8 հունվար, 2020 13:04 Իրան-ԱՄՆ դիմակայության հարցում Հայաստանը պետք է կատարյալ չեզոք լինի․ Արմեն Վարդանյան Իրան-ԱՄՆ տասնամյակների դիմակայությունը մտնում է նոր փուլ։ ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը թեմայի շուրջ զրուցել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանի հետ։ Վարդանյանը կարծում է, որ այս դիմակայության հարցում Հայաստանը պետք է կատարյալ չեզոքություն պահի։ 8 հունվար, 2020 12:59 Իրանը հրթիռակոծել է Իրաքում ամերիկյան ուժերի տեղակայման բազաները Իրանը հրթիռակոծել է Իրաքի ռազմաբազաները, որոնցում տեղակայված են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ուժերը: Թեհրանը հայտարարել է, որ հռթիռակոծությունը գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության վրեժն է:

Պենտագոնի գլխավոր ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը հայտարարել է, որ Այն Ասադի և Էրբիլի բազաների ուղղությամբ արձակվել է ավելի քան մեկ տասնյակ հրթիռ:

Այս առիթով Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գրել է Թվիթերում, որ հրթիռակոծությունը «ինքնապաշտպանական համաչափ գործություն է՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված»: Ըստ նրա՝ թիրախում էր այն բազան, որից իրականացվել է Իրանի քաղաքացիների ու բարձրաստիճան պաշտոնյաների դեմ «ճղճիմ զինված հարձակումը»:

8 հունվար, 2020 10:03 Իրանում Ուկրաինական ավիաուղիներին պատկանող Boeing 737 ինքնաթիռ է կործանվել Ուկրաինական ավիաուղիներին պատկանող Boeing 737 ինքնաթիռը կործանվել է մայրաքաղաք Թեհրանից թռիչքից հետո: Ըստ տարբեր աղբյուրների՝ ինքնաթիռում եղել է 169-180 մարդ:

Իրանական Press TV-ն հաղորդում է, հղում անելով Իմամ Խոմեյնի միջազգային օդանավակայանի ներկայացուցչին, որ ինքնաթիռը բռնկվել է ընկնելուց հետո: Ըստ նախնական վարկածի՝ ավիավթարը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով:
6 հունվար, 2020 21:31 Ջոն Բոլթոնը պատրաստ է ցուցմունք տալ Թրամփի իմփիչմենթի գործով ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ պատրաստ է Սենատում ցուցմունք տալ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործով:

«Ես եկել եմ եզրահանգման, որ եթե Սենատը իմ կողմից ցուցմունք տալու ծանուցագիր ուղարկի, ես պատրաստ եմ ցուցմունք տալ»,- հայտարարել է Բոլթոնը:
Լրացվում է...
6 հունվար, 2020 14:38 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակման հարցը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (Դեմոկրատական կուսակցություն) հայտարարել է, որ օրենսդիրներն այս շաբաթ քվեարկության կդնեն մի բանաձև, որով կսահմանափակվեն նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական լիազորությունները Իրանի հարցում: Հայտարարությունը հրապարակված է խոսնակի կայքում: 4 հունվար, 2020 22:27 Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ հրթիռ է ընկել. Reuters Բաղդադի՝ ուժեղացված պաշտպանության տակ գտնվող Կանաչ գոտում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, ընկել է «Կատյուշա» տեսակի հրթիռ:

Reuters գործակալությունը, հղում անելով ոստիկանությանը, հաղորդում է, որ զոհեր չկան:

Հրթիռն ընկել է Կանաչ գոտու տոնակատարությունների հրապարակում՝ ԱՄՆ դեսպանության մոտ: Այս գոտում են տեղակայված կառավարական շենքեր և օտարերկրյա առաքելություններ:

#Սիվիլնեթ #Լուրեր
4 հունվար, 2020 18:21 Վրիժառության կոչեր և զսպվածության հորդորներ. աշխարհն արձագանքում է Սոլեյմանիի սպանությանը 2020թ. հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն արձագանքել են աշխարհի առաջնորդներն ու միջազգային կառույցները՝ զսպվածության ու լարվածության թուլացման կոչեր հնչեցնելով: Ստորև՝ հայտարարություններից մի քանիսը: 3 հունվար, 2020 22:00 Բաղդադի իրադարձությունները կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը. ՀՀ ԱԳՆ «Խորապես մտահոգված ենք վերջին շրջանում Բաղդադում տեղի ունեցած իրադարձություններով, որոնք հանգեցրել են նաև մարդկային զոհերի: Դրանք կարող են առավել վտանգել տարածաշրջանային խաղաղությունը և ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում և դրանից դուրս: Հայաստանը հանդես է գալիս բացառապես խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափման դիրքերից:

Հայաստանը կշարունակի սերտորեն համագործակցել իր բոլոր գործընկերների հետ՝ ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության»,- ասված է հաղորդագրությունում:
3 հունվար, 2020 10:59 Ամերիկյան ավիահարվածների արդյունքում սպանվել է Իրանի գլխավոր ռազմավար Ղասեմ Սոլեյմանին Բաղդադում ամերիկյան ավիահարվածների արդյունքում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի «Քուդս» ստորաբաժանման հրամանատար, իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին, ինչպես նաև Իրաքի Ժողովրդական մոբիլիզացիայի ուժերի փոխհրամանատար Աբու Մահդի Ալ Մուհանդիսը: Տեղեկությունը հաստատել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը:

Ինչպես հաղորդում է CNN-ը, հղում անելով Պենտագոնի հաղորդագրությանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով տեղի է ունեցել «վճռական պաշտպանական գործողություն՝ պաշտպանելու արտերկրում ամերիկյան անձնակազմին»:
2 հունվար, 2020 22:52 Թուրքիայի խորհրդարանն արտոնել է Լիբիայում թուրքական զորքերի տեղակայումը Հունվարի 2-ին Թուրքիայի խորհրդարանը արտահերթ նիստում հավանություն է տվել օրինագծին, որը թույլ է տալիս թուրքական զորքեր ուղարկել Լիբիա. հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Օրինագծի օգտին քվեարկել է 325 պատգամավոր, դեմ՝ 184: Կողմ քվեարկել են իշխող «Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում» կուսակցությունները: Օրինագծին ընդդիմացել են գլխավոր ընդդիմության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության, «Երջանկություն կուսակցության», Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորները:
31 դեկտեմբեր, 2019 12:17 2019-ը՝ 8,5 րոպեում 2019 թվականի հիմնական իրադարձությունները՝ ՍիվիլՆեթի աչքով։
#Ամանոր2020
27 դեկտեմբեր, 2019 18:15 Սու-30-ներով կարող ենք խոցել հակառակորդի ստորգետնյա ու վերգետնյա բոլոր թիրախները. Արծրուն Հովհաննիսյան Հայաստան է ժամանել Ռուսաստանից գնված «ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների խմբաքանակը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն համարում է «տարվա գլխավոր ձեռքբերումը»: Այսպիսով Հայաստանն առաջին անգամ լուրջ քայլ է կատարում կործանիչ ավիացիայի ստեղծման ուղղությամբ, որն ընդունակ է խոցել հակառակորդի ստորգետյա ու վերգետնյա բոլոր թիրախները՝ գրագետ գործածման պարագայում շրջանցելով ՀՕՊ համակարգերը: Թե ինչ մարտավարական ու ռազմավարական խնդիրներ են լուծելու նոր կործանիչները հնարավոր պատերազմի թատերաբեմում՝ ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանին պատմել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: