21 փետրվար, 2017 09:33
Ղարաբաղ․ ֆուտուրիստական ակնարկ
2025 թ․ մայիս Բակո Սահակյանն արդեն 18 տարի Լեռնային Ղարաբաղի նախագահն է։ Երկրում քաղաքացիական հասարակություն ու քաղաքական ընդդիմություն չկա։ Եղած պատառիկներն էլ տեղափոխվել են Երևան։ Ցանկացած ընդդիմադիր միտք ու անձ հայտնվում է կառավարամերձ քարոզիչների արկակոծությանը։ Առանց այն էլ մեկ բյուջետային հիմնարկ հիշեցնող Ղարաբաղի տնտեսությունը ավելի անարդյունավետ է դարձել, տնտեսական մրցակցություն չկա, մի քանի շահութաբեր ոլորտներ՝ էներգետիկա, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, սերտաճած են իշխանություններին։ Պետական գնումների ոլորտն ամբողջությամբ տնօրինվում է իշխանության կողմից, միջազգային կառույցների բացակայության պայմաններում շարունակվում է Ղարաբաղի կառավարության ոչ թափանցիկ գործունեությունը, գերատեսչությունները չեն հրապարակում իրենց ծախսերը, Հայաստանից ստացվող վարկերի նկատմամբ չկա վերահսկողություն ո՛չ Հայաստանի կառավարության, ո՛չ էլ Ղարաբաղի որևէ այլ կառույցի կողմից։ Պետական պատվերները, հատկապես՝ շինարարության ասպարեզում, շարունակում են տրվել իշխանամերձ մի քանի ընկերությունների։