94-ամյա գործարարը կամուսնանա 5-րդ անգամ

1953թ. հիմնադրված Billa կոնցեռնի ղեկավար ավստրիացի միլիարդատեր Կարլ Վլաշեկը պատրաստվում է ամուսնանալ: Ըստ տարածված տեղեկատվության` «անուղղելի ռոմանտիկ» Կարլի և նրա ընտրյալ Ռիքի Շենի հարսանիքը տեղի կունենա մի քանի օրից: Սա մեծահարուստի հինգերորդ ամուսնությունն է:

94-ամյա գործարարը չի ցանկացել հրապարակել իր հարսնացուի տարիքը` պարզաբանելով, որ դա անքաղաքավարի է սիրեցյալի նկատմամբ: Vienne Times հրատարակությանը տված հարցազրույցում նա ասել է, որ երազում է երեխաների մասին: «Ես չորս կին եմ ունեցել և յուրաքանչյուրից մեկական զավակ ունեմ», – ասել է Վլաշեկը` հավելելով, որ երեխայի ծնունդը կարող է ամրացնել իր և Ռիքիի միությունը:

Նշենք, որ Կարլ Վլաշեկը դասվում է աշխարհի ամենատարեց մեծահարուստների ցանկում: Նրա կապիտալը $4,7 մլրդ է: Թոփ տասնյակի մեջ են նաև 101-ամյա Վալտեր Հեֆները ($4,3 մլրդ), 94-ամյա Քըրք Քըրքորյանը ($3,3 մլրդ), 96-ամյա Դևիդ Ռոքֆելերը ($2,5 մլրդ): Նշենք, որ Forbes-ի փորձագետների տվյալներով` գործարար Կարլ Վլաշեկը Ավստրիայի ամենահարուստ մարդկանցից է: Նա եզրափակում է առաջատարների եռյակը` խաղատների արքա Յոհան Գրաֆի և Red Bull-ի հիմնադիր Դիտրիխ Մատեշիցի հետ:

Կարլ Վլաշեկը մինչ օրս գլխավորում է Billa կոնցեռնը, որը զբաղվում է մանրածախ առևտրով: Ներկայումս Billa (Billiger Laden`էժան խանութ) սուպերմարկետների ցանցը գործում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներում:

Մեկնաբանել