրայր Տեր-Հովհաննիսյանի արխիվից Գրականության և արվեստի թանգարանի աշխատակցուհին բացեց իր համակարգչի էկրանին․ նկարն ինձ ծանոթ էր համացանցից, բայց բնօրինակն առաջին անգամ էի տեսնում՝ Կոմիտասի վճիտ ու տխուր հայացքի տակ, ապահով, մի տեսակ։

Հաջորդ լուսանկարն ավելի ընտանեկան էր։

Լուսանկարի դարձերեսին արքեպիսկոպոս Տիրայր Տեր-Հովհաննիսյանի ձեռագրով գրված է․ «Ապան, Նախշունը, Ժուչկան»։

Երբ Գրականության և ավեստի թանգարանի համակարգչի էկրանին բացվեց այս մի լուսանկարը, ու իմ հորական պապի խոշոր ու երկար քթով ու մանր աչքերով մարդը թանգարանի համակարգչի էկրանից նայեց ինձ, միաժամանակ և´ տարօրինակ էր, և´ հրաշալի։ Իմ պապը ծնվելու էր լուսանկարից տասնվեց տարի անց։ Լուսանկարում Տիրայրի պապն է։

Տիրայրի աշխարհիկ անունը Տիգրան էր, մերոնց ազգանունը նախաբոլշևիկյան շրջանում՝ Մելիք-Մուշկամբարյան։ Արխիվային նյութերի թղթապանակների վրա նշված է՝ Տիրայր Տեր-Հովհաննիսյան – Տիգրան Մելիք-Մուշկամբարյան։ Տիրայրի հայրը՝ Հովսեփը, գյուղում հայտնի է եղել իր սարքած դռներով՝ արտակարգ փորագրություններով։ Մեր գյուղի տան շքեղ դռներն էլ են նրա ձեռքի գործը, վերին անկյունում՝ Մելիք-Մուշկամբարյան փորագրությամբ։

Իսկ գյուղը Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանում է, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Նոր Շեն կոկիկ գյուղը։

Եվ այսպես, ինչպես պարզ դարձավ կամ պարզ չդարձավ, արքեպիսկոպոս Տիրայր Տեր-Հովհաննիսյանը ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղում։ Երկու եղբայրների տները՝ պատը պատին, նույն բակում, իսկ բակի կենտրոնում՝ մի հին հսկա թթենի։ Այնքան հին, որ թութը պոկելու համար կարիք չկար ոտքերի թաթերի վրա ձգվելու, որովհետև ճյուղերը կախվում-հասնում էին գետնին։

Հետո Տիրայրի տունը դատարկ է մնացել։ Տիրայրը դարձել է արքեպիսկոպոս, և կուսակրոն էր (թեև՝ կնամեծար, բառի բոլոր հնարավոր իմաստներով)։ Կուզեի խախտած լիներ նաև սերունդ ունենալու կարգը, և մի օր մի տեղից մեկը հայտնվեր ու ասեր, որ նրա ծոռն է)։ Տիրայրի մեծ եղբայրը՝ Միքայել վարժապետը, երկար ժամանակ գյուղի ուսուցիչն է եղել, որի մասին գյուղի տարեցները մեծ ակնածանքով էին հիշում։ Միքայելի եղբորորդին ՀՅԴ գործիչ, Արցախի ինքնապաշտպանական կոմիտեի անդամ Արսեն Միքայելյանն էր, որը վերցնում է հոր անունն իբրև ազգանուն։

Իրենց տունը կա։

Այդ տունը բոլշևիկացումից հետո՝ որպես «անցանկալի էլեմենտի» տուն, պետությունը հենց այնպես նվիրել է չունևոր մեկին։

Փոքր տարիքում, ամռան արձակուրդի ամիսներին, այդ տան առաջին հարկում «պեղումներ» էինք անում։ Տան հետին պատն ամբողջովին հողի տակ էր։ Առաջին պատերազմի ժամանակ այդպիսի տները ռմբապաստարան էին ծառայում։ Խորհրդային՝ առաջին հայացքից անվրդով տարիներին «պեղումներ» էինք անում այդ դատարկ տան առաջին հարկում, ու երբեք չէինք տալիս Տիրայրի անունը։ Այլ՝ նոր տիրոջ անունը։

Երկար տարիներ խորհրդային ժամանակներում դպրոցի տնօրեն եղած պապս տասնամյակներ ապրեց շատ որոշակի վախով, որովհետև գյուղում կային մարդիկ, որոնք հիշում և հիշեցնում էին Տիրայրի, դաշնակ Արսենի անունները, ու հորս, փոքր ժամանակ, աչքերը խաղացնելով «դաշնակու թոռնը» կամ «վարդաբեդու ծոռնը» էին ասել, (հայերենի բաղաձայնները ըստ ձայնի ու աղմուկի պարունակության բաժանվում են ձայնեղ և խուլ բաղաձայնների, իսկ Արցախի բարբառը նախապատվությունը տվել է ձայնեղ բաղաձայններին՝ «վարդապետ» բառի խուլ բաղաձայն «պ»-ն փոխելով «բ»-ի, «տ»-ն «դ»-ի), ինչը տակնուվրա էր անում պապիս փուխր գոյաբանական անդորրը։

Բայց վերադառնանք լուսանկարին՝ Ապան, Նախշունը, Ժուչկան։

Ապան, այսպիսով, Արքեպիսկոպոս Տիրայր Տեր-Հովհաննիսյանի պապն է, Նախշունը՝ նկարում մի տասչորս տարեկան աղջիկ՝ իմ պապի հորաքույրը, որը հետո մեծացել ու հարս է գնացել այսօրվա Բերդաշեն գյուղ։

Իսկ Ժուչկան՝ մի լղար, անհայտ շուն է, որ պատմության վավերաթղթերում մնացել է միմիայն հեռավոր Նոր Շենում հայտնված՝ Տիրայրի լուսանկարչական ապարատի շնորհիվ, այն դեպքում, երբ նրանից ավելի նշանավոր արցախյան շներ կորել են անհետ։

Անկեղծ զարմացանք, թե այդ թվերին որտեղից ռուսական անունով շուն։ Դե, հիմա․․․

Լուսանկարն արվել է 1897-ին։ Անհավանական բան մի հեռու ու փոքր գյուղի կյանքում։ Աշխարհի լուսավորյալ քաղաքներից հայտնվել է Տիրայրն իր լուսանկարչական ապարատով, և դատելով լուսանկարում հոր կողքին դրված երկար հովանոցից ու ձեռքի հեռադիտակից, դա էլ է իր հետ բերել, որովհետև հաստատ Նոր Շենում տարիքն առած մարդը հովանոց չէր բռնում ու հեռու դաշտերին այդքան էլեգանտ հեռադիտակով չէր նայում։

Այսպիսով, ով էր Տիրայրը, ինչով էր նշանավորվել նրա կյանքը, ինչ է արել և ինչ է թողել իրենից հետո։

Երբ ընթերցասրահի սեղանին հայտնվեց իմ պատվիրած թղթապանակը, այն բացելու պահին գաղտնազերծմանը նախորդող դող անցավ․ իմ հեռավոր նախնին է, շատ սիրելի մարդ, որի մասին առաջին տեղեկությունն ինձ հայտնել էր հայրս՝ գտնելով նրա արխիվը սկզբում Մատենադարանում, հետո Գրականության և արվեստի թանգարանում։ Այդ օրը՝ իմ ուսանողական տարիներին մեր տանը հայտնվեց Տիրայրի պատճենահանված լուսանկարը ու իր տեղը գտավ մեր տան ամենաերևացող պատին։ Թղթապանակի առաջին թուղթը Տիրայրի՝ Սորբոնի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի դեկանին գրված դիմումն էր, բավականին անընթեռնելի, բայց կփորձեմ ընթեռնելի դարձնել։

Տիրայրը ծնվել է Նոր Շենում՝ 1867-ի ապրիլի 21-ին, թեև մեկ այլ տեղ նշված էր՝ Շուշի։ Անձամբ ես որոշեցի, որ երևի հղիությունը բարդություն է ունեցել, ու քանի որ աչքաբաց մարդիկ էին՝ տարել էին Շուշիում ծննդաբերելու կամ պարզապես սովորական սխալ է։

Սկզբում ավարտել է Գևորգյան ճեմարանը։ Այնուհետ՝ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ազատ ունկնդիր է եղել։

Սորբոնի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը ավարտել է 1910-ին։ Տիրայր Տեր-Հովհաննիսյանը Էջմիածնի միաբանության անդամ էր 1890-ից։ 1917-ին եպիսկոպոս է ձեռնադրվել։

Հյուսիսային Ամերիկայի թեմի առաջնորդ է եղել 1921-1928-ին։ Նստավայրը՝ Նյու Յորք։ Փաստաթղթերը վկայում են, որ կյանքի մյուս հատվածը նվիրել է գիտական աշխատանքներին՝ հեռանալով եկեղեցուց։ Մինչև իր մահվան օրը՝ 1956-ը, ապրել է Նյու Յորքում։

Տիրայր Տեր-Հովհաննիսյանն ուսումնասիրել է Արևմտյան Եվրոպայի գրադարաններում պահվող հայկական միջնադարյան ձեռագրերը, կազմել է Օքսֆորդի համալսարանի Բոդլեյան գրադարանի հայկական ձեռագրերի ցանկը՝ «Ցուցակ հայ ձեռագիրների Օքսֆորդի Բոդլեյան գրատան», «Ցուցակ հայ ձեռագիրների Մանչեստրի Ջ․Ռայլենդս գրատան», որոնք պահվում են Մատենադարանում։

Տիրայր Տեր-Հովհաննիսյանն է հայտնաբերել է Ֆրիկի ստեղծագործությունները և հրատարակության պատրաստել դրանց բնագրերը՝ գիտական ուսումնասիրությունների հավելվածով։ Գիրքը լույս է տեսել Նյու Յորքում 1952-ին՝ «Ֆրիկ․Դիվան» վերնագրով։ Գիրքը սկսվում է ծնողներին՝ Հովսեփին և Վարդուհուն նվիրված ձոնով։

Տիրայր Տեր-Հովհաննիսյանի արխիվում պահպանվել են նրա բազմաթիվ թարգմանություններ անգլերենից և ֆրանսերենից, մասնավորապես՝ Հյուգոյի, Բայրոնի, Ա․ Կոնան Դոյլի ստեղծագործություններից։ Նաև՝ անտիպ աշխատություններ, ինչպիսին «Ուղղումներ Րաֆիի «Խամսայի մելիքություններ» գրքի» գործը։

Առանձին նյութ են նրա նամակագրությունները, հատկապես՝ Արշակ Չոպանյանի հետ։

Կարդացեք հաջորդ նյութում։

Արցախը անկանխատեսելի է։

Մեկնաբանել