1,28 մլրդ դոլար՝ Էլիզաբեթ 2-րդի «Ադամանդե հոբելյանի» համար

Մեծ Բրիտանիան պատրաստվում է տոնել «Ադամանդե հոբելյան»՝ թագուհի Էլիզաբեթ 2-րդի կառավարման 60-ամյակը: Այս օրերին կայացող տոնակատարությունների ընթացքում հուշանվերների և տոնին առնչվող այլ ապրանքների վրա «թագուհու հպատակները» կծախսեն 823 մլն ֆունտ ստեռլինգ (1,28 մլրդ դոլար):

Նման կանխատեսում է արել սպառողներին առցանց ռեժիմով տեղեկատվություն տրամադրող Moneysupermarket ընկերությունը: Այս թիվը գրեթե երկու անգամ գերազանցում է բրիտանացիների՝ արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց արարողության կապակցությամբ արված ծախսերը:

Կիրակի օրը «Ադամանդե հոբելյանի» տոնակատարության շրջանակում Լոնդոնի բնակիչներն ու հյուրերը ականատես կլինեն հազար նավերից բաղկացած թագավորական նավատորմի երթին: Նախատեսվում է ևս երկու մեծ միջոցառում`BBC հեռուստաընկերության կողմից կազմակերպվող համերգ Բուքինհեմյան պալատի դիմաց և Վինձորների թագավորական ընտանիքի հանդիսավոր երթ մայրաքաղաքի փողոցներով:

Հուշանվերներից բացի՝ Միացյալ Թագավորության բնակիչները մեծ գումար կծախսեն նաև ուտելիքի համար: Օրինակ՝ «Տեսկո» սուպերմարկետների ցանցը պատրաստվում է այս օրերին վաճառել 25 մլն շիշ գարեջուր, 1,6 մլն հոթ-դոգ և 2 մլն ելակի զամբյուղ:

Մեկնաբանել