65 մլն. դոլար` Հայաստանի ՓՄՁ ընդլայնման նպատակով

Նախատեսված վարկերը կտրամադրվեն «ACBA կրեդիտ ագրիկոլ», «Արդշինինվեստ», «Ամերիա» և «Ինեկո» բանկերին: Նշված բոլոր բանկերն էլ ունեն դրական երաշխավորություն և պարտավորվել են ընդլայնել ՓՄՁ վարկավորումը:

«Հայաստանյան ՓՄՁ-ների խթանման, ինչպես նաև երկրի ֆինանսական հատվածի աջակցման նպատակով վարկերի տրամադրումը ԱԶԲ-ի առաջին և ամենածավալուն նախաձեռնությունն է: Այս ծրագրի շրջանակում հաստատված չորս բանկերին կտրամադրվեն միջնաժամկետ վարկեր, որոնք կենսապես էական են ավելի մեծ թվով ՓՄՁ-ների օգնելու առումով»,- ասել է Հայաստանում ԱԶԲ-ի ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը: Նա նշել է, որ փոքր ձեռնարկությունների թվի աճը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը և կխթանի տնտեսության եկամուտը, ինչպես նաև կնպաստի երկրում տնտեսության ու ձեռնարկատիրության բազմազանության ապահովմանը:

Նշվում է, որ այս վարկային ծրագիրն ունի մի շարք նոր մոտեցումներ, ներառյալ այն պայմանը, որ բիզնես վարկեր պետք է տրամադրվեն նաև մայրաքաղաք Երևանից դուրս, որտեղ աղքատության սանդղակն ավելի բարձր է և ֆինանսավորման հնարավորությունն ավելի սահմանափակ: Ծրագրում ներառված բանկերը համաձայնել են փոքր և միջին ձեռնարկատեր վարկառուների գենդերային հատկանիշների մասին տվյալներ տրամադրել, որը կտա ավելի ստույգ պատկեր երկրում կին ձեռներեցների վերաբերյալ, իսկ հետագայում’ գենդերային հավասարությունը բարելավելու պայմանով:

ԱԶԲ-ն բանկերին կտրամադրի նաև փորձագիտական աջակցություն ՓՄՁ-ներին ավելի ընդլայնված ծառայություններ մատուցելու կապակցությամբ:

Մեկնաբանել