ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կարճել է Արման Սարոյանի (նախկինում՝ Գևորգ եպիսկոպոս) հայցով հարուցված քաղաքացիական գործի վարույթը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Արման Սարոյանը պահանջել էր անվավեր ճանաչել Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը և վերականգնել իրեն այդ պաշտոնում։
Փաստաբանի տեղեկացմամբ՝ դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ դատարանը հաստատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ թեմակալ առաջնորդի նշանակումն ու պաշտոնից ազատումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացառիկ իրավասությունն են և Եկեղեցու ներքին կառավարման մաս։
Զոհրաբյանը նշում է, որ դատարանն արձանագրել է, որ այդ հարաբերությունները կարգավորվում են ներեկեղեցական կանոններով՝ կանոնական իրավունքով, իսկ տվյալ վեճը ենթակա չէ քաղաքացիական դատավարության կարգով քննության։
Զոհրաբյանի փոխանցմամբ՝ դատարանը նաև վերացրել է նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցները, որոնցով սահմանափակվել էր Մայր Աթոռի՝ Մասյացոտնի թեմի կառավարման վերաբերյալ որոշումների իրականացումը։
«Հիշեցնեմ, որ այս հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին դատական ակտի ենթադրյալ խոչընդոտման համար են մեղադրյալի կարգավիճակ ստացել Ամենայն Հայոց Կաթողիկոսը և վեց եպիսկոպոս»,- գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Հայաստանի կառավարությունը 2026-2031 թվականների գործունեության ծրագրում ներառել է Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացման և նոր կաթողիկոսի ընտրության նպատակը։ Օգոստոսի 25-ին Ազգային ժողովի հաստատած ծրագրով նախատեսվում է գործող կաթողիկոսի հեռացումը, կաթողիկոսական տեղապահի ընտրությունը, Եկեղեցու նոր կանոնադրության ընդունումը, ապա՝ նոր կաթողիկոսի ընտրությունը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քննադատել է իշխանությունների այս նախաձեռնությունը՝ այն համարելով Եկեղեցու ինքնավարությանը և ներքին կառավարմանը միջամտություն։












