23 փետրվար, 2018 10:52 Փետրվարի 23, 2008․ Քոչարյանը խորհրդակցում է ուժայինների հետ, դիվանագետները միանում են շարժմանը 2008-ի փետրվարի 23-ին դեռ նախագահի պարտականությունները կատարող Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցությունների շարք է սկսում Հայաստանի ուժային կառույցների հետ։ Ազգային անվտանգության ծառայությունում խորհրդակցության ժամանակ խաղաղ, շուրջօրյա հավաքները նա համարում է «իշխանության զավթմանն ուղղված փորձ»՝ հավելելով, որ պատասխան գործողությունները լինելու են «վճռական և կտրուկ»։ Ոստիկանության հետ խորհրդակցության ժամանակ Քոչարյանը խոսում է քաղաքական պայքարում արժանապատիվ պարտության կարևորության մասին, իսկ զինված ուժերի հրամանատարության հետ հանդիպման ժամանակ վերջիններս հայտարարում են, թե անհրաժեշտության դեպքում կձեռնարկեն երկրում սահմանադրական կարգի պահպանմանն ուղղված քայլեր։ 22 փետրվար, 2018 10:43 Փետրվարի 22, 2008. Հրապարակ է գալիս Ջհանգիրյանը, սկսվում է դասադուլ 2008-ի փետրվարի 22-ին ընդդեմ նախագահական կեղծված ընտրությունների Երևանում հայտարարվում է դասադուլ։ Դասադուլի սկզբում ԵՊՀ հարևանությամբ ընդհարում է տեղի ունենում դասադուլավորների ու ոստիկանների միջև, ուժ է կիրառվում ուսանողների նկատմամբ, ոստիկանական բաժիններ են բերման ենթարկվում մի քանի դասադուլավորներ։ Համալսարանների դարպասները փակվում են բողոքող ուսանողների առաջ, ԵՊՀ ղեկավարությունը խիստ ստուգումներ է անցկացնում՝ խիստ պատիժներ խոստանալով այն ուսանողներին, որոնք աջակցում են առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։

Այնուհանդերձ, տարբեր համալսարաններից ուսանողները երթով շարժվում են դեպի Ազատության հրապարակ, որտեղ շուրջօրյա հավաք-նստացույցերը շարունակում էին Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները։ Նույն օրը ավելի ուշ ուսանողների և դասախոսների նախաձեռնությամբ սկսվում է ստորագրահավաք։ Նրանք պահանջում են, որ Սերժ Սարգսյանը չլինի ԵՊՀ խորհրդի նախագահ։
21 փետրվար, 2018 09:54 Փետրվարի 21, 2008. Նստացույց Ազատության հրապարակում 2008-ի փետրվարի 21-ին մի խումբ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, արձագանքելով Լևոն Տեր-Պետրոսյանի սկսած քաղաքական գործընթացին, Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտ կազմակերպեցին նրա «բարոյական թաղումը»։ Վերջիններս իրենց հետ Տեր-Պետրոսյանի տան մոտ էին տարել դուդուկահարներ, սև ցուցապաստառներ, հանդես էին գալիս դամբանական ճառերով ու նախագահական ընտրություններից հետո Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժման մոտալուտ վախճանն ազդարարող ելույթներով։

Բազմաթիվ տեղամասերում վերահաշվարկ անցկացնելու նպատակով Տեր-Պետրոսյանի կողմնակիցները դիմեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որը սակայն ձգձգում էր դիմումներն ընդունելու ու քննարկելու գործընթացը։ Միևնույն ժամանակ, ԿԸՀ-ն քննարկում ու բավարարում էր մյուս՝ շատ ավելի քիչ ձայն հավաքած նախագահի թեկնածուների նմանատիպ դիմումները։
20 փետրվար, 2018 10:31 2008-ի հետընտրական Հայաստանը․ ՍիվիլՆեթը սկսում է հրապարակումների շարք   Փետրվարի 20-ից ՍիվիլՆեթը սկսում է հրապարակումներ, որոնք հիշեցնելու են, թե քաղաքական ինչ իրավիճակ էր Հայաստանում տասը տարի առաջ այս օրերին՝ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո, և ինչ իրադարձություններ նախորդեցին մարտմեկյան ողբերգությանը։

2007-ի աշնանը երկարատև քաղաքական լռությունից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին։ 2007-ի հոկտեմբերի 26-ի հանրահավաքում արդեն Տեր-Պետրոսյանը հայտարարեց փետրվարի 19-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու մասին, և իր ելույթներում կոշտ քննադատության էր ենթարկում իշխանությանը՝ այն համարելով վերից վար կոռումպացված ավազակապետություն։